Հայկական կողմը դիմել է Ռուսաստանին բենզինի և դիզվառելիքի մասով քվոտաների ավելացման խնդրանքով, հայտարարում է Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը՝ ընդգծելով, որ «Երևանը երբևէ չի դիմել Մոսկվային դիզվառելիք կամ բենզին անհատույց մատակարարելու խնդրանքով»:
«Համաձայն 2013թ.-ին կողմերի միջև կնքված գազի, նավթամթերքների, բնական ալմաստների մատակարարման ոլորտում համագործակցության համաձայնագրի՝ յուրաքանչյուր տարվա համար ՌԴ-ն ՀՀ-ի համար հաստատում է նավթամթերքների արտահանման ինդիկատիվ քվոտաներ: Բենզինի և դիզվառելիքի մասով այդ քվոտաները 2023թ. հոկտեմբերի սկզբին սպառվել են, և հայկական կողմը դիմել է քվոտաների ավելացման խնդրանքով, որը մասնակի բավարարվել է, ինչի արդյունքում ՀՀ ներմուծողները հնարավորություն են ստացել ՌԴ-ից գնել և ՀՀ ներմուծել 15 հազար տոննա բենզին և 20 հազար տոննա դիզվառելիք», – հայտնում է Հայաստանի ՏԿԵ նախարարությունը:
Ինչպես հիշեցնում է «Ազատությունը», ավելի վաղ պաշտոնական Մոսկվան հայտարարել էր՝ Երևանի խնդրանքով Հայաստանի Հանրապետությանը տասնյակ հազարավոր տոննաներով դիզվառելիք են մատակարարել:
«Ի պատասխան Հայաստանի ղեկավարության կոչի՝ Ռուսաստանը սկսեց մատակարարել հանրապետությանն անհրաժեշտ նավթամթերքը։ Խոսքը 15 հազար տոննա բենզինի և 20 հազար տոննա դիզվառելիքի մասին է։ Ինչպես հայտնի դարձավ գործընկերների խնդրանքից, Հայաստանում այս ոլորտում բարդ իրավիճակ է։ Երկիրը գրեթե սպառել է ընթացիկ տարվա համար հաստատված պաշարը։ Առջևում աշուն-ձմեռ շրջանն է։ Ռուսաստանի աջակցությունը շատ ժամանակին և օգտակար կլինի», – ասված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրությունում։
Կարդացեք նաև
Ռուսաստանի արտգործնախարարությունը պնդում է, թե Հայաստանի կառավարությունից դիմում են ստացել նաև արցախցիներին հումանիտար օգնություն տրամադրելու վերաբերյալ։ Ռուսաստանի արտակարգ իրավճակների նախարարությունը քննում է այդ դիմումը, և արդեն կազմել է ուղարկվելիք ապրանքների ցանկը, ասված է Մոսկվայի պաշտոնական հայտարարությունում։
Աջակցության մասին այս հայտարարությունները հակասում են Մոսկվայից վերջին օրերին հնչող զգուշացումներին ու սպառնալիքներին։ Մի քանի օր առաջ, երբ Հայաստանի Ազգային ժողովը վավերացրեց Հռոմի ստատուտը, Մոսկվան հայտարարեց, թե կդիմի պատասխան քայլերի։ Կրեմլի խոսնակը հիշեցրել էր՝ Հայաստանի տնտեսությունը կախման մեջ է Ռուսաստանից, հատկապես՝ էներգետիկ ոլորտը։ Երեկ, սակայն, նախագահ Պուտինը հայտարարեց, թե Հայաստանը շարունակում է մնալ Ռուսաստանի դաշնակիցը։