Հիմա յուրաքանչյուր բանական հայ միայն ամենավատն է պատկերացնում, թե ինչ վիճակում են մեր ռազմագերիներն Ադրբեջանի բանտերում, ինչ վերաբերմունքի են նրանք արժանանում։ Կա՞ պաշտպանության ռեալ ձեւ, ինչ-որ միջազգային ատյաններ ու նորմեր, որ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը զերծ պահի դաժան վերաբերմունքից ու այլ սարսափներից, ի՞նչ է արվում նրանց պաշտպանության, իրավունքներն ապահովելու համար։ Այս հարցերի շուրջ խոսել ենք Եվրադատարանում գերիների շահերի ներկայացուցիչ, իրավապաշտպան Արտակ Զեյնալյանի հետ։
– Հայաստանի ներկայացուցիչը Մարդու իրավունքների եվրոպական դատարանում եւ միջազգային դատական ատյաններում ներկայացուցիչը համալրել է Ադրբեջանի դեմ գանգատը՝ հրատապ միջոցներ կիրառելու որոշման վերաբերյալ, եւ պահանջել, որ ապահովեն նրանց իրավունքները։ Կարմիր խաչի միջոցով նաեւ փորձ է արվում նրանց հետ կապ հաստատել։ Այստեղ, ըստ էության, Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի բոլոր հոդվածների խախտումներ կան՝ անձնական ազատության, անձեռնմխելիության, արդար դատաքննության իրավունքի, անմարդկային վերաբերմունքից զերծ լինելու իրավունքի, խտրականությունից զերծ լինելու իրավունքի։ Այդ մարդիկ իրենց կողմից ընտրված փաստաբանի միջոցով պաշտպանվելու իրավունքից են զրկված։ Մի խոսքով, այդ մարդկանց բոլոր իրավունքները խախտված են։ Հայաստանը փորձում է միջազգային պաշտպանության մեխանիզմները գործարկել։
– Բայց իրենք պահանջե՞լ են հայ կամ միջազգային փաստաբաններ, ու իրենց թույլ չե՞ն տվել։ Նախագահների մասին ինչ-որ տեղեկատվություն՝ բացի Ադրբեջանի պետանվտանգության ծառայության հաղորդագրություններից, մենք ունե՞նք այս պահին։
– Նախադեպեր կան այդ ուղղությամբ։ Ես եւ իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանն արել ենք այդպիսի փորձեր։ Անօգուտ զբաղմունք է՝ Ադրբեջանին ներկայացնել փաստաբան։ Ես փորձել եմ գնալ Ադրբեջան եւ պաշտպանել մեր վստահորդներին, գերիներին։ Ադրբեջանը չի ապահովել այդ իրավունքը։ Գերիների, ձերբակալվածների հարազատները կարող են վարձել փաստաբան, որպեսզի այդ մարդիկ գնան եւ Բաքվում պաշտպանեն։ Բայց դա անիրագործելի առաքելություն է Ադրբեջանի դեպքում։
Կարդացեք նաև
– Կարո՞ղ է Ադրբեջանն ասի՝ չեմ կատարում, գնացեք, ինչ ուզում եք, արեք։
– Մենք ունենք մի քանի տասնյակ նման որոշումներ, որոնք Ադրբեջանը չի կատարում, եւ դրա նկատմամբ հսկողությունը Եվրոպական դատարանը վերապահել է Արտաքին գործերի նախարարների կոմիտեին, որպեսզի նրանց հսկողության տակ իրականացնեն։ Դա էլ կախված վիճակում է։ Նախարարների կոմիտեում՝ այդ վճիռների կատարման մասով շատ լուրջ անելիքներ կան, բայց ես չգիտեմ, թե դրա վիճակը ոնց է։
– Ձեր կարծիքով, նախագահներին խոշտանգման կենթարկե՞ն։
– Միայն այն հանգամանքը, որ նրանք գտնվում են ադրբեջանական բանտում, դա արդեն խոշտանգում է։ Միայն այնքանը, որ նրանց վերաբերյալ գործ կա Եվրոպական դատարանում, եւ այդ գործի վերաբերյալ նրանք իրազեկված չեն, դա արդեն անմարդկային վերաբերմունք է՝ անորոշության մեջ պահելը, եթե ուրիշ բան չասեմ՝ հոգեբանական, ֆիզիկական բռնություններ, հարկադրանքի միջոցներ։
Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում