Լրահոս
Օրվա լրահոսը

Արսեն Գասպարյան․ Հայաստանը նորից միակողմանիորեն ճանաչեց Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը․ «Առերեսում»

Հոկտեմբեր 07,2023 09:30

«Այս հայտարարությամբ մենք նորից միակողմանիորեն ճանաչեցինք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ սա մեկ։ Երկրորդը՝ Ալիեւը լուծել է իր գրեթե բոլոր հարցերը եւ չմասնակցեց այդ բանակցություններին, որովհետեւ այդ ֆորմատը երեւի թե սպառված է իր համար այս փուլում։ Եվ նա նաեւ խուսափեց պատասխանատվություն ստանձնի այն ամենի համար, ինչ տեղի ունեցավ Արցախում, այսինքն՝ էթնիկ զտումների եւ բռնի տեղահանման համար»,– այսպես արձագանքեց քաղաքական գիտությունների դոկտոր, «Ex Oriente» Հայաստանի արևելագետների միության նախագահ Արսեն Գասպարյանը։ «Առավոտի» «Առերեսում» հաղորդաշարի ընթացքում նրան խնդրել էինք մեկնաբանել Գրանադայում ընդունված հայտարարությանը, թե «Նրանք հավատարիմ են մնում Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված բոլոր ջանքերին՝ հիմնված Հայաստանի (29 հազար 800 քկմ) և Ադրբեջանի (86 հազար 600 քկմ) ինքնիշխանության, սահմանների անձեռնմխելիության և տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման վրա»։

Անդրադարձանք նաեւ ՌԴ–ի եւ ԵՄ–ի հեռակա բանավեճին, թե ով է դավաճանել հայ ժողովրդին։ «Բոլորի համար ակներև է, որ Ռուսաստանը դավաճանել է հայ ժողովրդին․․․ Ադրբեջանը ռազմական գործողություն իրականացրեց, և խաղաղապահների կողմից նույնիսկ չնչին արձագանք չեղավ»,- ասել էր Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելը Euronews-ի հարցազրույցում: «Ում կովը բառաչի՝ քոնը թող լռի»,– հակադարձել էր նրան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Իսկ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ավելի վաղ էր հայտարարել, թե Ղարաբաղում վերջին իրադարձությունները ցույց տվեցին, որ ԵՄ-ն դավաճանեց Հայաստանին, իսկ եվրոպացի դիտորդները դավաճանեցին հայերին։ Ըստ Զախարովայի՝ նրանք խոստումներ տվեցին, ապա պաշտոնական Երևանին հերթական ծուղակը գցեցին․ «Բրյուսելը լուռ հետևել է՝ ինչպես են ռուս խաղաղապահները օգնում Լեռնային Ղարաբաղից Հայաստան տեղափոխվող բնակչությանը»:

Հայաստանում այս պնդումներին շատերն արձագանքեցին «Երկուսդ էլ ճիշտ եք» արտահայտությամբ։

Մինչդեռ Արսեն Գասպարյանն ասաց․ «Ընդհանրապես՝ քաղաքականության մեջ դավաճանել բառն օգտագործելը ծիծաղելի է։ Պետությունների շահերը փոխվում են։ Դավաճանում են ամուսիններն իրար, պետությունների դավաճանությունը ո՞րն է։ Ի՞նչ խոսք են ձեզ տվել, որ դավաճանեն»։

Լեռնային Ղարաբաղ ՄԱԿ-ի մշտադիտարկման առաքելության եզրակացություններից են, թե «Քաղաքի այն հատվածներում, որտեղ թիմն այցելել է, քաղաքացիական հասարակական ենթակառուցվածքներին, ներառյալ՝ հիվանդանոցներին, դպրոցներին և բնակարաններին, ինչպես նաև մշակութային և կրոնական կառույցներին վնաս հասցված չէ», «Թե՛ հարցված տեղի բնակչության, թե՛ մյուսների կողմից առաքելությունը որևէ տեղեկություն չի ստացել՝ վերջին հրադադարից հետո խաղաղ բնակիչների նկատմամբ բռնությունների [կիրառման] մասին», «Առաքելությունը չի նկատել ավերված գյուղատնտեսական ենթակառուցվածքներ, կամ ճանապարհին սատկած կենդանիներ»:

Նման եզրակացության պայմաններում հնարավո՞ր է Ադրբեջանի ղեկավարությանը պատասխանատվության կանչել, որի նպատակով ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը վավերացրեց Միջազգային քրեական դատարանի կանոնադրությունը՝ Հռոմի ստատուտը։ Այս հարցին ի պատասխան՝ Արսեն Գասպարյանը, որը հիշեցնենք՝ 2018-2019–ին ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդականն էր՝ ասաց․ «ՄԱԿ–ի զեկույցը նույնիսկ եթե տարբեր լիներ՝ այս իշխանությունները չեն կարող Ադրբեջանի ղեկավարին պատասխանատվության կանչել»։ Ճշտմանը՝ չեն կարո՞ղ, թե չեն ցանկանա՝ հաշվի առնելով, որ Իլհամ Ալիեւի հետ պատրաստվում են խաղաղության պայմանագիր կնքել՝ նա ասաց․ «Այո, դա էլ հարցի ուրիշ կողմն է։ Բայց եթե ուզենան էլ՝ չեն կարող։ Նախ պետք է հասկանալ, թե որ պետությունները չեն ստորագրել կամ չեն վավերացրել այդ ստատուտը եւ ինչու՝ Ադրբեջանը, Թուրքիան էլ մաս չէ, ԱՄՆ–ն, Իսրայելը, Իրանը, Ռուսաստանը՝ պարզ է․․․»։ Ամփոփեց․ «Այդ ստատուտի վավերացումը բացարձակապես ոչինչ չի տալու Հայաստանին, բացի խնդիրներից»։

Հաղորդման մյուս հյուրի՝ «Արարատյան ալյանս» ինստիտուտի համակարգող, արտակարգ և լիազոր դեսպան Ավետ Ադոնցի հնչեցրած տեսակետներից հատվածներ կներկայացնենք քիչ անց։

Զրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում

Աննա ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031