Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Հանուն կամ ընդդեմ պետականության

Հոկտեմբեր 07,2023 12:30

Մեր ազգն այժմ կանգնած է համընդհանուր եւ խորը ճգնաժամի առջեւ: Որոնելով պատճառները, փորձենք նայել իրողություններին չեզոք ու անկողմնակալ աչքերով, որպեսզի հասկանանք եւ գնահատենք դրսի ուժերի դրական կամ բացասական դերակատարությունը, գիտակցենք մեր թերություններն ու բացթողումները, հանցավոր անգործությունը:

Նախ պիտի արձանագրել, որ Հայաստանը վերջին պատերազմում մնաց մենակ եւ չկարողացավ իրեն դաշնակից գտնել ներքին քաղաքական եւ դիվանագիտական սնանկության ու հասարակության երկփեղկվածության պատճառով: Ալիեւը, միայն իրեն ու իր ցեղին հատուկ ցինիզմով եւ ցուցամոլ բռնապետի կաղ հոգեբանությամբ, հասավ իր սպասած արդյունքին: Իհարկե, մոտակա հեռանկարում դեռ հայտնի չեն, թե կոնկրետ որտեղ, երբ եւ որ խաչմերուկներում կհատվեն Հայաստանի, ադրբեջանցիների ու տարածաշրջանում շահեր ունեցող / հետապնդող այլ խաղացողների ճանապարհները, բայց հարկ է նշել, որ դեռ շատ վաղ է գնահատական տալ ադրբեջանցիների տարած հաղթանակի տեւողության եւ նրա կողմից պատմական Արցախի նվաճման մասին, քանի դեռ մեր տարածաշրջանում կան ու մնում են աշխարհաքաղաքական չլուծված տեսանելի խնդիրներ, տակավին այսօր էլ շարունակվում են գերտերությունների շահերի բախման խմորումները: Ինչ վերաբերում է Թուրքիայի եւ Ադրբեջանի միավորված սիրախաղերին, ապա հարկ է ասել, որ թվացյալ այդ միությունը շատ փխրուն է եւ աշխարհաքաղաքական ներկայիս բարդ պայմաններում հեռանկարային պլանում գոյություն ունենալ չի կարող: Միայնակ եւ թույլ Հայաստանի դեմ տարած նրանց միավորված հաղթանակը էյֆորիայի շատ փոքր եւ ժամանակավոր չափաքանակ ունի եւ հետագա հուժկու դիմակայություններին ու փորձություններին այն չի դիմանա եւ որեւէ էական դերակատարություն չի ունենա:

Այլ կարեւոր հարց է, թե ինչու էինք մենք թույլ, ինչու ձախողվեցինք ներսից եւ դրսից, ինչպես եւ ինչու կանգնեցինք լքվածի ու պարտվածի ամենաստորին պատվանդանին, ինչու մեզ հետ, մեր կարծիքով, անարդար վարվեցին մեր դաշնակիցները: Այս հարցերին պետք է տալ սպառիչ ու վերջնական պատասխան:

Փաստն այն է, որ երկար տարիներ, ավելի քան 25 տարի, մենք գրեթե ոչինչ չարեցինք հասարակության առողջացման, պետականության, իրավագիտակցության ամրապնդման, տնտեսության զարգացման եւ Հայոց պետականության շուրջ աշխարհասփյուռ հայերի ամուր համախմբում ապահովելու համար: Այս խնդիրները պետք է լինեին մեր պետության ու հասարակության առջեւ ծառացած առաջնահերթ խնդիրները, սակայն, ինչ- ինչ պատճառներով, քաղաքական օրակարգ էին բերվում առաջինի ածանցյալը հանդիսացող այլ խնդիրներ: Այսինքն, անհասկանալի ձեւով ածանցյալը դառնում էր ֆունկցիա, երբ իրական ֆունկցիան անտեսվում էր: Դրա համար էլ առաջանում էին խաբուսիկ էֆեկտներ, դատարկ ու սին սպասելիքներ, որն էլ, բնական է, որ պետք է հանգեցներ պարտության: Հետեւանքը եղավ այն, ինչ որ պիտի լիներ, մեր դեմ գործեց մեր ստեղծած խաբուսիկ էֆեկտը, մեզ չկարեւորեցին, չկարողացան նկատել թե ներսինները եւ թե դրսինները:

Ներսինները պառակտեցին մեզ, հիվանդագին տրվելով ամեն գնով իշխանությունը պահելու իրենց մոլուցքին, իսկ դրսինները, տեսնելով, որ մենք թույլ ու բզկտված ենք, դաշնակից դարձան ուրիշին, որն ավելի հասկանալի եւ ընկալելի էր իրենց համար:

Հասարակության զարգացման լոկոմոտիվի դերը թողած վայրի կապիտալի, բազարա-շուկայական հարաբերություններում մոնոպոլիստների չունեցած պետականության զգացողության հույսին, հիմա էլ իներցիայով շարունակվում է հասարակությունը կազմաքանդելու եւ քաղաքացուն իր պետությունից օտարելու անգիտակից ու հանցավոր քաղաքականությունը: Երկրում մարդը արժեք չունի, իրավապահ եւ արդարադատական համակարգերն անդամալույծ վիճակում են, երկրորդ եւ երրորդ պլան են մղված քաղաքացու խնդիրներն ու հարցերը, դատարանները, քաղաքացիական եւ քրեական գործերը քննվում են տարիներով, հաճախ տառասխալների պատճառով հայցերը վարույթ չեն ընդունվում: Համակարգերում մոլեգնում է անտերության զգացողությունը, վերից վար անտերություն, ամրագրված օրենքով: Օրենքի հեղինակներն էլ էլի իրենք են, բազարա -շուկայական հարաբերությունների տերերն ու դրա տակ տաքուկ ծվարած կառավարիչները: Մարդը դեր չունի:

Սա է այսօրվա իրականությունը: Քաղաքացին շատ դեպքերում չգիտի եւ չի գիտակցում, որ պետությունը պարտավոր է իրեն պաշտպանել եւ ապահովել կենսական պայմաններով: Այդպիսի պետության հետ այդ քաղաքացին չի կարող մեկ լինել, այդ պետությունը չի կարող հաղթանակներ ունենալ: Սա պետք է իրենց գիտակցության մեջ ամրագրեն առաջին հերթին իշխանության ներկայացուցիչները եւ գործեն հանուն հասարակության զարգացման եւ պետության ամրապնդման: Եթե ոչ, ապա հետո ծանր հետեւանքների համար արդարացումներն անպտուղ երեւույթներ են:

Խաչատուր ՄԱՐՈԶՅԱՆ

իրավապաշտպան

«Առավոտ» օրաթերթ
06.10.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. seyran says:

    Ես երեք տարի է չեմ հասկանում՝ինչու՞ենք մենք պարտված համարում երբ պատերազմի առաջին օրը «գերագույն գլխավոր հրսմանատարը »»հայտարարել էր որ դա մեր պատերազմը չէ ւ մենք Արցախ զորք չենք ուղարկելու- – -՝ոչ մեր պատերազմում մենք՞ ենք պարտվել

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031