Լրահոս
Օրվա լրահոսը

«Կարեն Դեմիրճյանի թիմն» իրեն հայտարարում է Նիկոլ Փաշինյանին եւ նրա թիմին այլընտրանք

Հոկտեմբեր 07,2023 18:25

Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցության (ՀԱՍԿ) նախագահ Մովսես Շահվերդյանը դեռ անուններ չի հրապարակում, թե ովքե՞ր են ներկայացնելու «Կարեն Դեմիրճյանի թիմը»

– Արցախը փաստացի կորցրել ենք, իրավաբանները պնդում են, որ իրավաբանորեն չենք կորցրել, Արցախը ետ բերելու տարբերակներ կան. ի՞նչ կատարվեց եւ ինչո՞ւ:

– Եթե կոնկրետ գնահատենք այն, ինչ կատարվեց մեզ հետ, հատկապես վերջին օրերին, որը երեւի թե նախորդ շրջանում կատարված դեպքերի տրամաբանական շարունակությունն էր, մեր ժողովրդի հանդեպ կատարվեց հրեշավոր եւ դաժան ոճիր, որի բոլոր մասնակիցները եւ մեղսակիցները, ես համոզված եմ, համարժեք պատիժը ստանալու են: Ոչ ոք չկարծի, որ ամեն ինչ այսպես հեշտ ու հանգիստ անցնելու է:

– ՌԴ, եվրոպական երկրներ, ԱՄՆ, Թուրքիա, Ադրբեջան, Հայաստան…ովքե՞ր են մեղավորները:

– Շատ ճիշտ ու կարեւոր հարցադրում է: Այո, մենք հիմա պետք է վերլուծություն կատարենք, թե ովքե՞ր են այս ամեն ինչի մասնակիցները եւ ի՞նչ իրավիճակում ենք դրա արդյունքում հայտնվել մենք: Մենք, ինչպես միշտ, երբ հայտնվում ենք աշխարհաքաղաքական խոշոր փոփոխությունների հորձանուտում, տանուլ ենք տալիս, հարվածներ ենք ստանում: Այդ մասին շատ դիպուկ արտահայտվել է Ավետիք Իսահակյանն՝ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ եւ դրանից հետո տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ ասելով՝ մենք պատմական շրջադարձերին միշտ անպատրաստ ժողովուրդ ենք եւ միշտ հայտնվում ենք քանդվող պատերի տակ: Այս անգամ էլ կարծես թե, դարձյալ մեր այդ տխուր վիճակը կրկնվում է: Նաեւ այստեղ բացահայտ երեւում է մեր քաղաքագիտական մտքի եւ դիվանագիտական ունակությունների տկարությունը: Մենք հերոսական կռվող ժողովուրդ ենք, լավ հատկանիշներ ունենք մարտի դաշտում, բայց շատ վատ դրսեւորումներ ենք ունենում քաղաքական եւ դիվանագիտական դաշտերում, դրա համար էլ անգամ հաղթանակների պտուղներից մենք չենք կարողանում օգտվել՝ ինչպես հարկն է:

Վերջին 35 տարում աշխարհում տեղի են ունենում լուրջ փոփոխություններ: Սովորոբար, նման փոփոխություններ տեղի են ունենում, երբ համաշխարհային պատերազմ է ընթանում. այս անգամ, առանց համաշխարհային պատերազմի  այդ փոփոխությունները սկսվեցին, որոնց նպատակը նույնն է՝ վերաբաժանել աշխարհը եւ ազդեցության գոտիները, գերիշխող դիրք գրավել համաշխարհային գործընթացներում: Արեւմուտքի ու ԽՍՀՄ-ի ու նրա դաշնակիցների միջեւ սառը պատերազմն ավարտվեց Արեւմուտքի հաղթանակով, որի արդյունքում եւ սոցիալիստական ճամբարը փլուզվեց եւ ԽՍՀՄ-ը: Հայ ժողովրդին էլ աշխարհի հզորները պարզապես օգտագործեցին՝ իրենց նպատակների իրականացման համար: Օգտագործվեց մեզ համար շատ սրտամոտ թեմա՝ արցախյան խնդիրը: Հայկական պատմական Արցախ աշխարհն անարդարացի ձեւով հայտնվել էր Ադրբեջանի կազմում՝ շատ անմիտ, անհեթեթ հիմնավորմամբ. Քաղբյուրոն, որը իրավական կարգավիճակ չուներ, 5 հոգանոց մի կուսակցական խումբ, որոշել էր: Ընդ որում, երկու օրվա ընթացքում երկու տարբեր որոշում էր ընդունել՝ 1922 թվականի հունիսի 4-ին տեղի ունեցած նիստում որոշվել էր, որ Արցախը մնալու է Հայաստանի կազմում, հաջորդ օրը նորից նիստ էին արել եւ որոշել էին, որ լինելու է Ադրբեջանի կազմում. երկու անգամն էլ ձայների՝ 3-ը 2-ի հարաբերակցությամբ է որոշվել: Հաջորդ օրն Արցախի ներկայացուցիչը՝ Ստալինի դրդմամբ, որը ղեկավարում էր տվյալ նիստը, փոխում է իր դիրքորոշումը: Ստալինն այդ օրերին Հյուսիսային Կովկասում հանգստանում էր եւ ինչ-որ քարանձավում հավաքվել՝ նիստ էին արել, որը իբրեւ իրավական հիմք ընդունելն անգամ ծիծաղելի է:

– Հիմա համանման մի դրդմամբ էլ, Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը Արցախը լուծարելու հրամանագիր ստորագրեց:

– Ես մարդկայնորեն պատկերացնում եմ, թե Շահրամանյանն ի՞նչ վիճակում է այդ հրամանագիրը ստորագրել, բայց դա էլ ծիծաղելի է. Արցախի Հանրապետությունը որեւէ նախագահի հրամանագրով չէր ստեղծվել եւ չէր կարող որեւէ նման հրամանագրով լուծարվել: Արցախի բարձրագույն մարմինը պետք է որոշի՝ ժողովրդի կամքով: Սահմանադրության մեջ նման կետ, բնական է՝ կա եւ Արցախի ներկա ղեկավարի այդ քայլը դրան չի համապատասխանում: Դա պարտադրված քայլ է, իսկ միջազգային օրենքներով նման հրամաններն իրավական ուժ չեն ունենում:

– Բայց այսօր մենք ունենք փաստացի դատարկված Արցախ, որտեղ Ադրբեջանն իշխանություն է սկսում հաստատել:

– Հայկական կողմը երբեք իրավաչափ չի համարել Արցախի՝ Ադրբեջանի կազմում գտնվելը: ԽՍՀՄ գրեթե բոլոր ղեկավարներն այդ հարցը բարձրացրել են Մոսկվայում, այն միշտ քննարկվել է: Երբ 1988-ին սկսվեց արցախյան շարժումը եւ հայ ժողովուրդն արդարացիորեն հույս ուներ, որ այդ փոփոխությունների ժամանակ հնարավոր է Արցախի խնդիրն արդարացի լուծում ստանա: Մենք ելնում էինք շատ ազնիվ մղումներից՝ վերականգնել պատմական արդարությունը: Ստեղծվեց «Ղարաբաղ» կոմիտեն, որը ղեկավարում էին Վազգեն Մանուկյանը, Լեւոն Տեր- Պետրոսյանը. եւ ես ցանկանում եմ հիշեցնել վերջինիս խոսքերն իր անկեղծության պահերին. առնվազն երկու արտահայտություն, որոնցից մեկն այն մասին էր, որ ԽՍՀՄ-ը քանդվեց արցախյան շարժման արդյունքում եւ երկրորդը, որ «Բեռլինի պատը փլուզվեց Ղարաբաղում»: Սրանք հիշեցնում եմ այն պատճառով, որ այն ժամանակ էլ խոշոր տերությունները, որոնց անունները դուք տվեցիք, մեզ օգտագործել են իբրեւ գործիք՝ իրենց գլոբալ նպատակների համար: Հիմա էլ է նույն մոտեցումը ցուցաբերվում եւ այդ խոշոր տերություններից ոչ մեկի անկեղծ նպատակը հայ ժողովրդին օգնելը չէ. նրանցից յուրաքանչյուրն իր շահերն է հետապնդում եւ մեզ նման փոքր երկրներին ու ժողովուրդներին օգտագործում են՝ իրենց նպատակներին հասնելու համար: Մենք ականջահաճո խոսքեր սիրող ժողովուրդ ենք եւ այս դեպքում էլ դյուրահավատ գտնվեցինք, մինչդեռ իրականության մեջ բոլորովին այլ գործընթացներ են տեղի ունենում:

– Այդ դեպքում ինչո՞ւ ենք Նիկոլ Փաշինյանին ու իր թիմին մեղադրում վատ արտաքին քաղաքականություն  վարելու կամ դավաճանության մեջ:

– Հարցը ոչ թե վատ արտաքին քաղաքականություն վարելն է կամ դավաճանությունը, չնայած, այդ երկուսն էլ առկա են, այլ այն, որ Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը ունակություն եւ հնարավորություն չունեն պետություն ղեկավարելու: Ես զարմանում եմ. ո՞նց կարելի էր Նիկոլ Փաշինյանին եւ նրա շառլատաններին ու ժուլիկներին հայ ժողովրդի ճակատագիր վստահել: Այդ մարդիկ իրենց անհատական ունակություններով ի վիճակի չեն ոչ միայն 29,8 հազար քառակուսի կիլոմետր ղեկավարել, նրանց անգամ 29 կիլոմետր չի կարելի հինգ օր վստահել: Իրենք իրենց այնպիսի արտահայտություններ են թույլ տալիս… երեւի պատճառն այն է, որ մեր ՔՕ-ում չկա պատիժ սահմանող հոդված, որ որեւէ անհատ չկարողանա իրեն թույլ տալ արտահայտվել, թե որքա՞ն պետք է լինի ՀՀ-ն կամ հայերի հայրենիքը: Դուք ո՞վ եք: Դո՞ւք պետք է որոշեք, թե Հայաստանի Հանրապետությունը կամ Հայաստանը  որքան պետք է լինի: Դա հայ ժողովրդի որոշելիք հարցն է: Դուք ձեր նախընտրական քարոզարշավի ժամանակ երբեւէ հնչեցրե՞լ եք, որ Հայաստանն այսինչ չափերով եք ճանաչելու: Հիմա, իշխանությունը վերցրել եք եւ, փաստորեն, իշխանազանցություն եք կատարում. Պրագայում կամ Բրյուսելում գնում նման հայտարարություններ ես անում, ինչի՞ հիմա վրա, ժողովուրդը քեզ լիազորե՞լ է:

Արդյո՞ք իրավական է Նիկոլ Փաշինյանի եւ նրա թիմի մոտեցումը՝ Հայաստանի եւ Արցախի խնդիրներին: Իհարկե՝ ոչ: Ու դրա բավական փաստական եւ իրավական հիմնավորումը մենք տեսանք Երեւանի ավագանու ընտրությունների ժամանակ: Դա այն իրավական եւ փաստական հիմքն է, որի վրա կարելի է ստուգել Նիկոլ Փաշինյանի լեգիտիմությունը: Ժողովուրդը, փաստորեն, այդպիսով իր գնահատականը տվեց Նիկոլ Փաշինյանի՝ Պրագայում եւ Բրյուսելում կատարած հայտարարություններին, ըստ որոնց՝ ինքն Արցախը ճանաչում է Ադրբեջանի մաս: Եթե զուտ թվաբանական հաշվարկ կատարենք, այդ ընտրություններում Նիկոլը ընտրողների առավելագույնը 9 տոկոսի ձայնը ստացավ: Ընտրողների բացարձակ մեծամասնությունը մերժեց Նիկոլի մոտեցումը:

– Մերժեց, բայց երբ Արցախի փաստացի հանձնումը սկսվեց, քիչ զանգված ըմբոստացավ եւ փողոց դուրս եկավ:

– Փողոց դուրս գալը ժողովրդի ընդհանուր վերաբերմունքի հետ ուղակի կապ չունի: Այստեղ արդեն ոչ թե իշխանության, այլ ընդդիմության վարքից է կախված, թե ժողովուրդը ինչպե՞ս է ընդվզում, ի՞նչ քանակով է փողոց դուրս գալիս: Նրանք, ովքեր իրենց հռչակել են այս պահի ընդդիմություն, նրանք էլ իրենց կողմից քաղաքական տկարամտություն դրսեւորեցին: Նրանք շատ լավ պետք է իմանային, թե ի՞նչ վիճակում ենք հայտնվել Նիկոլի իշխանության գալուց հետո, եւ ի՞նչ վերաբերմունք կա ժողովրդի մոտ՝ իրենց նկատմամբ: Իրենք չպիտի մտնեին դրսի սցենարով կազմակերպված խաղերի մեջ՝ լավ իմանալով, որ երբեւէ, որեւէ ընտրության ժամանակ, ժողովրդի մեծամասնության քվեն չեն ստանա: Ժողովրդի մեծամասնության մեջ կա ընդգծված բացասական վերաբերմունք, այսպես կոչված, նախկին՝ Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի իշխանությունների նկատմամբ: Նիկոլ Փաշինյանի իշխանության համար նրանք շատ հարմար թիրախ են՝ անընդհատ հարվածելու եւ հաղթելու:

– Հիմա նաեւ ՌԴ-ն գումարվեց նախկիններին: Հիմա էլ ՌԴ-ն է մեղավոր Արցախը հանձնելու մեջ:

– Կան մարդիկ, ովքեր սեփական մեղքը երբեք չեն ընդունում, իրենց ձախողումներն էլ այլ տեղ են փնտրում: Դա հասկանալի է, բայց ՌԴ-ն ինչո՞վ է մեղավոր: ՌԴ-ն պետություն է, որն ունի սեփական շահերը:

– Ռուս խաղաղապահներն էին Արցախում, նաեւ ՌԴ-ն դաշնակից պետություն է:

– Իմ լավ բարեկամ Մեխակ Գաբրիելյանը վերջերս մի հարցազրույցում այսպիսի միտք էր արտահայտել, թե Աստված մեզ հաղթանակ պարգեւեց արցախյան առաջին պատերազմում, որի մասնակիցներից, ի դեպ, ես էլ եմ եղել, որպես գնդի հրամանատարի տեղակալ, բայց ռուսները խլեցին մեր հաղթանակը: Որպես տեղյակ մարդ եմ պնդում՝ այդ միտքը պետք է հակառակը ձեւակերպել. հիշեք ՌԴ պաշտպանության նախարար Գրաչովի հարաբերությունները Վազգեն Սարգսյանի հետ: Շատերը լավ գիտեն, թե ի՞նչ քանակությամբ զենք է տվել Գրաչովը հայկական կողմին: Հիշենք Զինեւիչին, Նորատ Տեր-Գրիգորյանցին, ով եկավ ՊՆ եւ ռուսական բանակից 500 հայ սպա տեղափոխվեց մեզ մոտ եւ այլն: Պարզապես, այն ժամանակ Էլչիբեյն Ադրբեջանում անում էր նույն հիմարությունները, ինչ որ այսօր մեր իշխանություններն են անում հայ ժողովրդի գլխին: Իսկ ռուսները շատ արագ կողմնորոշվում են այդ հարցերում. ով իրենց դեմ է՝ նրան էլ պատժում են: Էլչիբեյը դուրս եկավ ՌԴ-ի դեմ՝ պատժվեց, հիմա՝ Նիկոլն է ՌԴ-ի դեմ, մենք ենք, ցավոք, պատժվում՝ Փաշինյանի խմբակի քաղաքականության արդյունքում: Այսինքն, ռուսները ընդամենը մեզ չեն պաշտպանել. նրանք ոչ թե մեր դեմ կռվել են, այլ ընդամենն, այսպես ասած, ձեռք են քաշել մեզնից:

– Այսինքն, այս գործընթացը հնարավոր է հե՞տ շրջել, եթե Նիկոլ Փաշինյանը հեռանա:

– Այո, քանի կա Նիկոլ Փաշինյանն իշխանության գլխին, մենք միշտ հարվածներ ենք ստանալու, ընկնելու ենք ավելի վատ վիճակի մեջ: Ընդ որում, հարվածները ոչ թե ՌԴ-ն է հասցնում, այլ ՌԴ-ի դիրքորոշումը շատ լավ ընկալելով՝ թուրքերն են հասցնում, Ադրբեջանն է հասցնում՝ լավ հասկանալով, թե ի՞նչ է կատարվում մեր եւ ՌԴ-ի միջեւ: Արեւմուտքը մեզ լուրջ, համաշխարհային խաղի մեջ քաշեց, որ Նիկոլի եւ իր թիմի խելքի, ունակությունների բանը չէր եւ թե ի՞նչ պայմանավորվածություններ ունեին նրանք, ի՞նչ գին արժեր Արցախը, ինչո՞ւ այսպես եղավ, կարծում եմ, մոտ ժամանակներս կբացահայտվի: Բայց հիմնական նպատակը հայերին ու ռուսներին գժտեցնելն էր: Եվ մի կարծեք, թե ռուսների քաղաքական կամ դիվանագիտական միտքը փայլուն վիճակում է: 19-րդ դարի ռուս-թուրքական պատերազմներին Մարքսը շատ ուշադիր հետեւել է եւ բավական հետաքրքիր հոդվածներ ունի. ասում է, որ ռուսական դիվանագիտությունն ամբողջ 19-րդ դարում մեկ կարգին դիվանագետ է տվել, դա Գորչակովն է, որը 78 թվականի Բեռլինի կոնգրեսում փրկեց ՌԴ-ին վերջնական տապալումից: Եթե մեկ դարի ընթացքում մեկ դիվանագետ են տալիս, դա այդ պետության դիվանագիտական մտքի օգտին չի խոսում:

– Ինչեւէ, թուրքական պետությունները շարունակում են հզորանալ եւ տարածաշրջանում նրանց դերը գերիշխող է դառնում, Հայաստանը՝ հակառակը, իսկ ընդդիմությանն էլ չի հաջողվում Նիկոլ Փաշինյանին հեռացնել իշխանությունից: Հետեւաբա՞ր…

– Երբ ստեղծվեց Հայաստանի երրորդ հանրապետությունը, Լեւոն Տեր-Պետրոսյանի թեթեւ ձեռքով դրա հիմքում դրվեց մի քաղաքականություն, վտանգավոր փիլիսոփայություն, որի հայրերն են Ժիրայր Լիպարիտյանը, Աշոտ Բլեյանը, Կտրիճ Սարդարյանը եւ այլք, ովքեր ուզում էին ժողովրդին համոզել, թե թուրքերի հետ հաշտ ու խաղաղ, առանց խնդիրների մենք կարող ենք ապրել՝ միայն թե նրանց պահանջներ չներկայացնենք, նրանք էլ մեզ պահանջ չեն ներկայացնի: Այնպես, ինչպես այսօր Նիկոլ Փաշինյանն է ասում՝ ճանաչենք միմյանց տարածքային ամբողջականությունը: Թուրքերը մեզնից խլել են մեր պատմական տարածքների 90 տոկոսից ավելին, հայ ժողովրդի մտայնության մեջ միշտ եղել է, թե ե՞րբ պետք է գա այն պատմական պահը, երբ ինչ-որ մի բան ետ կբերենք՝ վերականգնելով պատմական արդարությունը: Արցախը այն վերջին հայկական տարածքն էր, որտեղ հայություն կար պահպանված եւ կարծես թե միակ իրական հնարավորությունն էր գոնե Արցախը ետ բերելու, բայց այսօր դու Արցախն էլ հայաթափում ու տալիս ես թուրքերին՝ ասելով, թե առանց խնդիրների պետք է ապրենք թուրքերի հետ: Դու, միգուցե, եւ հանձնվեց թուրքերին, բայց դու գիտե՞ս մեր նկատմամբ թուրքերի վերաբերմունքը որն է, նրանց ինչի՞ն է պետք Հայաստանի գոյությունն ընդհանրապես, թեկուզ 10 հազար քառակուսի կիլոմետրում, որը 1918-ին Բաթումիում տվել են: Նրանց ոչ հայ ժողովուրդն է պետք, ոչ էլ Հայաստանը, որովհետեւ սեպի նման խրվել ենք երկու թուրքական պետությունների արանքում, իսկ նրանց երազանքն է՝ վերացնել այդ սեպը, դառնալ մեկ միասնական թուրքական պետություն:

Այս տեսանկյունից եթե մոտենանք, Հայաստանում օր առաջ պետք է իշխանությունը փոխվի, քանի որ այս իշխանության օրոք մենք որեւէ ազգանպաստ հարց լուծել չենք կարող: Անգամ ձեւակերպել ու շրջանառության մեջ դնել չենք կարող:

Նիկոլ Փաշինյանը պարտավոր է ապացուցել, որ իր տեսակետները, մոտեցումներն աջակցություն ունեն ժողովրդի գոնե 50 տոկոսի մոտ, իսկ դրա համար նա պետք է հրաժարական տա եւ գնա արտահերթ խորհրդարանական ընտրությունների: Մենք այս տեսակետը հնչեցրել ենք եւ հիմա կրկնում ենք՝ հորդորում եւ պահանջում ենք՝ ամենամոտ օրերին տալ հրաժարական եւ գնալ ժողովրդի կարծիքը հարցնելու: Կստանա՞ ժողովրդի դրական վերաբերմունքը, խնդրեմ, գնա եւ շարունակիր այնպես, ինչպես պատկերացնում ես: Չե՞ս ստանա, ուրեմն՝ դու սխալ ես, ժողովուրդն է ճիշտ:

Այս տեսանկյունից, ես կարող եմ ինձ թույլ տալ հայտարարել, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը լեգիտիմ չէ, նրա որեւէ հայտարարություն, պայմանավորվածություն, ստորագրություն՝ իրավական ուժ չունի ՀՀ հետագա իշխանությունների համար: Նրանք իրավունք ունեն հրաժարվել Նիկոլ Փաշինյանի բոլոր պայմանավորվածություններից եւ ստորագրություններից, որովհետեւ դրանք չեն արժանացել ժողովրդի հավանությանը: Հայտարարում եմ, որ ՀԱՍԿ-ը հիմա այս քաղաքական գործընթացներին ակտիվ կմասնակցի: Հիշեցնեմ, որ մենք Կարեն Դեմիրճյանի թիմն ենք. այն թիմը, որը 1998 թվականի արտահերթ նախագահական ընտրություններում առաջադրեց Կարեն Դեմիրճյանի թեկնածությունը: Ինքս մասնակցել եմ Կարեն Դեմիրճյանի բոլոր ծրագրերը կազմելուն, որոնք, ցավոք, կիսատ մնացին հոկտեմբերի 27-ի ողբերգության արդյունքում: Եվ հիմա, մենք մտնում ենք քաղաքական ակտիվ դաշտ՝ հենց այդ կիսատ մնացած ծրագրերը իրականացնելու նպատակով:

(Զրույցի շարունակությունը՝ հաջորդ համարում)

Զրույցը՝ Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

«Առավոտ» օրաթերթ
06.10.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031