Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԺԲ հանրահավաք․ «Մեր ժողովուրդը պատմական այնպիսի փորձանքների միջով է անցել, որ այս փորձանքից էլ է դուրս գալու»

Հոկտեմբեր 06,2023 23:37

Ազատության հրապարակում Նիկոլ Փաշինյանի հեռացման եւ անցումային ժամանակավոր  կառավարության ձեւավորման օրակարգով այսօր Ազգային ժողովրդավարական բեւեռի հրավիրած հանրահավաքում ԱԺԲ խորհրդի անդամ Գարեգին Չուգասզյանը, վերլուծելով Արցախում եւ Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները, նշեց, որ այս ողբերգությունների ազդեցության տակ մեր հավաքական  գիտակցությունը չպետք է մթագնվի, այլ հարկավոր է գործել սառը դատողությամբ։

«Այսօր հայությանը խենթություն է պետք եւ ոչ խելագարություն, պետք է սառը գիտակցությամբ հասկանալ, թե ինչ պետք է անել, որպեսզի Արցախի ողբերգությունը համազգային աղետի չվերածվի։ Այս ամբողջ ողբերգության ամենագլխավոր պատճառը ներքին է։ Արտաքին պատճառները կարող են մեզնից կախված չլինել։ Մենք որպես ազգային մարմին, ամբողջություն,  թշնամուն չէինք ճանաչում, ինչպես ՍՊԻԴ-ի վիրուսը, որին մարմնի պաշտպանողական համակարգը չի ճանաչում որպես թշնամի։ Եվ հետո, երբ պահը գալիս է, մահվան է հանգեցնում։ Մենք մեր թշնամուն չենք ճանաչել։ 30 տարի առաջ մեր թշնամին չթողեց, որ մեր ռազմական հաղթանակը քաղաքականի վերածենք։ Մեզ կիսեցին, երկու մասի բաժանեցին, հիմա էլ փորձում են այդ կիսված վիճակը բերել Հայաստան, հակադրել ու ավելի մեծ պառակտումներ ստեղծել։ Չի հաջողվի։ Մեր ժողովուրդը պատմական այնպիսի փորձանքների միջով է անցել, որ այս փորձանքից էլ է դուրս գալու»,- ասաց Գարեգին Չուգասզյանը եւ ավելացրեց, որ այս պատերազմը, որը մղվում է մեր ժողովրդի դեմ, ոչ միայն մեր լինել-չլինելու պատերազմ է, այլեւ քաղաքակրթության պատերազմ է, որի ակունքներում կանգնած ենք մենք։

Այս առումով նա ընդգծեց մեր կողմնորոշման կարեւորությունը՝ նշելով վերջին օրերին Արեւմուտքի արձագանքները, որոնք նույնպես մինչ այդ չկային, քանի որ իր համոզմամբ նրանք էլ էին հիվանդ եւ իրենց մեջ չէին ճանաչում թշնամուն։ Այնուհետեւ բանախոսը ներկայացրեց ստեղծված իրավիճակից դուրս գալու իրենց քաղաքական ուժի պատկերացրած ճանապարհները։

ԱԺԲ խորհրդի անդամ Ժիրայր Սեֆիլյանն էլ համոզմունք հայտնեց, որ Արցախի ժողովուրդը ըստ էության 30 տարի պատանդի կարգավիճակում է եղել։ «Այսօր Արցախից բռնի ուժով տեղահանված մեր հայրենակիցները Հայաստանի տարբեր մարզերում եւ Երեւանում ազատ շնչում են։ Սակայն այս ազատ շնչելու համար մենք շատ բան վճարեցինք։ Ամեն ինչ արեցինք, որ չհասնենք այս մեծ աղետին, սակայն դա տեղի ունեցավ։ Մենք երկար տարիներ միացումից էինք խոսում։ Ցավոք, Արցախում բնակված ժողովուրդը եւ մնացած մարզերի եւ Երեւանի մեր ժողովուրդը միացած է այս ձեւով։ Բայց արդեն միացումը եղել է։ Մեզ մնում է միասնաբար ստեղծենք մեր պատկերացրած ազգային ինքնիշխան պետությունը եւ ազատագրենք Արցախը արցախցիների հետ միասին»,-ասաց Ժիրայր Սեֆիլյանը։

Նա վստահություն արտահայտեց, որ Հանրապետության հրապարակում այս ամենի գիտակցված, չգիտակցված եւ մոլորված կազմակերպիչների մեծ մասը այսօր հասկացել է, որ երկար տարիներ սխալ ուղի էին բռնած եղել եւ հորդորեց․ «Ում ձեռքերը արյունոտ չեն եւ կարծել են, թե Ռուսաստանի հետ լավ ճանապարհներ կարելի է անցնել, հնարավորություն է ստեղծվել։ Լավ գիտցեք․ մենք ուշ թե շուտ ծնելու ենք ազգային պետություն եւ բոլոր դավաճանները պատասխանատվության են ենթարկվելու»։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031