Արդեն 7-րդ օրն է՝ հանրային մուլտիպլեքսով հեռարձակվում է «Ֆասթ Սպորտ» հեռուստաընկերությունը: Այն Հայաստանի հեռուստատեսային պատմության մեջ առաջին ազգային սպորտ հեռարձակողն է, որը բոլորովին նոր էջ է բացում նաեւ մեդիա ոլորտի պատմության մեջ՝ իր նորամուծություններով ու տեխնոլոգիական հնարավորություններով:
Այսօր «FAST TV»-ն իր հարկի տակ էր հավաքել բազմաթիվ մարզիկների, դերասանների, հայտնի բլոգերների, մեդիա ոլորտի ներկայացուցիչների՝ հիացնելու, զարմացնելու, ոգեւորելու եւ մեզ բոլորիս մղելու նոր հաղթանակների:
Կարդացեք նաև
«FAST TV»-ի գործադիր տնօրեն Մարգարիտա Գրիգորյանը լրագրողների հետ զրույցում ասաց. «Աշխարհում թերեւս չգիտեմ մի երկիր, որը չունենա իր ազգային սպորտ հեռարձակողը: Առանց սպորտի եւ առանց մշակույթի հնարավոր չէ պատկերացնել հեռուստաալիք, բայց եթե մշակութային հեռուստաալիք հեշտ է կառուցել, ապա սպորտը բավական բարդ է, որովհետեւ ամենակարեւոր եւ ամենաբարդ խնդիրն այստեղ հեղինակային իրավունքներն են: Ամեն ինչ պետք է լինի արագ, բարձր, հաղթող: Սպորտը չի ներում որեւէ խախտում, իսկ հնարավոր լիցենզիաները բավական թանկ են: Հայաստանն իր հեռուստատեսային պատմության մեջ երբեւէ չի ունեցել մեկտեղված այսքան սպորտային իրադարձություններ: Մենք ունենք ՈՒԵՖԱ, Չեմպիոնների լիգա, ունենք հայկական մեր պրեմիեր լիգայի խաղերը: Հայկական սպորտը եւ հայ մարզիկը աշրահի տարբեր երկրներից այսուհետ կլինի մեր եթերում: Սպորտը առողջ ապրելակերպ է, լավ տրամադրություն է, բավականին դժվարին ժամանակներում հնարավորոթյուն է ինքդ քեզ հավաքելու եւ հասկանալու, որ կա մի անկյուն, որտեղ հնարավոր է լինել ավելի արագ, ավելի ուժեղ, բաց, թափանցիկ, այնտեղ ոչ ոք քեզ չի խանգարի»:
Այսուհետ հասանելի է բոլորին նաեւ «Fasttv» հավելվածը, որը կարող են ներբեռնել գաջեթներում եւ հետեւել աշխարհի սպորտային իրադարձություններին: Իսկ « FAST TV»-ի OTT հարթակ մուտք գործելու դեպքում միանգամից հայտնվում ես սպորտային աշխարհում եւ հնարավորություն ես ունենում դիտել 55 live stream միաժամանակ:
Սա հավելված է ընտանիքի բոլոր անդամների համար եւ նոր գործիք է՝ լինելու սպորտի աշխարհում եւ ոչ միայն: Ինչպես նշեց Մարգարիտա Գրիգորյանը, այստեղ կարող են գտնել բազմաթիվ վավերագրական ֆիլմեր սպոտի մասին, կան գեղարվեստական ֆիլմեր, երեխաների համար հեքիաթներ, մուլտեր. «Սա մեր մեդիադաշտում այն բացն է, որը մեր հիմնադիրները, բաժնետերերը եկան լրացնելու»:
Իսկ թե ովքեր են «Ֆասթ սպորտ» ալիքի սպառողները, Մարգարիտա Գրիգորյանը պատասխանեց. «Սպորտի սպառողները հիմանականում տղամարդկային սեգմենտն է, բայց մեր լսարանը նաեւ կանայք են, որոնք կապ ունեն առողջ ապրելակերպի, ֆիթնեսի հետ: Կարճ ասած՝ մեր լսարանը բոլոր նրանք են, ովքեր սիրում են սպորտ, սիրում են առողջ ապրելակերպ եւ հավասար մրցութային պայմաններում սիրում են լինել ավելի արագ, ավելի ճարպիկ»:
Ներկայացնելով OTT հարթակի տեխնոլոգիական եւ բիզնես հնարավորությունները, կազմակերպիչները կատակեցին՝ այն այնքան պահանջված է, որքան թարմ անվադողերը՝ «Ֆորմուլա 1-ի» վարորդների համար:
«FAST TV» հեռուստաընկերության կազմակերպած միջոցառմանը ներկա էր նաեւ ճանաչված հայ բռնցքամարտիկ Վիկ Դարչինյանը: Նա լրագրողների հետ զրույցում ասաց, որ պատրաստվում է ներբեռնել «FAST TV»-ի հավելվածն ու հենց այդ հարթակից հետեւել սպորտային իրադարձություններին. «Ինչ հաղորդում ուզենաս՝ կգտնես, ուրախ եմ, որ ունենք այդպիսի հեռուստաալիք: Ես սպորտի մարդ եմ ու ինձ ուրիշ բան իհարկե չի հետաքրքրում, սպորտն է հետաքրքրում: Ինձ թվում է՝ բոլոր սպորտսմենները շուտով իրենց հեռախոսների մեջ սա կունենան, շատ լավ բան է: Կարող ես միանգամից հեռախոսդ միացնես ու մտնես սպորտի մեջ»: Հարցին՝ ի՞նչ է պետք՝ հայկական սպորտի զարգացման համար, իհարկե, փողից բացի, Վիկ Դարչինյանը պատասխանեց. «Խաղաղություն եւ հանգստություն: Սպորտային այս ալիքը մեզ կօգնի»: