Այսօր հակակոռուպցիոն դատարանում «Քիմիկների զորամասի» անհետ կորած պայմանագրայինների գործով դատական նիստում հարցաքննվեց տուժող Գեղամ Էլիբեկյանը, որը գերեվարվել էր, ամիսներ հետո վերադարձել ՀՀ։
Ըստ հարուցված քրեական գործի՝ 2020-ի հոկտեմբերի 21-ին Կովսականում հակառակորդի հետ մարտի բռնվելու հետեւանքով «Քիմիկների զորամասի» 5 զինծառայող գերեվարվել է, 12-ը՝ սպանվել, 23 զինծառայողի եւ 1 վարորդի գտնվելու վայրը մինչ այսօր անհայտ է։
Էլիբեկյանը հայտնեց, որ ճանաչում է զորամասի հրամանատար, ամբաստանյալներ Արսեն Աբգարյանին եւ գեներալ-լեյտենանտ Անդրանիկ Մակարյանին։ Մեղադրանք է առաջադրվել ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի նախկին տեղակալ, գեներալ-լեյտենա նտ Անդրանիկ Մակարյանին, զորամասի հրամանատար Արսեն Աբգարյանին, 2020 թվականին նույն զորամասի շտաբի պետ, փոխգնդապետ Սարգիս Կուլակչյանին եւ զորամասի համալրման բաժանմունքի նախկին պետին։ Նրանք առաջադրված մեղադրանքները չեն ընդունում։
Էլիբեկյանի պատմելով՝ ինքը 2020-ի հոկտեմբերի 1-ին մոբով գնացել է «Քիմիկների զորամաս», 8 օր մնացել է այդտեղ, հետո տեղափոխվել Մեղրի, որտեղ 4 օր մնացել է, ապա տեղափոխվել Կապան։ Կապանում, ըստ տուժողի, մի քանի օր մնալուց հետո առաջադրանք է ստացել հոկտեմբերի 20-ին, որ հաջորդ օրը պիտի գնան մարտական գործողության։
Կարդացեք նաև
Հիշեցնենք, որ դեպքի օրը, ըստ մեղադրանքի, Անդրանիկ Մակարյանը հրաման է տվել, որ 62 հոգանոց անձնակազմը մեկնի Կովսականի ուղղությամբ գտնվող «Կիրի հանք» տեղանք եւ «Սանրում» օպերացիան կատարի՝ հայտնաբերի եւ ոչնչացնի հակառակորդի դիվերսիոն-հետախուզական խմբերը։ Սակայն Մակարյանը ճիշտ չի կազմակերպել անձնակազմի ուղեկցման խնդիրը։ Նրա եւ Արսեն Աբգարյանի՝ ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունքի հետեւանքով խումբը «Կիրի հանք» հասնելու նպատակով Կովսականի շրջանի Կերեն գյուղի վարչական տարածքում տեղակայված ոստիկանական հենակետում իջնելու փոխարեն հասել է դրանից շուրջ 5-6 կմ հեռու գտնվող Կովսական քաղաքի սկզբնամաս, որտեղ էլ ընկել է շրջափակման մեջ եւ հակառակորդի զինծառայողների հետ բռնվել անհավասար մարտի: Շրջափակումից կարողացել են դուրս գալ միայն 22 զինծառայող։
«Հոկտեմբերի 21-ի լուսաբացին շարված ենք եղել գումարտակի դիմաց, Անդրանիկ Մակարյանը եկել, ներկայացրել է , թե ինչ իրավիճակ է, ինչի համար պետք է գնանք։ Նույն օրը առավոտյան երեք ավտոբուսով շարժվել ենք Զանգելան։ Հասել ենք Զանգելան, հակառակորդի հետ բռնվել ենք անհավասար մարտի, նույն օրը երեկոյան արդեն փամփուշտ-բան բոլորիս մոտ վերջացել էր, նկատվել ենք Ադրբեջանի ԶՈւ-ի կողմից ու գերեվարվել․․․ աջի վրա բլուր էր, ձախի վրա անտառի պես տեղ, տղերքն ամենքը որտեղ հասցրել, դիրքավորվել են, մարտ ենք վարել, փամփուշտները չորս մագազին էր»,-պատմեց Էլիբեկյանը։
Նրա ներկայացմամբ՝ ամբաստանյալ Արսեն Աբգարյանը Վիլիսով իրենց հետ է եղել․ «Մեկ էլ՝ չեմ հիշում՝ ավագ լեյտենանտ կամ կապիտան էր, անունը չեմ հիշում, մեկն էլ մայոր կամ փոխգնդապետ էր՝ նիհար, բոյով մարդ էր։ Կռվի տեղը իրանք են եղել։ Անդրանիկ Մակարյանին ես չեմ տեսել»։
Դատախազը հարց ուղդղեց՝ ասում եք՝ մարտական խնդիրը ձախովել է, ըստ ձեզ՝ ի՞նչ թերություններ են եղել, որ խնդիրը ձախողվել է, ինչի՞ անհրաժետություն կար, միգուցե կազմակերպման ընթացքում սխալ կար, որը հանգեցրեց սրան։
Ի պատասխան տուժողն ասաց․ «Չենք ունեցել զրահաբաճկոն, նռնակ, գնացել, մտել ենք իրենց մեջ, չեմ կարող ասել, որ իրենք (նկատի ունի ադրբեջանական զինված ուժերին- Ն․Բ․) մեզ սպասել են, թե՝ ոչ, գնացել, մտել ենք իրենց մեջ, իրենց դիրքերն ավելի հարմար էին։ Ոնց իրենք էին զինված՝ զինտեխնիկայով, բանով, մենք չենք ունեցել»։
«Կարելի՞ է արձանագրել, որ՝ որպես այդպիսին, ձեր երեք ավոտբուսներում անձնակազմի առումով հետախուզական խումբ, որ նախապես աշխատեր ձեզ հետ՝ տեղակայման առումով, չի եղել, առանձնացվեր հետախույզների խումբ, որը գնար առաջ, իրավիճակը հասկանար, նոր դուք առաջ գնայիք, չի եղել»,-հարցրեց դատախազը։ Ի պատասխան՝ Էլիբեկյանն ասաց՝ Մասիսի տղաներն էին ներկայացել որպես հետախույզ․ «Իրենք մեզ հետ ավտոբուսի մեջ են եղել»։
Պաշտպան Ամրամ Մակինյանն առարկություն ներկայացրեց, նշելով՝ դատախազը դատողական հարցեր է տալիս, նա պետք է հանգամանքների վերաբերյալ հարցաքննություն անի, ոչ թե դատողություներ կամ եզրակցություն անի․ «Դա պետք է աներ փորձաքննությունը, պրոֆեսիոնալները։ Քննիչն ասաց, որ պետք չի փորձաքննություն կատարել, մենք ունենք այդ գիտելիքը։ Հիմա էս մարդուց եզրահանգումներ է պահանջում դատախազը։ Նա էլ ձախողման պատճառը վերագրեց զրահաբաճկոն ունենալուն կամ չունենալուն»։
«Իր հետի տղաները եթե զրահաբաճկոն ունենային՝ չէին մահանա»,-դահլիճից արձագանքեց զոհված զինծառայողներից մեկի ծնողը։
Շարունակելով հարցերին պատասխանել՝ Էլիբեկյանն ասաց, որ մարտական առաջադրանք է իրենց տրվել, ասել են՝ գնացեք Զանգելան, սակայն կոնկրետ տեղանք չեն նշել․ «Կոնկրետ տեղանք ես չեմ իմացել, կոնկրետ առաջադրանքը եղել է գնալ Զանգելան։ Ես Զանգելանոմ ընդհանրապես եղած չկայի»։
Նա պատմեց, որ երբ սկսել է փոխհրաձգությունը, մոտ քսան րոպե այն ինտենսիվ է եղել երկու կողմից էլ․ «Հետո մեր կողմից թուլացել է, երեւի փամփուշտներն են վերջացել։ Հակառակորդը առաջանում էր, գալիս էին, գնում էին։ Չգիտեմ՝ տղերքից ով է եղել․․․ գլխներից խփել էին։ Մենք որտեղ մնացել էինք, մինչեւ երեկո մնացել էինք էդտեղ։ Հակառակորդը եկել էր մոտ, մինչեւ ոնց որ ստեղից ձեր մոտ (ցույց է տալիս իր եւ դատախազի միջեւ եղած հեռավորությունը- Ն․Բ․), վիդեոն էլ կա մոտս։ Չորս հոգով էինք, մինչեւ գերեվարվելը մյուսներին չեմ տեսել։ Մեզ մոտ հակառակորդից երեսուն հոգի էին, որ նստած հաց էին ուտում, տեխնիկան էլ մի քիչ հեռու է եղել։ Գերեվարելու ժամանակ սարին նայելով գնում էինք, տեսանք՝ մեզանից հետ էին, մեզանից առաջ են եղել»։
Նա նաեւ ասաց, որ իրենց հետ չկար ջոկի կամ դասակի հրամանատար, միայն գիտեին, որ իրենց հրամանատարը Արսեն Աբգարյանն է։
Զոհվածների ծնողներից մեկը հետաքրքրվեց՝ երբ գնացիք գործողության, առավոտյան հակագազեր տվեցին ձեզ․ «Ձեզ ասացին՝ եթե մարդ տենաք՝ կխփեք, խփածներին՝ կհավաքեք։ Բա դու չհարցրեցի՞ր, եթե պիտի գնայիք մարդ խփեիք, մարդ հավաքեիք, էդ հակագազը ինչի՞ եք մեզ տալիս։ Ասեիք՝ դրա փոխարեն զրահաբաճկոն տվեք մեզ»։
Ի պատասխան այս հարցի, Էլիբեկյանն ասաց, որ հակագազերը ստացել է էջմիածնում՝ «Քիմիկների զորամասում»․ «Շատ ենք հարցրել՝ զրահաբաճկոն ունե՞ք։ Պարզ էր՝ չկար։ Գերագույն գլխավոր հրամանատարն էր էդ օրերին ասում՝ ով զրահաբաճկոն ունի՝ հավաքեք, սաղ եկեք»։
Ծնողներից մեկը՝ տիկին Աբգարյանը, դիմելով Էլիբեկյանին, ասաց՝ գերեվարվելուց հետո, երբ վերադարձել էիր, եկել էի ձեր տուն, դու ասացիր՝ սկի թուրքերը չկարողացան իմ բերանից բառ քաշեն, հիմա դո՞ւք եք եկել իմ բերանից բառ եք ուզում քաշեք։ Էլիբեկյանը նեղվեց ծնողի այս հիշեցումից, նախ ասաց՝ բա ութ ամիս գերեվարված եմ եղել, Աստված տա բոլորը վերադառնան, հետո հերքեց, ասելով՝ ես չեմ ասել՝ բառ քաշել։ «Հաստատ չենք կարող բառ քաշենք ձեզանից»,-արձագանքեց ծնողը։
Հարցաքննվողը նաեւ հայտնեց, որ առաջադրանքի են գնացել ավտոբուսներով, որի մեջ նստածների անուններն ու դեմքերը չի հիշում։ Տիկին Աբգարյանի վրդովմունքին՝ քսան օր եղել ես Էջմիածնի զորամասում, բա քիմիկներին չե՞ս ճանաչում, Էլիբեկյանն արձագանքեց՝ նկարը եթե ցույց տաք՝ կասեմ, բայց անունով չեմ հիշում։ «Նկարը, որ ցույց տվեցի, ձեր ավտոբուսում իմ տղուն տեսե՞լ ես»,-հարցրեց տիկին Աբգարյանը։ «Չեմ հիշում, ցավդ տանեմ»,-պատասխանեց Էլիբեկյանը։
Մեկ այլ ծնող էլ հետաքրքրվեց՝ հրամանատարությունը ձեզ բացարձակ խորհուրդ չի՞ տվել, հնարավո՞ր է այդ հանգամանքը պատճառ լինի, որ ձեզ դիտավորյալ են տարել։ «Ինձ էլ է հետաքրքիր, դատարանը դրա համար է։ Ես չգիտեմ՝ նախօրոք ով, ինչ է իմացել․․․ միտումնավոր ու գիտակցված, որ կարային իմանային ընդեղ ինչ ա եղել, տարել են, այո, ինքը շատ մեղավոր է․․․ ես ութ ամիս ինչ եմ տեսել գերեվարության մեջ, մենակ ես գիտեմ»։
Զոհվածների հարազատներից մեկը հետաքրքրվեց՝ հնարավո՞ր էր, որ դուք փախչեիք էդտեղից, կամ եթե հակառակորդի թիկունքից մերոնք կրակ բացեին, դա ձե՞զ կօգներ։ «Ոնց չէր օգնի»,-պատասխանեց Էլիբեկյանը։ «Բայց հրաման չի տվել, հենա՝ նստած ա․․․»,-դահլիճից արձագանքեց ծնողներից մեկը՝ նկատի ունենալով հրամանատարին։
Պաշտպանական կողմը հարցրեց՝ վկաներից մեկն ասել է, որ ադրբեջանցիները ձեզ սպասել են, որպես ակատաես, դուք զինված էիք, գնում եք հատուկ գործողության, ձեր կարծիքով՝ ադրբեջանցիները, եթե իմանային, որ դուք գնում եք, ձեզ ժամանակ կտայի՞ն, որ դուք գնայիք, էդ հինգ րոպեն կանգնեիք, իջնեիք, ծխեիք, հետո սկսեին կրակել։
«Չեմ կարող պատասխանել էդ հարցին, բլուրի վրա տասը-տասնհինգ հոգի են եղել, դրանից հետո մեր դեմից են եկել, տեսել են, կապ են տվել, եկել։ Չգիտեմ»,-պատասխանեց տուժողը։
Նա նաեւ ասաց, որ նախապես հրահանգավորում չի եղել, թե կոնկրետ ինչ գործողություն պիտի աներ, սակայն նշեց․ «Դե բնականաբար, մի 10-15 հոգի էին՝ ծառերի, թփերի տակ, պիտի գտնեինք, վնասազերծեինք»։
Ի պատասխան պաշտպանական կողմի հարցի՝ եթե զրահաբաճկոն ունենային, արդյոք դա կկանխե՞ր իրենց գերեվարումը, Էլիբեկյանն ասաց․ «Զրահաբաճկոն չենք ունեցել, հետեւաբար՝ նռնակ էլ չենք ունեցել։ Չեմ կարող ասել՝ կկանխեր, թե՝ չէ, բայց շատ մոտիկ են եղել, հնարավորություն ունենայինք իրենց վրա նռնակ գցելու՝ պատկերը հակառակը կարող էր լիներ։ Մենակ զրահաբաճկոնը չի, քանակությամբ ենք քիչ եղել, զենք-զինամթերքով ենք քիչ եղել, բայց եթե զրահաբաճկոն ունենայինք, նռնակ էլ կունենայինք»։
Նելլի ԲԱԲԱՅԱՆ