«ՀՀ-ն վավերացրել է Հռոմի ստատուտը այն տեսքով, որը ՀՀ-ն ստորագրել էր 1999 թվականի հոկտեմբերի 1-ին։ Այդ տեքստով ագրեսիայի հանցագործությունը դեռ սահմանում չուներ։ Հիմա ՀՀ-ի համար գործում են միայն ցեղասպանության հանցագործությունը, ռազմական հանցագործությունները և մարդկության դեմ ուղղված հանցագործությունները»,- «Մեդիա կենտրոնում» «Հենման կետ» հաղորդման ժամանակ պարզաբանեց Հայաստանի Ամերիկյան համալսարանի պրոֆեսոր, ՄԻԵԴ աշխատակազմի նախկին աշխատակից, փաստաբան Արման Զրվանդյանը։
Ըստ նրա՝ ՀՀ իշխանությունների որպես հաջորդ քայլ պետք է դիտարկել, որ հնարավորինս շուտ վավերացնեն ագրեսիայի հանցագործության արձանագրությունները՝ Կամպալլայի փոփոխություններ են կոչվում դրանք․ «Դա ևս մեկ պաշտպանություն է ագրեսիվ պատերազմից։ ՀՀ-ի վրա հարձակումը, ինչպես եղան Ջերմուկի դեպքերն անցյալ տարի, կարող են ընկնել Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) իրավազորության ներքո, եթե մենք դա վավերացնենք։ Մենք դա չենք արել»։
Արման Զրվանդյանն ասաց, որ ՀՀ-ն վավերացրել է Հռոմի ստատուտը հետադարձ ուժով, որովհետև դա իրավունք ուներ անել 13-րդ հոդվածի հիմքով և վավերացրել է 2021-ի մայիսի 10-ի կեսգիշերից․ «Այսինքն՝ Ջերմուկի դեպքերը, Սև լճի դեպքերը, մնացած բոլոր դեպքերը, դեպք եղավ, երբ դիրքում, որը գրավվեց հակառակորդի զինվորների կողմից, հայ զինվորը հանձնված էր, դա նշանակում էր՝ արդեն պաշտպանություն, բայց նրան գնդակահարեցին։ Սա ռազմական հանցագործություն է։ Սա էլ կարող է ծածկվել։ 2020-ի պատերազմական իրադարձությունները ոչ մեզ համար են կիրառելի այս դեպքում, ոչ Ադրբեջանի համար»։
Անդրադառնալով այն կարծիքներին՝ եթե Ադրբեջանը չի վավերացրել Հռոմի ստատուտը, մենք վավերացրել ենք, ապա իրենց համար դա չի գործում, փաստաբանն ասաց․ «Հռոմի ստատուտը և միջազգային քրեական դատարանն այդպես չեն աշխատում, այլ աշխատում են հետևյալ կերպ․ ՀՀ-ն վավերացրել է, ուստի ՀՀ տարածքում, եթե կատարվում է հանցագործություն, որն ընկնում է ՄՔԴ իրավազորության ներքո, կապ չունի՝ դա ով է կատարել, նույնիսկ, եթե կատարվել է Ադրբեջանի տարածքից հրետակոծություն, բայց դա ավերել է ՀՀ տարածքում, օրինակ, քաղաքացիական օբյեկտի ոչնչացում, ուրեմն այն անձը, որն արկն արձակել է, հրամանատարը, հրամանատարին հրաման տվողը, այդ ողջ շղթան ենթակա է պատասխանատվության»։
Կարդացեք նաև
Արման Զրվանդյանն ասաց՝ այնպիսի տպավորություն չլինի, որ Հռոմի ստատուտը վավերացրինք, հիմա արդեն միջազգային քրեական դատարանը պիտի գա, ինչ-որ բաներ անի․ «Այ, հիմա աշխատելու հնարավորություն ունեն ՀՀ իշխանությունները։ Որպես հաջորդ քայլ՝ սեփական երկրի տարածքում տեղի ունեցած իրադարձությունների հասցեագրում պիտի լինի դատարանին։ Պետք է փաստաթղթավորենք և ուղարկենք դատախազին։ Նա կկատարի հետաքննություն, հետաքննություն կատարելիս կդիմի մինչդատական գործերի պալատին և կխնդրի թույլտվություն քրեական գործ հարուցելու վերաբերյալ։ Եթե պալատը միանձնյա դատավորի կազմով թույլ տվեց, տեսան, որ ողջամիտ կասկածներ կան, որ այդ նյութերը հանցագործության տարրեր են պարունակում, դատախազը նախաքննություն կհայտարարի, և կսկսեն քննություն։ Այդ ժամանակ կփորձեն իդենտիֆիկացնել կասկածյալներին, մեղադրյալներին, նաև տուժողներին կփորձեն իդենտիֆիկացնել։ Այս դատարանը ոչ միայն պատժիչ դատարան է, այլև տուժողների իրավունքները պաշտպանող դատարան է։ Եթե լինի վճիռ՝ որևէ մեկին քրեական պատասխանատվություն ենթարկելու, հաջորդ քայլը նա է, որ հարցնում է՝ ովքե՞ր են տուժել, անհատական դիմումները լրացնում են, և նրանց հարցաքննում են, թե ինչ ձև են տուժել։ Միջազգային քրեական դատարանում գործում է հիմնադրամ, և կարող են փոխհատուցում ստանալ գույքը տուժելու դեպքում»։
Aravot.am-ի հարցին՝ ինչպե՞ս է ստացվում, որ Դուք պնդում եք՝ միջազգային քրեական դատարանում որևէ երկրի ղեկավար չունի իմունիտետ, մինչդեռ միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը հայտարարում է, որ երկրների ղեկավարներն իմունիտետից օգտվում են, Արման Զրվանդյանը պատասխանեց․ «Ես առաջարկում եմ այդ հարցը պարոն Կիրակոսյանին էլ տաք, թե ինքը ինչ է նկատի ունեցել, որ ասել է։ Երկրի ղեկավարները իմունիտետ ունեն միմյանց հետ հարաբերություններում՝ երկրների միջև հորիզոնական հարաբերություններում։ Սուդանի նախագահը ՀՀ-ում, օրինակ, չի կարող ձերբակալվել մի պարեկի կողմից և ուղարկվել Նուբարաշենի բանտ, և ՀՀ ղեկավարությունն իմունիտետ ունի Սուդանում և աշխարհի բոլոր երկրներում։ Եթե սա է ասել Եղիշե Կիրակոսյանը, ապա ճիշտ է ասել․ բարձրակարգ մասնագետ է միջազգային իրավունքի, բայց ես համոզված եմ, որ պարոն Կիրակոսյանը գիտի, որ հորիզոնական հարաբերություններում պետությունների ղեկավարներն ունեն իմունիտետ, բայց միջազգային քրեական դատարանի առջև նրանք չունեն իմունիտետ։ Եթե միջազգային քրեական դատարանն է ՀՀ-ին խնդրում, որ ձերբակալի տվյալ անձին, օրինակ, ապա ՀՀ-ն, երբ ձերբակալում է այդ անձին, չի ձերբակալում իր բանտը գցելու համար կամ ՀՀ-ում վարույթ իրականացնելու համար, այ դա չէր կարող անել, քանի որ այդտեղ ունի իմունիտետ։ ՀՀ-ն կձերբակալի կոնկրետ պաշտոնատար անձի միայն միջազգային քրեական դատարանին հանձնելու համար, որտեղ նա չունի իմունիտետ։ Այս հարցը լուծվել է ՄՔԴ վերաքննիչ պալատի կողմից 2019-ի նախադեպային որոշումով, այսինքն՝ արդեն 4 տարի է այսպիսի հարց ուղղակի գոյություն չունի։ Ի դեպ, Հորդանանին պատժելու գործով էր․ Հորդանանը չէր ձերբակալել Օմար ալ Բաշիրին, և դատարանն ասաց՝ դու քո պարտականությունը խախտում ես։ Հորդանանն ասում էր՝ ո՞նց ձերբակալեմ․ գործող նախագահ է, վերաքննիչ պալատն ասաց՝ կներեք, ձեր երկրի դատարաններում ունի իմունիտետ, դուք պետք է ձերբակալեիք, քանի որ խնդրանք էիք ստացել դատարանից՝ դատելու համար միջազգային քրեական դատարանում։ Իսկ երկրի գործող նախագահները ՄՔԴ-ում չունեն իմունիտետ ոչ պայմանագրային իրավունքով, ոչ էլ միջազգային սովորութային իրավունքով․ այդպիսի իմունիտետ ուղղակի գոյություն չունի»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Լուսանկարը՝ «Մեդիա կենտրոն»-ի