Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Ցեղասպանի ձեռքը վազելով չեն գնում սեղմում՝ ոչ մի կողմից ոչ մի երաշխիք չունենալով». Արմեն Այվազյանը՝ Գրանադայի հանդիպման եւ հայտարարության մասին

Հոկտեմբեր 06,2023 21:14

«Այդ փաստաթուղթը մեզ համար որեւէ լուրջ, դրական բան չի նշանակում: Ստացվում է, որ Հայաստանն Ադրբեջանից որեւէ պահանջ չունի՝ անգամ Արցախում կատարված ցեղասպանությունից հետո, եւ շատ արագ փորձ է արվում օրինականացնել այդ ցեղասպանությունը՝ բոլորի մասնակցությամբ»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց ռազմական պատմաբան Արմեն Այվազյանը, անդրադառնալով երեկ՝ Գրանադայում ընդունված համատեղ հայտարարությանը, որը Եվրոպական քաղաքական համայնքի երրորդ գագաթնաժողովի շրջանակում տեղի ունեցած քառակողմ հանդիպման արդյունքում ստորագրել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը:

Հիշեցնենք, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը Գրանադա չէր մեկնել: ԵԽ նախագահ Շառլ Միշելը հայտարարեց, որ համաձայնություն է ձեռք բերվել առաջիկայում Բրյուսելում հանդիպման մասին, որին թե Նիկոլ Փաշինյանը, թե Իլհամ Ալիեւը համաձայնել են մասնակցել:

Մեր զրուցակցի կանխատեսումներով, այդ հանդիպմանն Ալիեւը ներկայանալու է եւ ավելի բարձր պահանջներով. «Անկլավների պահանջները ներկայացնելու է: Եթե այս փաստաթղթի մեջ անկլավների պահանջները հստակ նշված չեն, դա չի նշանակում, որ հետագայում դրանք չեն նշվելու: Այստեղ Հայաստանն իր մտահոգությունները, մտավախությունները չի ընդգծում պարզորեն: Հայաստանը պետք է պարտադիր նշի, որ խնդիրն իր կենսունակության մասին է: Օրինակ ժամանակին, երբ եղել է ԽՍՀՄ, այդ անկլավները եղել են մեկ պետության մեջ ու այնտեղ ճանապարհ փակելու խնդիր չի եղել: Իսկ հիմա, պարզ՝ պետության գոյության, կենսունակության հարց է առաջանում, երբ քո գլխավոր մայրուղիները կարող են փակվել Ադրբեջանի կողմից: Եվ արդեն փորձն էլ կա. չէ՞ որ Գորիս-Կապան ճանապարհը, երբ հանձնվում էր Ադրբեջանին, սկզբից ասում էին, որ ճանապարհի մի կողմում մեր սահմանապահներն են կանգնած լինելու, մյուս կողմում՝ Ադրբեջանի, ռուսներն էլ վերահսկելու են: Հետո, մերոնք ետ քաշվեցին, ռուսները ետ քաշվեցին, միանգամից տրվեց Ադրբեջանին, իշխանությունն էլ ասաց՝ այո, դա Ադրբեջանի տարածքն է եւ հարցը փակվեց՝ մոռանալով, թե ինքն ինչ էր ասում: Փաստորեն, խաբում էր հասարակությանն ու ժողովրդին: Հիմա էլ մտավախությունները շատ իրական են. չեն խոսում անկլավի մասին, խոսում է ընդհանուր տարածքի մասին, հետո ԽՍՀՄ ինչ-որ քարտեզներով կսկսեն հիմնավորել, թե այդ տարածքները ադրբեջանական են»:

Արմեն Այվազյանն ընդգծում է՝ պետության կենսունակությունն առաջին հերթին կախված է ճանապարհներից, մանավանդ, երբ դու գործ ունես ցեղասպան պետության հետ:

Մեր զրուցակցի դիտարկմամբ նաեւ, եվրոպական գործիչները, որոնց հետ երեկ հանդիպել էր Նիկոլ Փաշինյանը՝ հրաժարվելով պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ, իրենց ամբողջ խոսակցությունը «ջուր» են դարձնում. «ՄԱԿ-ի միջազգային դատարանն է երկու որոշում ընդունել, ՄԱԿ-ի ԱԽ-ում քննարկումներ են եղել եւ այլն, բայց մենք տեսնում ենք, որ այդ քննարկումները, որոշումները, Ադրբեջանի դատապարտումները, որոնք անգամ բավականին փափուկ են եւ որեւէ հետեւանքներ՝ տնտեսական, քաղաքական պատժամիջոցներ չնախատեսող են, ջուր են: Ոչինչ չարժեն: Գնահատականներ չեն տրվում, չի ասվում՝ ինչպե՞ս պետք է մեղմվի Արցախի ժողովրդի՝ իր հայրենիքը կորցնելու ահավոր աղետը եւ այն, ինչն իրենք ասում են՝ ինչ-որ պայմաններ պետք է ստեղծվեն եւ այլն, շա՜տ առաձգական խոսակցություն է. ոչ ժամկետներ են նախատեսված, ոչ կոնկրետ զինված ուժի՝ միջազգային խաղաղապահ ուժի մասին խոսակցություն: Դա թոզփչոցի է»:

Արմեն Այվազյանի կարծիքով՝ ամեն ինչ կրկնվում է. «1890-ական թթ. մինչև 1923 թ. Հայկական հարցի նկատմամբ եվրոպական պետությունները որդեգրել էին ճիշտ ու ճիշտ նույն կեղծավոր և անամոթ դիրքորոշումները։ 1920 թ. վերջին Հայկական հարցում Ազգերի լիգայի ընդունած բանաձևերի անատամությունն ու անարդյունավետությունն այսպես էր ծաղրում Լիգայի քարտուղարության քաղաքական բաժանմունքի տնօրեն Փոլ Մոնթյոն՝ կազմելով հետևյալ դառը զավեշտ-բանաձևը.

«ՀՈԴՎԱԾ 1. Հայերի ոչ մի ջարդ չպետք է տեղի ունենա առանց Լիգայի խորհրդին մեկ ամիս առաջ տեղեկացնելու:

ՀՈԴՎԱԾ 2. Եթե ջարդերն ընդգրկելու են նաև կանանց և երեխաների, ապա Լիգայի խորհուրդը պետք է տեղեկացվի երկու ամիս առաջ:

ՀՈԴՎԱԾ 3. Հայերի որևէ ջարդ, որն իրականացվում է առանց սույն ձևականությունների պահպանման, պետք է համարվի անվավեր»։

Երեկ նաեւ ՌԴ նախագահը եվրոպական գործիչների դիրքորոշմանը համանման դիրքորոշում ցուցաբերեց՝ նաեւ ասելով, որ արդար չէ Նիկոլ Փաշինյանին մեղադրել Արցախը հանձնելու մեջ, քանի որ դա եղել է հայ ժողովրդի ընտրությունը. այս առիթով էլ, մեր զրուցակիցը նկատում է, որ շատերը շատ բան կխոսեն, բայց չի նշանակում, որ ամեն ասվածը ճշմարտություն է. «Խնդիրը Եվրոպայի, ԱՄՆ-ի եւ ՌԴ-ի համաձայնությունն էր՝ Արցախն Ադրբեջանին, ահա այսպես, այլանդակ ձեւով, մարդկության դեմ հանցագործությամբ, ցեղասպանությամբ հանձնելու: Ես սա միշտ ասել եմ՝ տարբեր կողմնակի փաստարկներ բերելով, բայց հիմա, ամենը նոր հիմնավորումներ է ստանում: Օրինակ, պարզվեց, որ Ադրբեջանի հարձակումից՝ սեպտեմբերի 19-ից ընդամենը երկու օր առաջ, Թուրքիայում հանդիպել են ՌԴ-ի, ԱՄՆ-ի եւ ԵՄ բարձրաստիճան դիվանագետները: Հանդիպումը եղել է Թուրքիայում, բնականաբար, դրան նաեւ թուրք դիվանագետներն են մասնակցել: Այդ բոլոր դերակատարները, եթե համաձայն չլինեին Արցախի կործանմանը, դա չէր լինի: Արցախի կործանումը Հայաստանի մի հատվածի կործանումն էր, եւ դրանով ՀՀ անվտանգության մակարդակը կտրուկ անկում է. Սյունիքը եւ սահմանամերձ մի շարք շրջաններ հայտնվում են մեծ վտանգի առջեւ»:

Արմեն Այվազյանը հավելում է, որ եվրոպացի լիդերների երեկվա կեցվածքը՝ համատեղ հայտարարության մեջ արտացոլված, ըստ որի իրենք ամուր կանգնած են ՀՀ տարածքային ամբողջականության կողքին՝ 29.800 քառակուսի կիլոմետրով, ցանկացած պահի կարող է առոչինչ դառնալ, քանի որ հստակ երաշխիքներ նրանք չեն տալիս. «Երբ հստակ հարց է տրվում՝ իսկ ի՞նչ կանեք, եթե Ադրբեջանը Հայաստանի դեմ հարձակում գործի, կամ խուսափում են պատասխանել, կամ, վերջին անգամ Ֆրանսիայի ԱԳ նախարարն ասաց՝ դաժան պատժամիջոցներ կկիրառենք: Մինչեւ դուք դաժան պատժամիջոցներ կիրառեք, Սյունիքի հարցը 48 ժամվա ընթացքում կարող է լուծվել, եթե Իրանը չմիջամտի: Պատժամիջոցները հիմա են պետք՝ կանխելու համար Ադրբեջանի հնարավոր հարձակումը եւ այդ պատժամիջոցները չեն կիրառվում: Ուրեմն, դրանով իսկ խրախուսում են Ադրբեջանին: Ադրբեջանին ետնաբեմային կարգով դեր է տրվել. թատրոն են սարքել, բեմադրություն է, ոչ մի դավադրության տեսության մասին խոսք չկա: Սա կեղտոտ խաղ է, որը հայ ժողովրդի գլխին խաղացին այստեղ գործող միջազգային դերակատարները՝ ՌԴ-ն, ԵՄ-ն եւ ԱՄՆ-ը միասին: Սա հասկանալը կարեւոր է, որպեսզի հասկանանք, որ մենք երաշխիքներ չունենք»:

Մեր երաշխիքները, ըստ մեր զրուցակցի, պետք է լինեին մեր սեփական ռեսուրսների մոբիլիզացիան, որ Փաշինյանի կառավարությունը երեք տարի չարեց, հիմա էլ է հրաժարվում. ոչ բանակի հարցերով են լրջորեն զբաղվում, ոչ աշխարհազոր են ձեւավորում, ոչ պահեստազորի հարցերն են ըստ պատշաճի կազմակերպում: Բացի սրանից, Իրանի հետ, որը Սյունիքի հարցում կարող է լինել իրական դաշնակից, շատ դանդաղ եւ ոչ արդյունավետ համագործակցություն է տարվում անվտանգության հարցերում. մինչեւ այսօր որեւէ համատեղ որավարժություն չի կազմակերպվել, մինչդեռ Ադրբեջանը, Կասպից ծովում, Իրանի հետ զորավարժություններ է անում: Զորավարժություններ, ըստ Արմեն Այվազյանի, պետք է լինեն նաեւ Հնդկաստանի հետ, որը շահագրգռություն է ցուցաբերում, եւ Ֆրանսիայի, որը համաձայնել է Հայաստանի հետ ռազմական համագործակցության, բայց Ֆրանսիայից մեծ ակնկալիքներ պետք չէ ունենալ՝ հաշվի առնելով, թե ինչպես է այդ երկիրն իրեն դրսեւորել Աֆրիկայում, վերջին տասնամյակում: Եւ ամենը արագ պետք է արվի, մինչդեռ Նիկոլ Փաշինյանի «խամաճիկների» կառավարությունն ի զորու չէ դա անել. «Այս պայմաններում գնալ Ալիեւի հետ հանդիպման, սեղմել Ալիեւի ձեռքը, երբ նա հենց նոր ցեղասպանություն է իրականացրել, դեռ արյունն էլ չի չորացել… լավ է, որ Ալիեւը չգնաց՝ չխայտառակվեցինք»:

Մեր զրուցակիցն ուշադրություն է հրավիրում այն հանգամանքին, որ Գրանադայում ընդունված հայտարարության մեջ Հայաստանի տարածքի զանվթման մասին էլ հստակ ամրագրումներ չկան, պահանջ չկա Ադրբեջանին ներկայացված՝ ՀՀ տարածքից զորքերը դուրս բերելու: Կոնկրետություն չկա նաեւ ռազմագերիներին ազատ արձակելու մասին, Արցախի գերեւարված ռազմաքաղաքական իշխանության ներկայացուցիչներին ազատ արձակելու մասին: Նաեւ պահանջ չի ներկայացվել անհապաղ ապահովելու միջազգային դիտորդների և լրագրողների մուտքն Արցախ՝ տեղում իրավիճակին ազատորեն ծանոթանալու համար. «Այսինքն, հնարավորություն է տրվում, որպեսզի Ադրբեջանը մաքրի իր հանցագործությունների հետքերը»։

Արդյունքում, Արմեն Այվազյանի գնահատմամբ, այս ամենը փաստում է, որ գերտերությունների ներկայացուցիչները տեղյակ են ամենից եւ համաձայն են. «Խնդիրը Հայաստանին մինչեւ վերջ ծնկի բերելն է, բայց դա կբերի նրան, որ այն, ինչ կատարվեց Արցախում, կկատարվի նաեւ ՀՀ-ում՝ մաս-մաս: Իշխանությունն ասում է՝ «հաջողությու՜ն». ոչ մի հաջողություն էլ չկա: Միայն այն, որ դու գնացել ես Ալիեւին հանդիպելու Գրանադայում, դա արդեն մեծ պարտություն է, ոչ թե հաջողություն. Ալիեւն էլ թքել է ձեզ վրա ու չի եկել, որը թեեւ ավելի խայտառակություն է, բայց փրկում է հայ ժողովրդի դեմքը: Ցեղասպանի ձեռքը վազելով չեն գնում սեղմում՝ ոչ մի կողմից ոչ մի երաշխիք չունենալով»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031