Aravot.am-ի ձեռքի տակ է հայտնվել այս տարվա սեպտեմբեր ամսին իրականացված մի ուսումնասիրություն, որտեղ դիտարկված են ռուսական հեռուստաալիքներում առկա խախտումները, Հայաստանի, հայերի, ՀՀ իշխանությունների հասցեին ռուսական ալիքներով հնչած վիրավորանքները: Ուսումնասիրությունից առանձնացել ենք որոշ պատառիկներ:
РОССИЯ РТР «60 минут » , սեպտեմբերի 20
Օլգա Սկաբեեւա– Այսօր Նիկոլ Փաշինյանը հայտնվեց, եթե կարելի է այդպես ասել, հայկական Զելենսկու կերպարով՝ բրուտալ, չսափրված, կանաչ զինվորական շապիկ հագած: Դա հիմարություն է եւ խղճուկ, նկատի ունենալով Զելենսկու ժանրի ձախողումը բացարձակապես բոլոր ճակատներում:
«Երեկոն Սոլովյովի հետ» սեպտեմբերի 20
Կարդացեք նաև
Վլադիմիր Սոլովյով- Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարել է, որ որ Ռուսաստանն ունի հստակ պարտավորություններ՝ պաշտպանելու Լեռնային Ղարաբաղը ու հիմա դրանք չի կատարում…
…Դու, Գրիգորյան, քո տիրոջ հետ միասին վաճառել ես Ղարաբաղը: Դուք ասել եք, որ Արցախ գոյություն չունի, այլ կա տարածք, որն Ադրբեջանի կազմում է: Դուք հաշվել եք կիլոմետրերով, իսպառ ինքներդ ձեզ հեռացրել եք հայ ժողովրդի ճակատագրից, ձեռքերը չլվացած հանձնել եք Ղարաբաղը, դրա համար էլ հիմա, երբ լկտիաբար ինչ-որ բան հայտարարեք, ես կհիշեցնեմ ձեզ՝ այսօր հայ խաղաղապահները չեն զոհվել….
…Ուրեմն Փաշինյան, կարող ես կրքոտ համբուրել Ղարաբաղին դավաճանած ֆրանսիացիներին
…դե հրաժարվեք ամեն ինչից, Լենինի շնորհիվ ստացած հողերից, հրաժարվեք Արարատից… Ես հայերին չեմ դիմում, ես դիմում եմ թուրք Փաշինյանին և նրա խմբին, հրաժարվեք ամեն ինչից․․․
«Ռոսիա Սեգոդնյայի» և RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյան-Հայ ժողովուրդը Փաշինյանին չի ընտրել: Հայ ժողովուրդը ես եմ եւ իմ ամուսին Տիգրանն է հայ ժողովուրդը: Ռուսաստանում ավելի շատ մարդ է ապրում, քան Հայաստանում… Մեղմ ասած, ոչ բոլորն են ընտրել Փաշինյանին… Ավելին, իմ իմացած բոլոր մարդիկ, որոնք ապրում են այստեղ, ի սկզբանե հասկացել են, թե ինչ Հուդա է նա:
Ո՞վ է մեղավոր, ով է ձայնը տվել այդ Հուդային, մի մարդու, որը սիրտ չունի, խիղճ չունի, պատիվ չունի, մարդու, որը դավաճանել է իր ժողովրդի սրբություններին, ծախել իր ժողովրդին:
«Երեկոն Սոլովյովի հետ» սեպտեմբերի 21
Վլադիմիր Սոլովյով- Երբ ինչ-որ մեկը գնում է ՌԴ դեսպանատան առաջ եւ զզվելի բաներ է բղավում իմ երկրի հասցեին, ինձ մոտ հարց է առաջանում՝ ինչո՞ւ են մեր տղաները զենքը ձեռքներին պաշտպանում ղարաբաղցիներին, երբ դուք այստեղ Երեւանի հրապարակներում եք, ուրեմն ինչու զենք չվերցնեք եւ չգնաք մեր տղաների հետ ուս ուսի պաշտպանեք ղարաբաղցիներին
Вести недели, սեպտեմբերի 24
Մարգարիտա Սիմոնյան.- Ի սկզբանե պարզ էր, որ նա դավաճան է, միայն դավաճանը, լրիվ ապուշը (իսկ հիմարները իշխանության մեջ անելիք չունեն) կարող էր չհասկանալ, որ Ռուսաստանից բացի՝ ոչ ոք երբեք չի պաշտպանել Հայաստանն ու հայ ժողովրդին:
«Воскресное Время» սեպտեմբերի 24-ի ժամը 21-ի թողարկում
Նորագույն երկրների միջազգային ինստիտուտի տնօրեն Ալեքսեյ Մարտինով-Այն բանից հետո երբ Փաշինյանը ծախեց Ղարաբաղը, եւ վերականգնվեց 1991 թ Ադրբեջանի իրավասությունը, Երեւանում հիստերիա է բարձրացել՝ տեսեք ռուսներն անպաշտպան թողեցին Ղարաբաղը, ուրեմն թող հանեն ռուսական ռազմաբազան:
Հիշեցնենք, որ Aravot.am-ի հետ զրույցում Հայաստանի Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանն ասել էր, որ Հայաստանի Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը հանրապետությունում ռուսական հեռուստաալիքների հեռարձակման մասին պայմանագրի դրույթների խախտումներ է հայտնաբերել, ապատեղեկատվություն, թշնամական խոսք՝ Հայաստանի եւ ՀՀ իշխանությունների հասցեին: Կփորձենք ՀՌՀ նախագահից մեկնաբանություն խնդրել նաեւ մեր ձեռքի տակ հայտնված ուսումնասիրության վերաբերյալ:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ