«Պատահական չէ, որ Գրանադա գնաց այս կառավարության ղեկավարը եւ հլու-հնազանդ կամակատարի պես ընդունեց մի հայտարարություն, որի անհրաժեշտությունը բացարձակապես չկար: Սա ընդամենը Ադրբեջանի նախագահի հերթական պահանջի կատարումն է, եւ եթե մեր ժողովուրդը մտածում է, որ այդ գեղեցիկ հայտարարություններով, տարբեր տեսակի խոստումներով, գեղեցիկ ժպիտներով, ուսը կամ թիկունքը շոյելով մեր անվտանգությունն ապահովվելու է, ապա շատ սխալվում են. ոչ ֆրանսիական նավերն են հասնելու մեր լեռները, ոչ էլ նրանք կարողանալու են ինչ-որ զինատեսակներով այնքան ապահովել եւ ժամանակին ապահովել, որպեսզի մենք կարողանանք բարձրացնել մեր մարտունակությունը, որ կարողանանք ապահովել մեր հանրապետության անվտանգությունն ու մեր սահմանների անձեռմխելիությունը»,- այսօր «Հայելի» մամուլի ակումբում կայացած ասուլիսում կարծիք հայտնեց Արտակարգ եւ լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը՝ փաստելով, որ երկու շաբաթվա ընթացքում, ականատես եղանք ցեղասպան գործողության վերջին արարին, որին լռելայն մասնակցեցին նաեւ այսօր ՀՀ իշխանության ղեկին նստածները՝ մեղսակից դառնալով այդ հանցագործությանը: Նա նկատի ունի Արցախի հանձնումը:
Խորհրդարանի վերջին նիստում տեղի ունեցածը բանախոսը համարում է գործող իշխանության ներկայացուցիչների կողմից իրենց ցեղասպան գործողությունների մեղքի բարդում այլոց վրա: Ժողովուրդն էլ՝ իր չընդվզելով, ըստ բանախոսի, մեղսակից է դառնում այդ ցեղասպան գործողություններին:
Անկախ տարբեր բացատրություններից, նրա գնահատմամբ, պատմությունն արդեն արձանագրել է, որ հայ ժողովուրդը՝ Հայաստանում եւ Սփյուռքում, ի զորու չեղավ պահպանել իր հայրենիքի անգին հատվածը եւ այդտեղ բնակվող հայերին՝ ցեղասպան գործողություններից ու հայրենազրկումից:
Եվ քանի դեռ մենք ճիշտ չենք գնահատել իրողությունները, ավելին, մեղքը շարունակում ենք այլոց վրա բարդել՝ լինի դա ՌԴ, ԱՄՆ, Եվրոպա եւ այլն, հնարավոր չի լինելու կանգնեցնել այս գահավիժումը, այս ողբերգությունը, ապահովագրել ՀՀ-ն՝ հնարավորություն տալով նաեւ հետագայում վերականգնել Արցախը: Գործող իշխանությանը պահելով իշխանության ղեկին` Ձյունիկ Աղաջանյանի կարծիքով, մենք տուրք ենք տվել թուրք-ադրբեջանական ծրագրերի իրագործմանը, եւ եթե այսօր քայլեր չենք ձեռնարկում՝ փոխելու այս իրավիճակը, վաղը նույն խոսույթն ենք ունենալու Հայաստանի տարածքների մասով:
Կարդացեք նաև
Եվրոպական երկրները, այդ թվում նաեւ` Ֆրանսիան, դիվանագետի գնահատմամբ, «քամված» են ուկրաինական պատերազմում եւ ցանկացած խոստում, որը տալիս են, լավագույն դեպքում կարող է իրականություն դառնալ 2-3 տարվա ընթացքում, եթե այդ ընթացքում ոչինչ չկատարվի. «Իսկ այս տեմպով շարունակելու պարագայում, մեր պետությունը 2-3 տարվա ընթացքում կարող է ընդհանրապես գոյություն չունենալ»:
Արցախի էջը փակելու Ադրբեջանի շտապողականությունը դիվանագետը պայմանավորում է ուկրաինական իրադարձությունների հետագա զարգացումներով եւ կարծում է, որ սպասվելիք իրադարձությունների համատեքստում, աշխարհաքաղաքական այնպիսի իրողություններ կարող էին ստեղծվել, որ Ադրբեջանին թույլ չէր տրվի ընդհանրապես Արցախին մոտենալ:
«Եվ այդ առեւտուրը շարունակվում է: ՀՀ կառավարության ղեկավարը, գնալով Գրանադա եւ այդ փաստաթուղթը ստորագրելով, շարունակում է առեւտուրն՝ արդեն Հայաստանի մասով»,- հայտարարեց Ձյունիկ Աղաջանյանը՝ հավելելով, որ Իլհամ Ալիեւի չգնալը երկու խնդիր էր լուծում՝ Թուրքիայի եւ Էրդողանի դերակատարման մեծացում, նրան եվրոպական հարթակում թելադրող պետություն ներկայացնելով:
Թեեւ այս փուլում եվրոպացիները չեն ընդունել Թուրքիայի այդ դիրքը, բայց իրենց հեռահար նպատակներից ելնելով՝ «ինչի համար այս ողջ ապուրը եփվում է», ժամանակի ընթացքում, բանախոսի համոզմամբ, ընդունելու են: Նաեւ այն պատճառով, որ Թուրքիան իրենց պետք է՝ իբրեւ ՆԱՏՕ-ի անփոխարինելի անդամ:
Իսկ երկրորդ խնդիրը, որը չգնալով լուծել է Ալիեւը, դա ռուսական գործոնի բարձրացման միջոցով՝ Արեւմուտքից՝ Հայաստանի հաշվին պոկվելիքի առեւտրային հիմքերը մեծացնելն է: Այսինքն, նա իր բանակցային դիրքերը փորձեց ամրապնդել՝ ռուսական գործոնի հետ հարաբերություններն ուժեղացնելով եւ Արեւմուտքին ասելով՝ եթե չեք ճնշում Հայաստանին, որպեսզի ես ստանամ այն, ինչ ուզում եմ, ես կթեքվեմ ՌԴ-ի կողմ: Բանախոսը, միաժամանակ նկատում է, որ Արեւմուտքն Ադրբեջանում հսկայական ներդրումներ է արել՝ զինտեխնիկա եւ եւ այլ ներդրումներ, հսկայական հեղինակային զիջումների է գնում՝ լռությամբ կուլ տալով այն ամենն ինչ իրականացնում է Ադրբեջանը՝ ժողովրդավարության եւ մարդու իրավունքների մասով, անգամ Արցախի 9-ամսյա շրջափակումը, հայրենազրկումը, եւ դա արվում է, որպեսզի հետագայում իրենց հակաիրանական ծրագիրը կարողանան իրականացնել, որի հիմնական իրականացնողն Ադրբեջանն է եւ, որը, նժարի վրա ծանրացնում է իր կշռաքարը:
Այս իրավիճակում, ՀՀ իշխանությունները՝ շարունակելով Ադրբեջանին գործընկեր ներկայացնել՝ հերթական զիջողական քայլը կատարեցին դեպի Ադրբեջան եւ Արեւմուտք:
Ձյունիկ Աղաջանյանը «հոգու փրկագին» է անվանում այն գումարները, որոնք արեւմտյան երկրները վճարում են արցախցիներին՝ իրենց հայրենազրկման դիմաց:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ