Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ ՊՆ-ից առանձնապես խոշոր չափերի` 60 մլն ՀՀ դրամի հափշտակություն կատարելու և դրան օժանդակելու մեղադրանքով ձերբակալվել են ՊՆ զորամասի հրամանատարն ու ևս 6 անձ

Հոկտեմբեր 06,2023 19:24

ՀՀ պետական վերահսկողական ծառայության ուսումնասիրության հիման վրա նախաձեռնված քրեական վարույթով ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների կողմից իրականացված մեծածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական համալիր գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ Ռ. Բ-ն, զբաղեցնելով ՀՀ պաշտպանության նախարարության N զորամասի հրամանատարի և ՀՀ ՊՆ կարիքների համար ներկրվող միջոցների ընդունման համար ստեղծված հանձնաժողովի նախագահի պաշտոնը, շահադիտական նպատակով կատարել է պաշտոնեական կեղծիք և օժանդակել Կ. Գ.-ի կողմից ՀՀ ՊՆ-ից առանձնապես խոշոր չափերի՝ շուրջ 60 մլն ՀՀ դրամի հափշտակությանը:
Մասնավորապես՝ ՀՀ ՊՆ կարիքների համար ներկրվող նյութական միջոցների ընդունման համար ստեղծված համապատասխան հանձնաժողովի կազմում, ի թիվս ՊՆ զորամասի այլ ստորաբաժանումների ղեկավարների, ընդգրկվել է նաև ՀՀ ՊՆ N զորամասի հրամանատար Ռ. Բ.-ն:

ՀՀ պաշտպանության նախարարության կարիքների համար 240 տոննա «Տոսոլ Ա-40» տեսակի հակասառիչ նյութի ձեռքբերման համար 2017 թվականի ապրիլին իրականացված մրցույթին մասնակցել և հաղթող է ճանաչվել «Մոսէսքո» ՍՊ ընկերությունը՝ առաջարկելով 94.320.000 ՀՀ դրամ (1կգ-ի արժեքը՝ 393 ՀՀ դրամ): Դրանից հետո հիշյալ ՍՊԸ տնօրեն Կ. Գ.-ի հետ կնքվել է պետական գնման պայմանագիր, որով ընկերությունը պարտավորվել է անհրաժեշտ կարգով և ժամանակացույցով մատակարարել պայմանագրով սահմանված տեխնիկական բնութագրին համապատասխանող «Տոսոլ Ա-40» տեսակի հակասառիչ նյութ:

Ըստ վերը նշված պայմանագրի՝ 2017 թվականի ընթացքում «Մոսէսքո» ՍՊ ընկերությունը ՀՀ պաշտպանության նախարարությանը պետք է մատակարարեր 240.000 կգ հակասառիչ նյութ, սակայն պարզվել է, որ նշված քանակից 154.980 կգ-ն իրականում չի ներմուծվել և չի մատակարարվել ՊՆ-ին:

Այսպես՝ նախաքննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ Կ. Գ.-ի կողմից ՀՀ ՊՆ-ից խարդախությամբ առանձնապես խոշոր չափերի գումար հափշտակելուն օժանդակելու նպատակով հանձնաժողովի նախագահը՝ N զորամասի հրամանատար Ռ. Բ.-ն և հանձնաժողովի 6 անդամները շահադիտական նպատակով «Մոսէսքո» ՍՊ ընկերության կողմից իրականում 52.920 կգ «Տոսոլ Ա-40» տեսակի հակասառիչ նյութ մատակարարված չլինելու պայմաններում, 2017 թվականի հոկտեմբերի 21-ին կազմել և ստորագրել են կեղծ փաստաթուղթ հանդիսացող ակտ, որի համաձայն՝ իբր տվյալ ՍՊԸ-ի կողմից ՀՀ ՊՆ N զորամաս մատակարարվել է 252 հատ 200 լիտր տարողությամբ տարաներով, 20.797.560 ՀՀ դրամ արժողությամբ ընդհանուր 52.920 կգ հակասառիչ նյութ: Դրանից հետո կազմվել են նաև կեղծ նմուշառման և ընդունման ակտեր, համաձայն որոնց՝ «Մոսէսքո» ՍՊ ընկերության կողմից իբր մատակարարված 52.920 կգ հակասառիչ նյութն ընդունվել է:

Բացի այդ, Կ. Գ.-ն խաբեության նպատակով զորամաս է ներկայացրել իրականում գոյություն չունեցող, ՀՀ չներմուծված և չմատակարարված «Տոսոլ Ա-40» տեսակի հակասառիչ նյութի որակի անձնագրեր, որոնք հանձնաժողովի կողմից ներկայացվել են լաբորատորիա:

Այնուհետև Կ. Գ.-ն խաբեության նպատակով կազմել և ստորագրել է մի շարք այլ ակտեր ևս, այդ թվում՝ հանձնման-ընդունման կեղծ արձանագրություն, որի հիման վրա ՀՀ ՊՆ-ի կողմից 2017 թվականի նոյեմբերի 3-ին «Մոսէսքո» ՍՊ ընկերության հաշվին է փոխանցվել 19.473.260 ՀՀ դրամ, որը Կ. Գ.-ն զորամասի հանձնաժողովի նախագահ Ռ.Բ.-ի և հանձնաժողովի 6 անդամների օժանդակությամբ խարդախությամբ հափշտակել է:

Բացի այդ, նախաքննությամբ պարզվել է, որ Կ. Գ.-ն վերը նշված եղանակով 2017 թվականի տարբեր ամիսներին կազմել և ստորագրել է ՊՆ N զորամաս 6.684.930 ՀՀ դրամ արժեքի 17.010 կգ, 8.995.770 ՀՀ դրամ արժեքի 22.890 կգ և 24.428.880 ՀՀ դրամ արժեքի 62.160 կգ «Տոսոլ Ա-40» տեսակի հակասառիչ նյութ մատակարարելու վերաբերյալ պաշտոնական կեղծ փաստաթղթեր, որոնց հիման վրա ընկերության հաշվին փոխանցված հիշյալ գումարները, դարձյալ զորամասի հրամանատարի և հանձնաժողովի անդամների օժանդակությամբ, խարդախությամբ հափշտակել է:
Արդյունքում զորամասի հրամանատարի և հանձնաժողովի անդամների օժանդակությամբ ու վերջիններիս կողմից պաշտոնեական կեղծիք կատարելու միջոցով Կ. Գ.-ն խարդախությամբ ՀՀ պաշտպանության նախարարությունից հափշտակել է առանձնապես խոշոր չափերի՝ ընդհանուր շուրջ 60 մլն ՀՀ դրամ:

Զորամասի հրամանատար Ռ. Բ.-ն և հանձնաժողովի 6 անդամները ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ-հետախուզական վարչության աշխատակիցների կողմից ՀՀ ՊՆ ՌՈ ծառայողների օժանդակությամբ բերման են ենթարկվել Հակակոռուպցիոն կոմիտե և ձերբակալվել: Նրանց մեղադրանքներ են ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով: Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչի կողմից միջնորդություններ են ներկայացվել դատարան՝ զորամասի հրամանատարի և ևս 3 անձի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու համար:

«Մոսէսքո» ՍՊ ընկերության տնօրեն Կ. Գ.-ն կալանավորված է:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031