Ինչպես տեղեկացել ենք, Շիրակի մարզի Ամասիա խոշորացված համայնքի Մեղրաշատ գյուղի բնակիչներն այսօր եկել էին Շիրակի մարզպետարան՝ իրենց մտահոգությունը փոխանցելու առ այն, որ համաձայն չեն իրենց գյուղի դպրոցը հարևան ՝ Բյուրակնի դպրոցին միավորելու կառավարության որոշման հետ։
Նրանք նշում էին, որ իրենց դպրոցն ունի բոլոր հարմարավետ պայմանները՝ գազաֆիկացված է, գույքով ապահովված, աշակերտների պակաս չունի․ 60 աշակերտ կա։ Ծնողները նաև ասում էին, որ հարևան Բյուրակնի դպրոցն անգամ ջեռուցման համակարգ չունի։
Նրանք նաև ասում էին, որ իրենց գյուղը սահմանամերձ է, զինվորականների ընտանիքներն են այստեղ բնակվում, և եթե դպրոցը փակվի, գյուղը կդատարկվի։
Նրանց այսօր լսել էր Շիրակի մարզպետի աշխատակազմի կրթության,մշակույթի և սպորտի վարչության գլխավոր մասնագետ Գևորգ Ղումաշյանը։
Կարդացեք նաև
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը, որն այսօր հյուրընկալել էր ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանին, նրան ճանապարհելուց անմիջապես հետո Շիրակի մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Հրայր Կարապետյանի հետ մարզպետարանի դահլիճում հանդիպել է Մեղրաշատի բնակիչների հետ։ Նրանց հետ երկար զրուցել է, մանրամասնել ու պարզաբանել, որ դպրոցների միավորումը ոչ թե արհեստականորեն է արվելու, այլ Բյուրակն համայնքում կառավարությունը մեծ ներդրում է կատարելու․ կառուցվելու է հզոր, գերժամանակակից կրթահամալիր՝ մարզադաշտով, ֆուտբոլի դաշտով, լողավազանով, մշակութային խմբակներով։ Այն ծառայելու է որպես համայնքային կենտրոն։
Մուշեղ Մուրադյանը Մեղրաշատի բնակիչներին նաև առաջարկել է՝ առարկություններ ունենալու դեպքում գրավոր ներկայացնել ասելիքը, որպեսզի այն փոխանցի կառավարությանը։
«Բնակիչներին պարզաբանվեց, որ կառավարությունը մեծ գործ է անելու կրթահամալիր կառուցելով։ Մոտ 2-3 միլիարդ դրամ արժողությամբ ներդրում է արվում։ Նշել եմ, որ դպրոց փակել հասկացողություն գոյություն չունի, նախ պիտի դպրոցը կառուցվի, որ կարողանան իրենց երեխաներին տանել Բյուրակն։ Մեր զրույցից հետո իրենք հասկացան, թե իրականում ինչ ծրագիր կա, ինչ է արվելու»,-մեզ հետ զրույցում ասաց Մուշեղ Մուրադյանը։
Հիշեցնենք, որ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի՝ սույն թվականի սեպտեմբերի N 11-ի 1790 Ա/2 հրամանով հաստատվել է «ՀՀ կրթական որակյալ ծառայությունների ապահովման հասանելիության ծրագրում ներառված պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների ցանկը»։ Այդ ցանկում ՀՀ 232 դպրոցներ են ընդգրկված, որոնցից 48-ը Շիրակի մարզի դպրոցներ են։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ