Լրահոս
Օրվա լրահոսը

«Քիմիկներ»-ի զորամասի գործով վկայի ցուցմունքներում հակասություններ կան․ նա դատարանում հայտնել է, թե ամբաստանյալներին չի ճանաչում, իսկ նախաքննական ցուցմունքում նշել է նրանց անունները

Հոկտեմբեր 06,2023 18:41

Այսօր հակակոռուպցիոն դատարանում շարունակվում է «Քիմիկների զորամասի» անհետ կորած պայմանագրայինների գործով դատական նիստը, որի ընթացքում հարցաքննվում են վկաները։

Ըստ հարուցված քրեական գործի՝ 2020-ի հոկտեմբերի 21-ին Կովսականում հակառակորդի հետ մարտի բռնվելու հետեւանքով «Քիմիկների զորամասի» 5 զինծառայող գերեվարվել է, 12-ը՝ սպանվել, 23 զինծառայողի եւ 1 վարորդի գտնվելու վայրը մինչ այսօր անհայտ է։

Մեղադրանք է առաջադրվել ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի նախկին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Անդրանիկ Մակարյանին, զորամասի հրամանատար Արսեն Աբգարյանին, 2020 թվականին նույն զորամասի շտաբի պետ, փոխգնդապետ Սարգիս Կուլակչյանին եւ զորամասի համալրման բաժանմունքի նախկին պետ, կապիտան Էլլադա Հարությունյանին։ Նրանք առաջադրված մեղադրանքները չեն ընդունում։

Հիշեցնենք, որ դեպքի օրը, ըստ մեղադրանքի, Անդրանիկ Մակարյանը հրաման է տվել, որ  62 հոգանոց անձնակազմը մեկնի Կովսականի ուղղությամբ գտնվող «Կիրի հանք» տեղանք եւ «Սանրում» օպերացիան կատարի՝ հայտնաբերի եւ ոչնչացնի հակառակորդի դիվերսիոն-հետախուզական խմբերը։ Սակայն Մակարյանը ճիշտ չի կազմակերպել անձնակազմի ուղեկցման խնդիրը։ Նրա եւ Արսեն Աբգարյանի՝ ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունքի հետեւանքով խումբը «Կիրի հանք» հասնելու նպատակով Կովսականի շրջանի Կերեն գյուղի վարչական տարածքում տեղակայված ոստիկանական հենակետում իջնելու փոխարեն հասել է դրանից շուրջ 5-6 կմ հեռու գտնվող  Կովսական քաղաքի սկզբնամաս, որտեղ էլ ընկել է շրջափակման մեջ եւ հակառակորդի զինծառայողների հետ բռնվել անհավասար մարտի: Շրջափակումից կարողացել են դուրս գալ միայն 22 զինծառայող։

Այսօրվա դատական նիստում շարունակվեց  44-օրյա պատերազմի ժամանակ պահեստազորայինների կազմով որպես խոհարար զորակոչված Ալեքսանդր Բաբայանի հարցաքննությունը։ Նա մինչ այս  հայտարարել էր, որ մարտական առաջադրանքը ձախողված էր, հակառակորդի հետ անհավասար պայմաններ էին։

Նա նիստերի դահլիճում հայտարարեց, որ չգիտի, թե ով էր  օպերացիան ղեկավարում, իր  հրամանատարը Կապանի զորամասից Արտակ Վարդանյանն էր․«Ամբաստանյալներից ոչ մեկին չեմ ճանաչում»։

Դատախազն էլ հայտարարեց, որ Բաբայանի՝ նախորդ դատական նիստին տված ցուցմուքներում եւ նախաքննության ընթացքում տված ցուցմունքում առկա են էական հակասություններ։ Ապա դատախազը  մեջբերեց Բաբայանի՝ 2021 թվականի հուլիսի 21-ի նախաքննական ցուցմունքից կոնկրետ հատված․«Մեզ հատկացվեց քաղաքացիական երեք ավտոբուս։ Այդ ուղղությամբ մեկնել ենք 60  հոգով ։ Մինչ ավտոբուսները նստելը, մեզ՝ հետախույզներիս, խնդիր չի տրվել, որ մենք  նախքան օպերացիան պետք է իջնենք ինչ-որ տեղ, «սանրենք» տարածքը, նոր մնացած անձնակազմը միանա մեզ։ Խնդիրը  պետք է կատարեինք երկու խմբով, երկու ուղությամբ։ Մյուս խումբը եւ ողջ օպերացիան անձամբ ղեկավարում էր գեներալ-լեյտենանտ Անդրանիկ Մակարյանը։ Ես եւ Կոստանյանը եւ Գեւորգ Եդիգարյանը նստել ենք առաջին ավտբուսը, մնացած տղաները՝ երկրորդ եւ երրորդ մեքենաները։ Մեզ ուղեկցել են Զանգելանի ճանապահով, բայց թե ո՞ւր, չգիտեինք։ Միայն ճանապարհին հիշում եմ մեր դիմացից երթեւեկող Քիմիկների հրամանատար Արսեն Աբգարյանի Վիլիս մեքենան էր։ Մի կես ժամ գնացել ենք, դիմացի Վիլիսը կանգնեց, աջ կողմի սարի վրա մարդկային շարժ նկատվեց։ Կանգնել ենք, իջել բոլորով, մինչ կհասկանայինք ՝ ովքեր են, հասկացանք, որ մերոնք չեն, հայտնվել ենք հակառակորդի տեսադաշտում եւ  վայրկյաններ անց սկսվեց մարտը»։

Իր իսկ ցուցմունքը դատախազի ընթերցմամբ լսելուց հետո Բաբայանն ասաց՝ այո, լսեցի, ուղղակի տենց մարդկանց չեմ ճանաչում, ո՞նց կարամ անուններ էդտեղ նշեմ։

Բաբայանը հաստատեց, որ ցուցմունքի տակ իր ստորագրությունն է եւ անուն-ազգանունը, ինչպես նաեւ, ինչպես դատախազը ներկայացրեց, նշված է՝ ցուցմունքն անձամբ կարդացի, արձանագրվել է իմ խոսքերից։

Բաբայանը հաստատեց՝ իմ խոսքերից են արձանագրվել,  բայց անուններ ես չեմ շոշափել, այո, կարդացել եմ ցուցմունքը․«Հա, դե որ ստորագրված է, հա, պնդում եմ իմ ցուցմունքը»։

Դատախազը հարց ուղղեց՝ արդյոք եղել է դեպք, որ հարցաքննության ժամանակ քննիչը ներազդի իր վրա։ Բաբայանը հերքեց․«Չի կարա ոչ մեկը տենց բան անի։ Ես կարող ա ասել եմ, որ կոնկրետ օպերացիան ղեկավարել է էսինչ մարդը, բայց ոչ տեսել եմ, ոչ ճանաչել եմ»։

Բաբայանը մեկ ասաց, որ երեւի քննիչն է անուններ ավելացրել, մեկ էլ ասաց, որ քննիչն արձանագրել է այն, ինչ ինքն ասել է,  որեէ ապօրինի ազդցեություն իր վրա չի եղել։ Իսկ թե ինչով է պայմանավորված ցուցմունքներում հակասությունը, Բաբայանն ասաց․«Չեմ կարում հիշեմ, թե ինչով է պայմանավորված, որ նշվում է Արսեն Աբգարյանն է եղել մեքենայում։ Կարող է նախկինում ավելի թարմ էր հիշողությունս․․․ դե որ գրած ա, պնդում եմ նախաքննական ցուցմունքս»։

Պաշտպանական կողմի հարցին ի պատասխան էլ Բաբայանն ասաց՝ երբ ես գնացի քննիչի մոտ, Արսեն Աբգարյանի անունը չգիտեի։

Այդ դպքում ինչպե՞ս կբացատրի, որ իր ցուցմունքում նշել է Աբգարյանի անունը, հնարավո՞ր է քննիչն է անունը հուշել, Բաբայանն ասաց՝ միգուցե քննիչը ինչ-որ բան հուշել է, ավտոմատ կերպով տենց գնացել է։ Ես չեմ կարա հիշեմ, բայց խոսք եմ տալիս, կհիշեմ։ Էդի ձեւ չկա, ես հիշողությունից լավ եմ, կհիշեմ»։  Մինչդեռ Բաբայանը մինչ այդ ասում էր, որ իր ճնշում չի եղել, հուշում չի եղել։

«Հարցաքննության ժամանակ ես  շոկի մեջ էի, մի քանի օրվա եկած էի, բաներ կան, կարող ա մոռացել եմ»,-ասաց Բաբայանը։ Ապա նա ի հստակեցումն դատախազի՝ կարո՞ղ է այն ժամանակ եք լավ հիշել, հիմա՝ մոռացել,  Բաբայանն ասաց՝ կարող ա, քանի տարի ա անցել, հազար պրոբլեմ կա․«Հիմա չեմ հիշում․․․ որ քննիչն իմ մտքերին բան ավելացրած լինի՝ չեմ հիշում»։

Նա չհիշեց, թե կոնկրետ այս ցուցմունքը որտեղ ու որ քննիչի մոտ է  տվել։

Դատախազի մեկ այլ հարցին՝ տեղյա՞կ է  նախքան օպերացիայի մեկնելը Անդրանիկ Մակարյանի  զորամաս այցի մասին, Բաբայանը բացասական պատասխան տվեց։

Բաբայանը պատմեց, որ օպերացիայի մեկնելուն կեսգիշերն են պատրաստվել, լուսադեմին իմացել է, որ դրան մասնակցելու է նաեւ Քիմիկների զորամասը․«Այդ ժամանակ չգիտեի Քիմիկների զորամասի հրամանատարին։ Սպայակազմից մարդ չեմ տեսել, չեմ ճանաչում»։

Դահլիճում ներկա զոհվածների հարազատներից մեկը հետաքրքրվեց՝ հավականությունը քանի՞ տոկոս էր, որ սարի այն կողմից՝ թշնամու հետեւից, եթե մերոնք կրակ բացեին, ձեր վրա կշարունակվեր նույն քանակությամբ կրակը։  Ի պատասխան այս հարցի, Բաբայանն ասաց․«Չեմ կարող ասել, միգուցե փրկեր։ Իրանք շատ-շատ էին, գուցե մի քիչ օգներ մեզ»։

«Սարի այն կողմում եղել է գեներալ-լեյտենանտ Անդրանիկ Մակարյանը»,-արձագանքեց զոհվածի հարազատը։ «Նոր եմ լսում»,-ի պատասխան ասաց Բաբայանը։

 Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031