Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀՀ-ն կարող է նաև Պուտինին չձերբակալել, բայց դա կլինի ՀՀ միջազգային պատավորությունների խախտում, որից կծագի ՀՀ-ի պատասխանատվությունը»․ Արման Զրվանդյան

Հոկտեմբեր 06,2023 17:12

«Միջազգային քրեական դատարանում որևէ մեկը չունի իմունիտետ, նույնիսկ երկրի գործող նախագահը»,- «Մեդիա կենտրոնում» «Հենման կետ» հաղորդման ժամանակ վստահեցրեց Հայաստանի Ամերիկյան համալսարանի պրոֆեսոր, ՄԻԵԴ աշխատակազմի նախկին աշխատակից, փաստաբան Արման Զրվանդյանը՝ անդրադառնալով ՀՀ խորհրդարանի կողմից Հռոմի ստատուտի վավերացմանը։

Փաստաբանը տեղեկացրեց, որ արդեն Սուդանի և ՌԴ նախագահների վերաբերյալ կա դատարանի կողմից ձերբակալության սանկցիա։ Նա պարզաբանեց՝ որոշումների կատարումը թողնված է անդամ պետությունների վրա․ «Վավերացնելով Հռոմի ստատուտը՝ պետությունները պարտավոր են կատարել որոշումները։ Եթե մի օր Սուդանի նախկին նախագահ Օմար ալ Բաշիրը գա Հայաստան, ՀՀ-ն կստանա համագործակցության խնդրանք, և դա պարտավոր է կատարել ու ձերբակալել նրան և ուղարկել Հաագա»։

Հարցին՝ նույնը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՞ն է վերաբերում, փաստաբանը պատասխանեց․ «Բոլոր այն անձանց, ում վերաբերյալ կա ձերբակալության սանկցիա»։ Փաստաբանն ասաց, որ ՀՀ-ն կարող է նաև Պուտինին չձերբակալել, բայց դա կլինի ՀՀ միջազգային պատավորությունների խախտում, որից կծագի ՀՀ-ի միջազգային իրավական պատասխանատվությունը․ «Ես ուզում եմ հստակեցնել, որ որևէ իրավաչափ մեխանիզմ գոյություն չունի, որով ՀՀ-ն կարող էր որևէ այլ երկրի տալ իրավաչափ երաշխիքներ, որ այդ մասով ինքն իր պարտականությունները չի կատարի»։

Հարցին՝ իսկ պարտավորությունների չկատարումը ի՞նչ իրավական հետևանք կարող է ունենալ ՀՀ-ի համար, Արման Զրվանդյանը պատասխանեց․ «Սկսած անդամության կասեցումից մինչև անդամությունից հեռացում, նաև այդ իրավախախտման համար ՀՀ-ի դեպքը կարող է ուղարկվել ՄԱԿ-ի ԱԽ քննարկման՝ մինչև անգամ սանկցիաների»։

Ըստ փաստաբանի՝ այն ինչ ասվել է ՀՀ-ի կողմից ռուսական կողմին, դրանք քաղաքական հայտարարություններ են, և որևէ իրավական հիմնավորում ունենալ չեն կարող․ «Նման ընթացակարգ պարզապես գոյություն չունի։ Մենք վավերացնում ենք ստատուտը, պարտավորվում ենք համագործակցել դատարանի հետ։ Ենթադրենք՝ ՀՀ-ն երկկողմանի պայմանագիր ունի՝ օրինակ՝ ՌԴ-ի հետ․ դրանք նախ առոչինչ են։ Չես կարող միջազգային պայմանագիր վավերացնել, մեկ ուրիշ երկրի հետ այլ պայմանագիր ստորագրել ու ասել, որ քո մասով չեմ կատարելու իմ պարտավորությունները։ Նման մեխանիզմ ուղղակի գոյություն չունի»։

Հիշեցմանը՝ ՌԴ-ի կողմից հնչեցին կարծիքներ, որ ՀՀ-ի կողմից Հռոմի ստատուտի վավերացումը չմտածված, ռազմավարական առումով ոչ ճիշտ որոշում էր, Արման Զրվանդյանն արձագանքեց․ «Ֆրանսիան միջուկային տերություն է, Մեծ Բրիտանիան․ փաստորեն այդ երկրներն ինքնիշխանություն չունե՞ն։ Աշխարհի 130 երկիր վավերացրել է Հռոմի ստատուտը՝ փոքր երկրներ, մեծ երկրներ, միջուկային երկրներ։ Ես համաձայն չեմ։ Դա քաղաքական հայտարարություն է։ Ամեն երկիր ինքը պետք է որոշի՝ իր շահերից է բխում վավերացումը, թե՝ ոչ։ Իմ խորին համոզմամբ՝ Հռոմի ստատուտի վավերացումը բխում է ՀՀ պետական շահերից, և ես ողջունում եմ այդ վավերացումը»։

Ըստ փաստաբանի՝ ցանկացած միջազգային կազմակերպությանը անդամակցությունը ինչ-որ առումով ինքնիշխանությունից նահանջ է, բայց երկրները գիտակցված են դա անում՝ իրենց շահերից ելնելով։

Այն կարծիքներին, թե նման դատարանների որոշումներն առոչինչ են, օրինակ՝ Հաագայի դատարանի որոշումը Ադրբեջանը չկատարեց, փաստաբանն այսպես պատասխանեց․ «Նկատել եմ, որ Հաագայի բոլոր դատարանները ընկալում են՝ որպես նույն դատարաններ։ Հաագայում շատ դատարաններ կան։ Մենք խոսում ենք միջազգային քրեական դատարանի մասին։ Ճիշտ չեմ համարում այս դատարանի համեմատությունը ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանի հետ։ ՄԱԿ-ի դատարանում քննվում են միջպետական գործեր, բայց միջազգային քրեական դատարանը, որը ՄԱԿ-ի դատարան չէ, քննում է գործեր 18 տարին լրացած ֆիզիկական անձանց նկատմամբ։ Նրա համար իր վճիռն ավելի հեշտ ու արդյունավետ է․ նա ոչ թե սուվերեն պետության դեմ պիտի կատարի, այլ կոնկրետ անձի դեմ»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուսանկարը՝ «Մեդիա կենտրոն»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031