Էջմիածնի բժշկական կենտրոնում լույս աշխարհ է եկել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքի առաջնեկը՝ հրաշք Մաքսը: Փոքրիկը ծնվել է 2930 գրամ քաշով և 50 սմ հասակով:
Արմավիրի մարզպետի խորհրդական Սաթենիկ Թովմասյանն այցելել է ծննդատուն՝ տեսակցելու և մարզպետի ու մարզպետի աշխատակազմի անունից շնորհավորելու մայրիկին:
Սվետլանան՝ փոքրիկի մայրը, պատմեց, որ իրենց լավ են զգում, հոգատար ձեռքերում են, հիվանդանոցում ամեն ինչ անում են իր և իր երեխայի համար: Եկել են Ստեփանակերտից, ամուսինը զինվորական էր, ինքը մասնագիտությամբ ռազմական բուժակ, սակայն երբեք չի աշխատել: Հիմա վարձով բնակվում են Փարաքար համայնքում: Որդուն անվանակոչել են Մաքս՝ 44-օրյա պատերազմում զոհված քեռու պատվին: Փոքրիկը ընտանիքին ապրելու և արարելու ուժ է տվել:
«Կյանքը շարունակվում է, պետք է առաջ նայել»,- ասաց փոքրիկի մայրը՝ Ստետլանան:
Կարդացեք նաև
Նշենք, որ Էջմիածնի ծննդատանը լույս աշխարհ էին եկել նաև ԼՂ-ից տեղահանված Սուսաննա Բադալյանի և Սուսաննա Ավագյանի երկրորդ զավակները:
Երկու փոքրիկներն էլ առողջ են, այս պահին որևէ բանի կարիք չունեն, գտնվում են բժիշկների հսկողության և հոգատարության ներքո:
Արմավիրի մարզպետի աշխատակազմ