Եվրամիությունը չպետք է գազ գնի Ադրբեջանից, քանի որ այդ երկիրն անհուսալի գործընկեր է Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողություններ իրականացնելուց հետո։ Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը, այս մասին Գրանադայում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում լրագրողներին ասել է Եվրախորհրդարանի ղեկավար Ռոբերտա Մեցոլան։
«Մենք չենք կարող մի անվստահելի էներգետիկ գործընկերից անցնել մյուսին: Սա մեր դիրքորոշումն է»,- ասել է նա:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Եվրախորհրդարանը բանաձև է ընդունել, որով Եվրամիությանը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի դեմ՝ ԼՂ-ում ռազմական գործողություններ իրականացնելու պատճառով, ինչպես նաև վերանայել համագործակցությունը Բաքվի հետ և նվազեցնել կախվածությունը ադրբեջանական գազի ներկրումից։