Լրահոս
Օրվա լրահոսը

«Ֆրանսիան որոշիչ քայլերով կիրագործի՞ Հայաստանին ռազմական օգնության տրամադրումը, թե՞ պետք է շաբաթներով ու ամիսներով սպասենք»․ Հիլդա Չոբոյան

Հոկտեմբեր 06,2023 16:41

«Ֆրանսիան ռազմական տեխնիկա կտրամադրի՞ Հայաստանին, դա մասամբ կախված է Հայաստանի կարիքներից ու Հայաստանի իշխանությունների հայցից, բայց իմ կարծիքով՝ Ֆրանսիան այսօր Հայաստանին մասսայական ռազմական օգնություն տրամադրելու տրամադրություն չունի»,- այս մասին «Առավոտի» հետ զրույցում ասաց ֆրանսահայ հասարակական գործիչ Հիլդա Չոբոյանը՝ անդրադառնալով Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարի հայտարարությանը։

Հիշեցնենք, որ Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոննան հայտարարել էր․ «Ֆրանսիան իր համաձայնությունն է տվել ՀՀ-ի հետ ապագայում պայմանագրի կնքման հարցով, որը հնարավորություն կտա ռազմատեխնիկա տրամադրել ՀՀ-ին, որպեսզի ՀՀ-ն կարողանա իր պաշտպանությունը ապահովել»։

Հիլդա Չոբոյանի խոսքով՝ Ֆրանսիայի այս քայլը հանրային ճնշման արդյունք է, Արցախում Ադրբեջանի վերջին հարձակման պայմաններում Ֆրանսիայում հանրային կարծիքը ճնշումներ է գործադրել կառավարության վրա, որ միայն խոսում եք, գործ չկա։ «Անշուշտ, քաղաքական եւ մարդասիրական ոլորտում Ֆրանսիան աջակցություն կցուցաբերի, բայց Հայաստանի ու Արցախի այսօրվա իրադրությունը շատ հզոր լծակների կիրառման կարիք կա։ Իսկապես վտանգ կա, որ Հայաստանի վրա հարձակում կլինի, հետեւաբար այս փոքր քայլերով չէ, որ Ֆրանսիան պետք է կարողանա Ադրբեջանի նոր հարձակման դեմն առնել»,- ասաց նա։

Հիլդա Չոբոյանն ուշադրություն է հրավիրում Գրանադայի հանդիպման եզրափակիչ հայտարարությանը, որով երկու կողմերին՝ Հայաստանին ու Ադրբեջանին կոչ է արվում, որպեսզի ռազմագերիներին ազատ արձակեն։ «Բոլորը գիտեն, որ Հայաստանում ռազմագերիներ չկա։ Երկու կողմերի միջեւ հավասարություն դնելու այս քաղաքականությունը տակավին շարունակվում է։ Ֆրանսիայի խորհրդարանի երկու պալատների տրամադրությունները հետեւյալն են՝ ասում են՝ ինչո՞ւ ենք մենք հսկայական օգնություն տրամադրում Ուկրաինային, բայց Հայաստանին՝ ոչ։ Բայց Ֆրանսիայի կառավարության կեցվածքը շատ դանդաղ է փոխվում, եւ այդ փոփոխություններից վերջինը Կատրին Կոլոննայի հայտարարությունն էր, որ Ֆրանսիան պատրաստ է ռազմական աջակցություն ցուցաբերել Հայաստանին։ Բայց արդյոք Ֆրանսիայի այդ հայտարարությունն անմիջապես շատ որոշիչ քայլերով պետք է իրականանա, թե՞ շաբաթներով, ամիսներով պիտի սպասենք, որ Ֆրանսիան քննի, քննարկի։ Ըստ իս՝ շատ քաջալերող չէ այս ընթացքը»,- հավելեց նա։

Հիլդա Չոբոյանի խոսքով՝ անշուշտ, Հայաստանից շատ բան է կախված ստեղծված իրավիճակում, թե Հայաստանը որքանով հնարավոր եւ անհնար լծակները կգործադրի, որպեսզի արագացվի այս գործընթացը։ «Բայց մինչեւ այսօր Ֆրանսիայի քայլերը հույս չեն ներշնչում, որ Հայաստանին լայն օգնություն կտրամադրվի Ֆրանսիայի կողմից»,- հավելեց նա։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031