Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեղրաշատը սահմանապահ գյուղ է, համաձայն չենք, որ դպրոցը փակվի»․ բնակիչները մտահոգ են

Հոկտեմբեր 06,2023 16:32

Շիրակի մարզի Ամասիա խոշորացված համայնքի Մեղրաշատ գյուղի բնակիչներն այսօր մտահոգությամբ եկել  էին Շիրակի մարզպետարան՝ ասելու` համաձայն չեն իրենց գյուղի դպրոցը հարևան գյուղի՝ Բյուրակնի դպրոցին միավորելու կառավարության որոշման հետ։

«Մենք չենք ուզում, որ մեր դպրոցը միավորվի հարևան համայնքի՝ Բյուրակնի դպրոցին, քանի որ մեր դպրոցի շենքը նորմալ պայմաններ, հարմարություններ ունի, գազաֆիկացված է, շուրջօրյա ջրամատակարարումով է, գույքով ապահովված է, աշակերտների պակաս չունի․ 60 աշակերտ կա։

Դպրոցի շենքը 2006 թվականին է շահագործման հանձնվել։ Մեր գյուղը սահմանամերձ է, ընդամենը մի ցանկապատ է բաժանում  Թուրքիայից, մեր գյուղում մեծամասամբ զինծառայողերի ընտանիքներ են բնակվում։ Մենք սահմանապահ ընտանիքներ ենք, ամեն մի ընտանիք 3-4 երեխա ունի։

Ծրագիր կա Մեղրաշատի, Ողջիի ու Բյուրակնի դպրոցները միավորելու, մենք դեմ ենք։ Եկել ենք ասենք, որ համաձայն չենք, ճիշտ է միավորումը պիտի լինի 2025-2026 թվականներին, բայց թիվը կապ չունի, մեր առարկություններ ենք եկել ներկայացնելու։

Տեսեք, ձմռան ցրտին, բքին փոքրիկ երեխան կարո՞ղ է գնալ կողքի գյուղի դպրոց։ Ճանապարհները լավ չեն, նորմալ ճանապարհ էլ  չունենք, Բյուրակնը 3-4 կիլոմետր է, բայց պատկերացրեք  Ամասիայի խստաշունչ ձմեռը, օրեր են լինում, երբ հենց մեր գյուղի մեջ երեխաներին դասի չենք ուղարկում, դուք պատկերացրեք կողքի գյուղ գնան, ինչ կլինի, հաստատ ոչ մեկս էլ չենք ուղարկի։

Բյուրակնի դպրոցը ջեռուցում չունի, իսկ մերն ամեն պայմաններով ապահովված է, նախակրթարան կա դպրոցի մեջ, ճաշարան, դահլիճ։ Հիգիենիկ պայմաններով ապահովված, մանկավարժական ընտիր կազմ կա,մեր  շրջանավարտները Երևանի  կամ Գյումրիի բուհերում են սովորում։

Եկել ենք ասենք, դեմ ենք, գյուղը սահմանամերձ է, հենց դպրոցի փակվի, գյուղը կդատարկվի։ Դա այդպես է»։

Մարզպետարան եկած ծնողների գերակշիռ մասը երիտասարդներ էին․ նրանցից մեկն ասաց, որ զինվորականի կին է, Լոռու մարզից է։ Ըստ նրա, եթե դպրոցը փակվի, իրենք կլքենք այդ գյուղը։

«1-ին դասարանցին իր դասապրոցեսն ավարտում է ժամը 12-ին, 12-րդ դասարանցին 14․30-ին, էդ առաջին դասարանցին ինչքա՞ն սպասի, Բյուրակնի ո՞ր ճանապարհներին,  մինչև ավտոբուսը գա, նստի, հետ գա։  Ո՞վ պիտի ապահովի մեր երեխաների անվտանգությունը։

Գյուղում, եթե չլինի դպրոց, նախակրթարան, ոչ մի երիտասարդ ընտանիք չի մնա, սահմանապահ գյուղը չպիտի թողնել դատարկվի»,- ասացին բնակիչները։

Նրանց հետ բավական երկար զրույց ծավալվեց Շիրակի մարզպետարանում։

Նրանց խումբ առ խումբ ընդունեց Շիրակի մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության գլխավոր մասնագետ Գևորգ Ղումաշյանը, լսեց, պարզաբանումներ ներկայացրեց։

Մեզ հետ զրույցում Գևորգ Ղումաշյանն ասաց․ «Ցանկին դուք ծանոթ եք, իրենց մտահոգում էր, որ փակվող դպրոցների ցանկում է,  քավ լիցի դա փակվող դպրոցների ցանկ չէ, այլ հակառակը կրթության որակի բարելավման նպատակ ունեցող դպրոցների ցանկ է։

Իրենց այս ամենը մանրամասնորեն բացատրվեց, իրենք ավելի շուտ ոչ թե բողոք էին ներկայացնում, այլ պարզաբանում էին խնդրում, թե իրենց դպրոցն ինչո՞ւ է այդ ցանկում հայտնվել։ Դուք ինքներդ տեսաք, բավական երկար՝ 1 ժամից ավել զրույցի արդյունքում բոլորին պարզ եղավ, որ այդ ամենը ի նպաստ երեխայի կրթական շահի բարձրացման, որակի բարձրացմանն է նպատակաուղղված և իրենց նաև առաջարկվեց՝ եթե մնում են բողոքներ, ներկայացվեն դրանք գրավոր տեսքով՝ հետևողականորեն բարձր ատյաններին ներկայացնելու համար։

Բայց իմ կարծիքով, ճնշող մեծամասնությունն ընդունեց և հասկացավ, որ այս ամենը տանում է կրթության որակի բարձրացմանը և բարելավմանը, սպասենք՝ երկուշաբթի-երեքշաբթի կունենա՞նք Մեղրաշատի ծնողներից իրենց պարզաբանման համար գրություն, թե՞ ոչ։

Մենք նրանց բացատրեցին, որ ծրագիրը ենթադրում է նոր կրթահամալիրների կառուցում և պետք է չէ մտածել շենքային պայմանների մասին։ Այսինքն ծրագիրն ապագայում ենթադրում է կրթահամալիրների կառուցում, իրենց այս ամենը պարզաբանվեց։
Իրենք իմ կարծիքով բավարար, լրիվ պարզաբանում ստացած՝ մեզ լքեցին»,-ասաց Գևորգ Ղումաշյանը։

Հիշեցնենք, որ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի՝ սույն թվականի սեպտեմբերի N 11-ի 1790 Ա/2 հրամանով հաստատվել է «ՀՀ կրթական որակյալ ծառայությունների ապահովման հասանելիության ծրագրում ներառված պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների ցանկը»։ Այդ ցանկում ՀՀ 232 դպրոցներ են ընդգրկված, որոնցից 48-ը Շիրակի մարզի դպրոցներ են։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031