Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախից բռնի տեղահանված երեխաների շրջանում այս պահին որդեգրման ենթակա երեխա չկա. բաժնի պետ

Հոկտեմբեր 06,2023 15:38

Արցախից բռնի տեղահանված և Հայաստան ժամանած մեր հայրենակիցների՝ (100․625 հոգի, նրանցից շուրջ 29․000-ը՝ երեխա) պաշտոնական տվյալները ճշտման փուլում են, քանի որ Միասնական սոցիալական ծառայությունների տարածքային մարմինները շարունակում են կարիքների համալիր գնահատումներ իրականացնել: Այս մասին այսօր «Մեդիա» կենտրոնում ասաց ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Երեխաների հիմնահարցերի բաժնի պետ Անահիտ Հովհաննիսյանը:

Ինչ վերաբերում է որդեգրման ենթակա երեխաներին, ապա Հովհաննիսյանն ընդգծեց, որ այդպիսի կարգավիճակ ձեռք են բերում գնահատման արդյունքում ՝ առանց ծնողական խնամքի երեխա կարգավիճակ ստանալուց հետո, երբ առկա են որդեգրման ենթակա երեխա հաշվառվելու իրավական հիմքերը: Նրա հավաստիացմամբ, այս պահին այդպիսի կարգավիճակ ունեցող երեխա գրանցված չէ:

Անդրադառնալով հարցին, թե ինչ վիճակում են Հայաստան տեղափոխված Ստեփանակերտի երեխաների խնամքի և պաշպանության գիշերօթիկ հաստատության սաները, որոնք 2022 թ.-ի տվյալներով 18-ն էին՝ Հովհաննիսյանն ասաց. «Այո, նրանք ևս տեղափոխվել են Հայաստան՝ խնամքի հաստատություն և այս պահին խնամքը պատշաճ կերպով իրականացվում է Սյունիքի մարզի ընտանիքի և երեխայի աջակցության կենտրոնում: Խոսքը 10 երեխայի մասին է: Պետք է ընդգծեմ, որ խնամք ստանալ գիշերօթիկ խնամքի հաստատությունում դեռևս չի նշանակում ունենալ որդեգրման ենթակա երեխայի կարգավիճակ: Այս երեխաները ևս, գիշերօթիկ ընդունման առաջին իսկ օրվանից, համալիր գնահատում են անցել թե՛ առողջապահական, թե՛ կրթական, թե՛ սոցիալական ինտեգրման մասով: Բոլոր միջոցառումներն արդեն մեկնարկել են, անհատական սոցիալական ծրագրերը կազմվել են: Աշխատանքներ են իրականացվում կարգավիճակի հստակեցման ուղղությամբ»:

Ճշտող հարցին, թե պաշտոնական տվյալներով՝ Ստեփանակերտի գիշերօթիկում 18 երեխա էր գրանցված, այնինչ խոսք եղավ 10 երեխայի մասին՝ բաժնի պետը նշեց, որ ճգնաժամային աջակցության ժամանակ, ըստ օրենսդրության, խնամք են տրամադրում այն երեխաներին, ովքեր փաստացի այդ պահին ունեն որևէ խնդիր կամ ծնողների հետ խնամք ստանալ չեն կարող :

Հարցին ի պատասխան, թե ինչպես կարող են երեխաների որդեգրմամբ հետաքրքրվող աշխարհասփյուռ մեր հայրենակիցները որդեգրել Արցախից բռնի տեղահանված ծնողազուրկ երեխաներին՝ Հովհաննիսյանը ևս մեկ անգամ շեշտեց, որ այս պահին խնամքից զուրկ երեխա չկա և որդեգրման գործընթացն իրականացվում է միայն այդպիսի կարգավիճակ ստանալու դեպքում:

Հովհաննիսյանի փոխանցմամբ, պաշտոնական տվյալներով, Հայաստանում այս տարվա սկզբից որդեգրվել է 13 երեխա, որոնք բոլորն էլ ներպետական որդեգրման են ենթարկվել՝ Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող ՀՀ քաղաքացիների կողմից:

 

Մանրամասները՝ տեսանյութում

Լուսինե ՄԱՐԳԱՐՅԱՆ

Լուսանկարը՝ «Մեդիա» կենտրոնի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031