Ֆոն դեր Լայենը հայտարարել է Հայաստանին ուղղված մարդասիրական օգնության կրկնապատկման եւ հետագա աջակցության միջոցառումների մասին
Հոկտեմբերի 5-ին Գրանադայում կայացած Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովում նախագահ Ֆոն դեր Լայենը նախանշեց Հայաստանին աջակցության հետագա արտակարգ երկարաժամկետ միջոցառումները։
Նախագահը հայտարարել է, որ ԵՄ-ն կրկնապատկում է իր մարդասիրական աջակցությունը՝ 100,000 տեղահանված ղարաբաղցի հայերի վիճակը մեղմելու համար՝ նախապես հայտարարված 5,2 միլիոն եվրոյին ավելացնելով լրացուցիչ 5,25 միլիոն եվրո հրատապ օգնություն:
«EU4Peace» ծրագիրը կստանա լրացուցիչ 800,000 եվրո՝ աջակցելու հրատապ օգնության եւ վստահության ամրապնդման միջոցառումներին, ինչպես նաեւ իրենց հավասարակշռված լուսաբանմամբ հայտնի լրատվամիջոցներին:
Կարդացեք նաև
Եվրոպական հանձնաժողովը եւս 15 միլիոն եվրո ֆինանսավորում կմոբիլիզացնի Հայաստանի համար տարեկան ծրագրերի շրջանակներում, որը կարող է օգտագործվել որպես բյուջետային աջակցություն՝ պետության սոցիալ-տնտեսական կարիքները հոգալու, սննդամթերք ու վառելիք ձեռք բերելու համար:
Հանձնաժողովը Հայաստանի իշխանությունների հետ կքննարկի նաեւ հրատապ տեխնիկական աջակցության տրամադրմանն առնչվող հարցեր, ներառյալ՝ Թայեքս եւ Թվինինգ ծրագրերի միջոցով տրամադրվող օգնությունը՝ օդային անվտանգությանն ու միջուկային անվտանգությանն առնչվող խնդիրների լուծման համար:
Ֆոն դեր Լայենը նաեւ հայտարարել է, որ Հանձնաժողովն աշխատում է Հայաստանի ենթակառուցվածքներին Տնտեսական ներդրումային պլանի միջոցով հետագա աջակցության ուղղությամբ, որը կարող է մինչեւ 2,6 միլիարդ եվրոյի ներդրումներ ապահովել:
Հանձնաժողովը կաջակցի նաեւ Հայաստանի մասնակցությանը տարածաշրջանային նախագծերին, մասնավորապես՝ Ադրբեջանի, Վրաստանի, Հունգարիայի եւ Ռումինիայի հետ Սեւծովյան էլեկտրահաղորդման մալուխի նախագծին:
Միևնույն ժամանակ, նա նշել է, որ «ԵՄ-ն շարունակում է լիովին հավատարիմ մնալ Ադրբեջանի հետ բանակցություններին աջակցելուն եւ երկխոսության դյուրացմանը»:
Ուրսուլա ֆոն դեր Լայեն. ԵՄ-ն Հայաստանի կողքին է տեղահանվածներին օգնելու հարցում
«ԵՄ-ն Հայաստանի կողքին է տեղահանվածներին օգնելու հարցում»,- հոկտեմբերի 2-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին ասել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը։
Նախագահ ֆոն դեր Լայենը Փաշինյանի հետ ունեցած հեռախոսազրույցի մասին տեղեկացրել է X-ի իր միկրոբլոգում (նախկին Twitter)։ Նա հիշեցրել է, որ Եվրամիությունն ակտիվացրել է Քաղաքացիական պաշտպանության մեխանիզմը եւ մոբիլիզացրել 5,2 միլիոն եվրոյի մարդասիրական օգնություն։
Ուրսուլա ֆոն դեր Լայենը նաեւ տեղեկացրել է, որ Ճգնաժամային կառավարման հարցերով եվրոպական հանձնակատար Յանեզ Լենարչիչն այս ուրբաթ կմեկնի տարածաշրջան՝ տեղում հետագա կարիքները գնահատելու համար։
EU NEIGHBOURS east