«Առինջ մոլի» վաճառողուհի Գ. Վ-ն օրեր առաջ հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել, որ հոկտեմբերի 2-ին ամուսնու քույրը՝ Ն. Գ-ն, փակել է մեքենայի դռներն իր մատների վրա, որից հետո իրեն հրել ու գցել է գետնին՝ պատճառելով վնասվածքներ: Այս մասին Aravot.am-ին պատմեց վնասվածքներ ստացած կնոջը ճանաչող փաստաբան Անուշ Հակոբյանը: Նա էլ իր հերթին է նույն օրը հանցագործության մասին հաղորդում տվել՝ որպես դեպքի ականատես:
Փաստաբանի խոսքով, դեպքից օրեր են անցել, բայց վնասվածքներ ստացած կնոջը դեռեւս դատաբժշկական փորձաքննության չեն ենթարկել.
«Տեսա արյան մեջ այդ կնոջը, ձեռքերն են ջարդել, միանգամից զանգահարել եմ ոստիկանություն, ասել եմ՝ նման դեպքեր են տեղի ունենում, եկեք` տեսեք ինչ է կատարվում: Գոհարը (վնասվածք ստացած կինը) նույնիսկ զարմացավ, ասում է՝ ի՞նչ է՝ սպասում են վերքերս լավանան, նո՞ր ուղարկեն դատաբժշկական փորձաքննության: Ասել են՝ մենք ձեզ կզանգահարենք, մինչեւ հիմա զանգահարում են: Նույնիսկ խորհուրդ եմ տվել ինչ-որ բժշկի դիմի» :
Միջադեպը եղել է Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Չարենցավանի նստավայրի դիմաց: Պապական տունը կիսելու վեճ ունեն քույր ու եղբայր: Քույրը՝ Ն. Վ-ն, ըստ Անուշ Հակոբյանի, դեպքի օրը ամեն կերպ փորձել է խոչընդոտել դատական նիստը, անհայտ ուղղությամբ տարել դատական նիստի մասնակից եղբորը: Վնասվածք ստացած կինը նույնպես դատավարական կողմ է:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ