Լրահոս
Օրվա լրահոսը

Հագեցած համերգային ծրագրեր՝ «Արմենիա» միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում

Հոկտեմբեր 06,2023 12:17

«Արմենիա» միջազգային երաժշտական փառատոնն ամեն տարի Երևանում համախմբում է մեծ ճանաչում վայելող երաժիշտների։ 7-ամյա պատմության ընթացքում փառատոնը հյուրընկալել է դասական երաժշտության լեգենդար աստղեր Գիլ Շահամին, Գոթյե Կապյուսոնին, Սթիվեն Իսերլիսին, Միշա Մայսկուն, Յոզեֆ Կալեյային, Միխայիլ Պլետնյովին, Պավել Գիլիլովին և այլ մեծանուն մենակատարների։ Այս տարի նույնպես Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը փառատոնի շրջանակում հրավիրել է շատ ու շատ փայլուն երաժիշտների՝ մենակատարներ‚ դիրիժորներ‚ որոնցից շատերը Հայաստանում առաջին անգամ են։ Ուշագրավ է‚ որ նրանք ներկայացնում են նաև հայ դասական կոմպոզիտորների ստեղծագործություններ։

«Արմենիա» փառատոնի հյուրերից է անգլիացի դիրիժոր Ջոն Ուորները։ Նա “Orchestra for the Earth” նվագախմբի հիմնադիրն ու գեղարվեստական ղեկավարն է‚ Օքսֆորդի օպերայի երաժշտական տնօրենը‚ Կենտրոնական Լոնդոնի նվագախմբի գլխավոր դիրիժորը։ Նա ղեկավարել է նաև մի շարք հայտնի նվագախմբեր, այդ թվում՝ Լոնդոնի սիմֆոնիկ‚ Բի-Բի-Սի-ի և այլ նվագախմբեր։

Ջոն Ուորների ղեկավարությամբ՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը «Արմենիա» փառատոնի շրջանակում կատարել է Նիկոլայ Ռիմսկի-Կորսակովի սյուիտը «Մլադա» օպերա-բալետից և Ալեքսեյ Շորի «Ճամփորդական նոթատետր» դաշնամուրի կոնցերտը։

Դիրիժորն ընդգծում է‚ որ կազմվել է հետաքրքիր համերգային ծրագիր‚ և ներկայացվում են տարբեր դարաշրջանների դասական կոմպոզիտորներ։ Խոսելով Ալեքսեյ Շորի մասին՝ Ուորները նշում է‚ որ նա աշխարհում շատ հայտնի ժամանակակից կոմպոզիտոր է‚ իսկ նրա «Ճամփորդական նոթատետր» կոնցերտը‚ որը բաղկացած է մի քանի մասից‚ ներկայացնում է հեղինակի ապրումները‚ որ նա ստացել է տարբեր երկրներ այցելելով։

Հետաքրքիր գործ է՝ փոխանցել այն զգացումները‚ որ կոմպոզիտորը նոտաների միջոցով պատկերել է‚ և հնչյունների խաղով ունկնդրի մոտ արթնացնել այդ հույզերը։

Դիրիժորն առաջին անգամ էր համագործակցում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ։ Նա նշում է‚ որ Սիմֆոնիկը ֆանտաստիկ նվագախումբ է‚ շատ հաճելի է համագործակցությունը‚ ջերմ ու անմիջական։ Ըստ դիրիժորի՝ շատ բան պետք չէ խոսել երաժիշտների հետ. նրանք աշխատում են ու զգում միմյանց ու երաժշտությունը։

Ջոն Ուորները “Orchestra for the Earth” նվագախմբի հիմնադիրն է‚ հետաքրքիր է՝ ինչ է նա զգում‚ երբ ականատես է լինում իր ստեղծած կոլեկտիվի զարգացմանը։ Մաեստրոն նկատում է‚ որ շատ հուզիչ է‚ երբ հետևում ես քո ստեղծած նվագախմբի աճին‚ նվագախմբի միջոցով կյանքի են կոչվում իր գաղափարները‚ տեսլականը։

Նշենք‚ որ «Արմենիա» միջազգային 7-րդ փառատոնն անցկացվում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի աջակցությամբ։

 

Արփի ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031