Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Միայն թե՝ սկսենք. արտակարգ քայլեր՝ արտակարգ իրավիճակում. Վահե Հովհաննիսյան

Հոկտեմբեր 06,2023 12:04

Ինչո՞ւ է պետք պայքարի նոր ձևաչափ և որն է ճիշտ ճանապարհը 

Անունը դնենք կոմիտե, հարթակ, դաշինք. միայն թե՝ սկսենք ։ Շատ մեծ է հավանականությունը, որ Հայաստանում սկսվի պետականության անզուսպ փլուզում՝ Արցախի դատարկման ինտենսիվությամբ։ Շատ մեծ է անվերահսկելի զարգացումների հավանականությունը։ Արտաքին գործոնները և իշխանության որակն ու քայլերը դրան են տանում։ Հանրային նոր ձևաչափը չափազանց կարևոր է՝ պետականության անկման անկառավարելի, անզուսպ խուճապ թույլ չտալու և փոփոխությունների լայն պլատֆորմ ստեղծելու համար, որը կբերի տրամաբանական իշխանափոխության՝ միակ հնարավորությունը՝ պետությունը պահելու։

Ինչո՞ւ է պետք հատկապես սոլիդ հարթակ

Նիկոլի իշխանության և հայ ժողովրդի համատեղ կյանքն անհնար է։ Այս իշխանությունները հեղինակն են 1915-ից ի վեր ամենամեծ ողբերգության, և նրանք տանում են երաշխավորված նոր աղետի։ Սոլիդ հարթակը սոլիդ պրոցեսներ տանելու համար է, այս դժոխքը կանգնեցնելու և արդյունքի հասնելու համար է։ Նիկոլը, կոպիտ ասած, իշխանության մնալու մի տարբերակ ունի՝ պետությունը տանի արհեստական, ձեռակերտ ծանր ճգնաժամերի. չլինի պետություն՝ ինքը մնա «դաչաների վարչապետ»։ Սոլիդ հարթակի խնդիրը հենց սա թույլ չտալն է։

Ինչպես է պետք կազմել նոր ձևաչափը։ 

Կազմել, համաձայնեցնել և հնչեցնել 20-30 գործիչների նախնական ցանկ՝ բացառապես իրական գործիչներից, ոչ թե սրա-նրա դրածները, առավել ամբիցիոզները կամ «քվոտավորվածները»։ Իրական գործիչներ, որոնց թվում կարող են լինել նաև ներկայիս ԱԺ պատգամավորներ, եկեղեցու ներկայացուցիչներ։ Միակ պայմանը՝ իրական, խելքի ու գործ անելու հմտության տիրապետող մարդիկ։ Իրար ու հասարակության հետ լինել ազնիվ, կազմել գործունեության սոլիդ ծրագիր։

Ինչպես օգնել, որ ձևաչափը կայանա

Պետք է հասկանալ, որ նախկին կուսակցությունները՝ իրենց նախկին տեսքով ու բովանդակությամբ, այլևս անելիք չունեն, սկսած խոշորներից՝ ՀՀԿ, ԲՀԿ, ՀՅԴ, ՀԱԿ, մինչև այլևայլ ձևականները (ՔՊ-ի մասին չենք խոսում, այն հետագայում արգելվելու է օրենքի ուժով)։ Ողջ հարգանքով հանդերձ, բայց սա օբյեկտիվ վիճակ է։ Այն, ինչը եղել է այդ կուսակցությունների գաղափարական ու բովանդակային առանցքում՝ Արցախ ու ՀՀ երրորդ հանրապետություն, այլևս չկա։ Սա թույլ կտա այդ կուսակցությունների հազարավոր ազնիվ անդամներին, ազդեցիկ դեմքերին ու համակիրներին՝ ազատվել կուսակցական կաշկանդվածությունից, դառնալ նորի անդամ, նորը ստեղծող։ Հակառակ դեպքում ձևաչափային գերությունը դանդաղեցնելու է նոր առողջ պրոցեսի ձևավորումը։ Արտակարգ իրավիճակ է, ուրեմն քայլերը ևս պետք է լինեն արտակարգ։ Հին թշնամանքը, հին պատկերացումներն ու մեղադրանքներն այլևս անիմաստ են ու խանգարելու են նոր հարաբերությունների ստեղծմանը։

 Դադարել հարցնել, թե «ինչ կասեն նրանք»

Ցանկացած նոր պրոցես սկսելիս (ու հանկարծ մեկը չասի, թե դա այդպես չէ) առաջին հարցը, որ միշտ ծագել է՝ ի՞նչ կասեն նախկին նախագահները։ Ժամանակն է գիտակցելու, որ նրանք կա´մ չեն ասում, կա´մ հաճախ ասում են սխալ բաներ։ Ժամանակն է հասկանալու, որ նրանք կիսաստվածներ չեն, ու պետք է ազատվել նաև նրանց հոգևոր գերությունից։ Կարող եմ բերել բազմաթիվ օրինակներ՝ առնվազն 2020-ից հետո, նախկին նախագահների ոչ ճիշտ որոշումներից։ Ողջ հարգանքով հանդերձ՝ ճիշտը այդպես շարժվելն է։ Ի վերջո, նրանց կյանքի առանցքը ջարդվել է, իսկ նրանց ընկերները Բաքվի բանտում են։ Ուրեմն՝ ինչ-որ շատ կարևոր բաներ նրանք սխալ են արել։

Ի՞նչ պետք է անի նոր հարթակը. հիմնական ուղղությունները 

  • Ձևավորել միասնական տեղեկատվական շտաբ՝ ազդեցիկ խմբագիրներից, լրագրողներից, մեդիա-մասնագետներից, քաղտեխնոլոգներից։ Հայ ժողովուրդը գտնվում է թուրքական գործակալական ցանցի անասելի մեդիա-տեռորի տակ, որի պատճառով կորցնում է խելամիտ դատելու ունակությունը։ Սա ազգային անվտանգության թիվ 1 խնդիրներից է, այդ տեռորը հասարակությանը հասցնում է խելագարության, իսկ դրանից մինչև պետության փլուզում մեկ քայլ է։
  • Ձևակերպել հստակ խնդիր՝ Ն. Փաշինյանի իմպիչմենտ։ Նա պետք է հեռացվի։ Ստեղծել այդ նպատակի համար անհրաժեշտ ենթակառուցվածքներ՝ ողջ երկրով։ Համառ և գրագետ երկխոսություն հասարակության հետ՝ թե ինչո´ւ է դա պետք. Համառորեն, համբերատար, գրագետ բացատրել։ Երկրում պետք է ձևավորվի անխուսափելի իմպիչմենտի մթնոլորտ։ Սա մեծ թվով մարդկանց, ու մասնագետների աշխատանքի դաշտ է։
  • Ձևավորել մարդկային և այլ ռեսուրսների բազա։ Դադարել բողոքել, թե «ռեսուրս չեն տալիս»։ Այլևս չպետք է խնդրել այդ ռեսուրսը ու ձևացնել, թե «երևի չկա այդ ռեսուրսը», այլ՝ ուղղակի պահանջել. և´ ռեսուրսը կա, և´ դրա տերերն են հայտնի, և´ կորսված Արցախն է փաստ, և´ Բաքվի բանտերում հայ գործիչների առկայությունը, և´ ուրիշների՝ նույնանման հեռանկարի հավանականությունը։ Խոսքը մեր հայրենիքի և մեր ընտանիքների փրկության մասին է, ու սեթևեթելու ժամանակը չէ։ Այդ «ռեսուրսը», որն այսօր չգիտես ինչու չի դրվում հայրենիք փրկելու համար, վաղը առգրավվելու է Բաքվի կողմից՝ որպես հերթական ռազմավար։
  • Նոր հարթակը՝ հանրային ճնշումները մեծացնելուն զուգահեռ, պետք է սկսի կոնտակտները, շփումները իշխանության տարբեր օղակների հետ, առաջին հերթին՝ ուժայինների՝ բացատրելով, թե ինչ է մեզ սպասում, և ինչ կարող ենք անել, որ աղետը կասեցվի։ Հեշտ չի լինի խոսակցությունը, մեկ անգամվա չէ խնդիրը, բայց այն պետք է սկսել ու համառորեն շարունակել։ Երկխոսություն՝ պետական համակարգի հետ, անգամ՝ իշխող խմբակցության հետ (10 հոգի հրաժարվեց քվեարկել Ստատուտի օգտին, ուրեմն՝ հնարավոր է մոտիվացնել 20-ին, 30-ին՝ չլինելու համահեղինակ պետության վերջնական ոչնչացմանը)։
  • Երկխոսություն՝ ընդդիմադիր խմբակցությունների հետ՝ համատեղ աշխատելու, նրանց էֆեկտիվ, ունակ դեմքերին որպես ակտիվ գործընկեր տեսնելու, ռացիոնալ, լավագույն աշխատելաոճը հասկանալու, օգնելու, որ նրանք չդառնան Նիկոլի, Ալենի տափակ վիրավորանքների թիրախ։ Խմբակցությունները հանրությանն են պատկանում, մեր ձայներով են ձևավորված, և չպետք է լինի նրանց կառավարման ստվերային մոդել։
  • Նոր հարթակը պետք է սկսի ինտենսիվ երկխոսությունը աշխարհի ազդեցիկ հայերի հետ՝ փոփոխությունների մեծ պլատֆորմ ձևավորելու համար (խոշոր բիզնեսից մինչև ոլորտային և այլ հայտնի դեմքեր)։
  • Նոր հարթակը պետք է ձևակերպի իր հստակ հարցադրումները Ռուսաստանին և Արևմուտքին։ Առանց ցավոտ հարցադրումների հնարավոր չէ վերականգնել առողջ հարաբերություններ։ Հարգել տանք մեզ, որ հետո փոխհարգալից հարաբերություններ ձևավորենք թե´ Ռուսաստանի, թե´ Արևմուտքի հետ։

Նորից արձանագրենք. հայ ժողովրդի և Փաշինյանի համատեղ գոյությունն այլևս հնարավոր չէ։ Հաճելի լուծումներ չկան. կան միայն շատ բարդ, բայց ճիշտ լուծումներ, և նոր հարթակը պետք է գնա այդ ճանապարհով։ Նոր հարթակը նոր վերնախավի էմբրիոնն է, որը պետք է հեռացնի այս իշխանությանը, կասեցնի Հայաստանի վերջնական ոչնչացումն ու սկսի առողջ պետության կառուցումը։

Վահե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Այլընտրանքային նախագծեր խումբ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031