Լրահոս
Օրվա լրահոսը

Մի փունջ խախտումներ, ապատեղեկատվություն, թշնամական խոսք՝ Հայաստանի եւ ՀՀ իշխանությունների հասցեին. Տիգրան Հակոբյանը՝ ռուսական հեռուստաալիքների մասին

Հոկտեմբեր 06,2023 12:08

Aravot.am-ը Հայաստանի Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի (ՀՌՀ) նախագահ Տիգրան Հակոբյանից հետաքրքրվեց, թե Հայաստանի Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը հանրապետությունում ռուսական հեռուստաալիքների հեռարձակման մասին պայմանագրի դրույթների ի՞նչ խախտումներ է հայտնաբերել, ինչի մասին հայտնել էր «Sputnik Բլիժնեե Զարուբեժիեի» հետ հարցազրույցում:

«Հայաստանի եւ Ռուսաստանի կառավարությունների միջեւ միջկառավարական պայմանագիր կա կնքված 2020թ դեկտեմբերի 30-ին, ինչի հիման վրա թույլատրվել է հանրային մուլտիպլեքսում 3 ռուսաստանյան ալիքի հեռարձակումը: Դա Ռուսաստանի Առաջին ալիքն էր, «Ռոսիա պլանետան» եւ «Կուլտուրան»: Եվ քանի որ միջկառավարական պայմանագիր էր կնքված, լիցենզավորման կարիք չկար, նրանք հեռարձակման հնարավորություն են ստացել՝ առանց լիցենզիայի: Հետեւաբար, քանի որ լիցենզիայի խնդիր չկա, ՀՌՀ-ը որեւէ իրավասություն չունի լիցենզիայից զրկելու կամ վարչական վարույթներ բացելու՝ ցանկացած խախտման դեպքում»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց Տիգրան Հակոբյանը:

ՀՌՀ նախագահը հավելեց, որ Հայաստանի եւ Ռուսաստանի կողմից երկու լիազոր մարմիններ են պատասխանատու են միջկառավարական համաձայնագրի կետերի կատարման համար, Հայաստանի կողմից դա Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունն է, ՌԴ՝ կողմից Թվային զարգացման, կապի եւ զանգվածային հաղորդակցության նախարարությունը: «Այս պարագայում միակ գործառույթը, որ մենք ունենք ըստ համաձայնագրի, այն է, որ ՀՀ օրենսդրության՝ պարբերաբար մշտադիտարկումներ ենք անցկացնում: Անցկացված վերջին մշտադիտարկման մեջ, որի տվյալները չեմ կարող տալ, քանի որ իրավասու մարմիններին ենք փոխանցում, կան մի փունջ խախտումներ՝ դա եւ ապատեղեկատվությունն է, եւ Հայաստանի, ժողովրդի ու իշխանությունների վերաբերյալ թշնամական խոսքը; Սա է պատճառը, որ այդ աղմուկը բարձրացել է, որովհետեւ բոլորն անզեն աչքով նկատել են, որ Ղարաբաղյան վերջին դեպքերի համատեքստում՝ հակահայկական քարոզ է տարվում «Առաջին ալիք համաշխարհային ցանցի» կողմից ռուսական ալիքների եթերում: Եթե անգամ հաշվի ենք առնում խոսքի ազատությունը, ապա հանրային մուլտիպլեքսի օտար հեռարձակողները սահմանափակված են իրենց բովանդակությամբ, ինչը մեր մերթընդմերթ մշտադիտարկումներով ռուսական ալիքները չեն պահպանում»,-ասաց ՀՌՀ նախագահը:

Նաեւ հավելեց, որ հենց այդ ուշադրության պատճառով է առաջացել այդ հեռուստաալիքներին պատասխանատվության կանչելու խնդիրը:

Ինչ վերաբերվում է «Միր» միջպետական հեռուստաընկերությանը, այս մասին էլ Տիգրան Հակոբյանը նշեց. «Միրը» միջպետական հեռուստառադիոընկերություն է, որը հիմնադրվել է 1994թ ԱՊՀ անդամ 10 երկրների կողմից՝ հավասար 10 տոկոսանոց բաժնեմասով: Այդպիսով՝ «Միրը» ոչ թե օտար հեռարձակող է, այլ այն հեռարձակողն է, որի հիմնադիրներից մեկը Հայաստանի Հանրապետությունն է: Դրանով է պայմանավորված, որ Հայաստանում կա «Միր» միջպետական հեռուստառադիոընկերության ազգային մասնաճյուղ, որի շնորհիվ ռուսական եթերում հեռարձակվում են նաեւ Հայաստանի մասին օգտակար նորություններ: Այսինքն՝ «Միրը» օտար հեռարձակող չի կարելի համարել՝ համաձայն մեր օրենսդրության»:

Հավելենք, որ ըստ ՀՀ եւ ՌԴ կառավարությունների միջեւ Զանգվածային հեռահաղորդակցության ոլորտում համագործակցության մասին համաձայնագրի 8-րդ հոդվածի՝ կողմերի պետությունների լիազոր մարմինները տարին մեկ, իսկ անհրաժեշտության դեպքում առավել հաճախ անցկացնում են խորհրդակցություններ համաձայնագրի շրջանակում համագործակցության ընթացիկ վիճակի, զարգացման ուղղությունների եւ հնարավոր տարաձայնությունների վերաբերյալ: 9-րդ հոդվածը սահմանում է, որ կողմերը փոխադարձ համաձայնությամբ կարող են կատարել փոփոխություններ եւ լրացումներ, որոնք կձեւակերպվեն առանձին արձանագրություններով: Համաձայնագրի 10-րդ հոդվածով էլ ամրագրվել է, որ կողմերի միջեւ համաձայնագրի կիրառման կամ մեկնաբանման հետ կապված բոլոր վիճելի հարցերը կարող են լուծվել խորհրդակցությունների եւ բանակցությունների միջոցով:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարը՝ Տիգրան Հակոբյանի ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031