Լրահոս
Օրվա լրահոսը

Իսրայելը լուռ օգնեց Ադրբեջանին գրավել Լեռնային Ղարաբաղը․ AP

Հոկտեմբեր 06,2023 11:45

Փորձագետներն ու պաշտոնյաներն ասում են, որ Իսրայելը լուռ օգնեց Ադրբեջանի՝ Լեռնային Ղարաբաղը գրավելու արշավին՝ հզոր սպառազինություն մատակարարելով Բաքվին կայծակնային հարձակումից առաջ, ինչը «էթնիկ հայկական անկլավը վերադարձրեց ադրբեջանական վերահսկողության տակ», գրում է AP-ն։

Գործակալությունը, հղում անելով հայ դիվանագետներին և թռիչքների հետաձգման տվյալները, գրում է, որ սեպտեմբերի 19-ի հարձակումից շաբաթներ առաջ ադրբեջանական ռազմական ինքնաթիռները պարբերաբար թռիչքներ են իրականացրել դեպի Իսրայելի հարավային ավիաբազա, չնայած այն հանգամանքին, որ արևմտյան դիվանագետները խաղաղ բանակցությունների կոչեր էին հնչեցնում։

«Մեզ համար մեծ մտահոգություն է այն, որ իսրայելական զենքերը կրակում են մեր ժողովրդի վրա»,- The Associated Press-ին ասել է Իսրայելում Հայաստանի դեսպան Արման Հակոբյանը՝ հավելելով, որ համապատասխան մտահոգությունները փոխանցվել են իսրայելցի օրենսդիրներին և քաղաքական գործիչներին։

Արման Հակոբյանի խոսքով՝ անհասկանալի է, թե ինչու Իսրայելն անգամ որոշ մտահոգություն չի արտահայտում իրենց հայրենիքից վտարվող մարդկանց ճակատագրի վերաբերյալ։

Իսրայելի Արտաքին գործերի և Պաշտպանության նախարարությունները հրաժարվել են մեկնաբանել Լեռնային Ղարաբաղում իսրայելական զենքի կիրառման կամ Ադրբեջանի ռազմական գործընկերության վերաբերյալ Հայաստանի մտահոգությունները։

Հուլիսին Իսրայելի ՊՆ նախարար Յոավ Գալանտն այցելեց Բաքու, որտեղ բարձր գնահատեց երկու երկրների միջև ռազմական համագործակցությունը և «ահաբեկչության դեմ» համատեղ պայքարը։ AP-ն նաև հիշեցնում է, որ Ադրբեջանը հավատարիմ դաշնակից է Իսրայելի ոխերիմ թշնամի Իրանի դեմ պայքարում, ինչպես նաև շահութաբեր հաճախորդ․ փորձագետների գնահատմամբ՝ Իսրայելը 2016-2020 թվականներին Ադրբեջանին մատակարարել է Բաքվի զինանոցի գրեթե 70 տոկոսը։

«Մեզ համար պարզ է, որ Իսրայելը շահագրգռված է պահպանել ռազմական ներկայությունը Ադրբեջանում՝ օգտագործելով իր տարածքը Իրանին դիտարկելու համար»,- ասել է ԵՄ-ում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանը։

Ստոկհոլմի Խաղաղության միջազգային հետազոտությունների ինստիտուտի ավագ գիտաշխատող Պիտեր Վեզեմանն իր հերթին ընդգծել է, որ Իսրայելական զենքերը շատ կարևոր դեր են խաղացել՝ թույլ տալով ադրբեջանական բանակին հասնել իր նպատակներին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031