«Հրապարակի» զրուցակիցն է ԱԺ ՔՊ-ական պատգամավոր, Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, պաշտպանության նախկին փոխնախարար Գագիկ Մելքոնյանը։
– Որպես նախկին զինվորական, մարդ, որը եղել է Արցախի ազատագրական պայքարի ակունքներում, վիրավորված, նվաստացած չե՞ք զգում Ձեզ, որ Ադրբեջանը գերեվարել է հայ գեներալներին, Արցախի ղեկավարությանը։
– Ես շատ վիրավորված եմ։ Անձամբ ես վիրավորվում եմ, որ Արցախի ղեկավարությունը գնում է ռուսական բազա, պատսպարվում է այնտեղ, իսկ ռուս ղեկավարությունը նրանց հանձնում է Ադրբեջանին։ Շատ վիրավորված եմ։
– Դուք Ռուբեն Վարդանյանին, Արայիկ Հարությունյանին, Արկադի Ղուկասյանին, Դավիթ Մանուկյանին, Դավիթ Բաբայանին եւ մյուս գերեվարված անձանց համարո՞ւմ եք Հայաստանի քաղաքացիներ։
Կարդացեք նաև
– Տարբեր բաներ ես խոսում, հիշյալ մարդիկ արցախցի են, որոնք ունեն Հայաստանի անձնագիր։ Արցախը Հայաստան չի, չէ՞, Արցախը հայաթափեցին ձեր ռուսները, խաբեցին, կառավարությունը գրավեցին, իշխանափոխություն արեցին։ Իրենք շատ փափուկ իրականացրեցին «Կոլցո» օպերացիան։
– Իսկ Հռոմի ստատուտի վավերացումը Հայաստանի առջեւ նոր խնդիրներ չի՞ դնում, հատկապես որ ռուսական կողմը բավականին ցավագին է ընդունել այս քայլը։
– Ղարաբաղը ռուսները նվիրեցին ադրբեջանցիներին, դա մեզ համար ցավագին չէ, Հռոմի ստատուտը, որ մեր երկրի անվտանգությանն է վերաբերում, իրենց համար ցավագի՞ն է, իրավունք չունե՞նք վավերացնել։ Ռուսները մեզ այնքան ցավ են պատճառել, որ էլ ցավացնելու տեղ չկա։
– Բայց Ռուսաստանի հետ հարաբերությունները փակուղի տանելով, ՀՀ քաղաքական ղեկավարությունն արդյո՞ք հերթական արկածախնդրությանը չի գնում։ Ի՞նչ պետք է անենք, եթե ռուսական կողմը որոշի կտրել գազը կամ թանկացնել։
– Վախերը մենք պետք է մեր միջից հանենք, եթե գազ չտվեց Ռուսաստանը, ուրիշ երկրից կբերենք, եթե լույս չտվեց՝ մի ուրիշ պետություն կտա, ուրիշներից կառնենք։ Ռուսաստանն արգելում էր, որ ուրիշ պետություններից զենք առնենք, հիմա արդեն ուրիշներից զենք ենք առնում։ Եթե մենք անկախ պետություն ենք, նշանակում է՝ պիտի մենք որոշենք, թե ումից գազ, լույս, զենք առնենք։ Գազ բերելու ամենակարճ ճանապարհն Իրանն է, որը մեզ հիմա գազ է տալիս։ Իրանի տված գազի խողովակը բավարարում է Հայաստանի բոլոր պահանջներին։ Ժամանակին մեր ղեկավարները խայտառակ պայմանագրեր են կապել Ռուսաստանի հետ, այդ է պատճառը, որ մենք հիմա չենք կարողանում Իրանից առանձին գազ բերենք։
Լիա ՍԱՐԳՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում: