ՀՀ ԶՈւ հետախուզության վարչության նախկին պետ, 2018-2021 թթ․ ՀՀ վարչապետի խորհրդական, ապա՝ ՀՀ ԶՈւ ԳՇ պետի նախկին առաջին տեղակալ, պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը, Հայաստանը «ներքին ու արտաքին թշնամիներից ազատագրելու» նպատակով, ազդարարել է նոր քաղաքական շարժում ձեւավորելու մասին։ Ֆեյսբուքյան ուղիղ եթերում նախկին պաշտոնյան նախօրեին նշել է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից աշխատանքից ազատվել է, քանի որ չի ընդունել Ադրբեջանի ԶՈւ ուլտիմատումը եւ հրաման է տվել սահմանի խախտման դեպքում կրակ բացել Ադրբեջանի ԶՈւ ուղղությամբ։
«Հո ես հիվանդ չե՞մ, որ Արշակի հետ ճանապարհ գնամ»,- մեր հարցին հարցով պատասխանեց ՊԲ նախկին հրամանատար Մովսես Հակոբյանը․ «Դեռեւս 2011 թվականին պաշտպանության նախարարին զեկուցել եմ իմ վերաբերմունքն այդ մարդու վերաբերյալ։ Երբ նախարարը հակադարձել է, որ` չէ, նա լավ մասնագետ է, ես ասել եմ, որ նրան ինձ մոտ նույնիսկ դասակի հրամանատար չեմ նշանակի։ Ինքն ուղղակի սուտասան է ու մարդ ծախող, ուրիշ ոչ մի բան։ Դուք հետեւեք, թե ինքն ինչի համար պաշտոն ստացավ, եթե իր հետագծով գնաք, կիմանաք, որ ինքը միշտ իր նախորդի վրա ցուցմունք է տալիս։ Ինքը ցուցմունք է տվել Ռոբերտ Քոչարյանի դեմ, ինքը ցուցմունք է տվել Սերժ Սարգսյանի դեմ, Յուրի Խաչատուրովի դեմ, ինքը ցուցմունք է տվել Սեյրան Օհանյանի դեմ։ Հիմա չգիտեմ՝ գուցե իշխանափոխությո՞ւն է հովանավորված, ինքը Նիկոլի դեմ է ցուցմունք տալիս, որ նորից պաշտոն ստանա։ Ես նման մարդկանց հետ ճանապարհ անցնելու ցանկություն չունեմ։ Ես նման կատեգորիայի մարդկանց հետ 3 կիլոմետր հեռավորությունից եմ շփվում»։ Իսկ նախկին զինվորականների մեջ, ըստ Ձեզ, կլինե՞ն մարդիկ, որոնք նրա հետ կհամագործակցեն: «Զինվորական՝ ոչ։ Խոսքն իմ գնահատմամբ զինվորականների մասին է, իր գնահատմամբ՝ գուցե 1-2 հոգի ճարի, բայց դժվար իմ պատկերացրած մարդկանցից ճարի…»,- խոսքը հայհոյանքով եզրափակեց Հակոբյանը։
Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում: