Ազգային ժողովի նիստերը, որոնց ժամանակ պատգամավորները հանդես են գալիս հայտարարություններով կամ հարցեր են տալիս կառավարությանը, ինձ մոտ դեպրեսիվ վիճակ են առաջացնում: Դա, իհարկե, խորացնում է աղետի այն զգացողությունը, որն այսօր ապրում են բոլոր նորմալ հայերը: Կոնկրետ խորհրդարանի պարագայում դեպրեսիայիս պատճառը ոչ միայն Փաշինյանի ու ՔՊ-ականների ամբարտավան ու ցինիկ կեցվածքն է, այլեւ ընդդիմության գործելակերպը:
Խնդիրը, կարծում եմ, խորհրդարանական ընդդիմության երկվությունն է: Ըստ երեւույթին, ընդդիմադիրները պետք է որդեգրեն երկու մարտավարություններից մեկը:
1/ Նրանք ընդունում են, որ Փաշինյանը, հասարակական լեգիտիմության առումով, երկրի ղեկավարն է եւ, հետեւաբար, նա տեղ ունի խոսելու, արդարանալու, հարցերին պատասխանելու, ուրիշներին մեղադրելու:
2/ Նրանք կարծում են, որ մեր ժողովրդի եւ պետության գլխին բերած սարսափելի աղետներից հետո Փաշինյանը պետք է նստեր մի մութ անկյունում, ծպտուն չհաներ եւ ամաչեր մարդկանց աչքին երեւալ: (Ինչպես որ ես եմ կարծում):
Կարդացեք նաև
Առաջին դիրքորոշման դեպքում ընդդիմադիր պատգամավորները պետք է որդեգրեն դասական խորհրդարանական պայքարի ձեւերը՝ առանց գոռգոռալու, պիտակավորելու եւ անընդհատ անմակարդակ լեզվակռիվների մեջ մտնելու: Երկրորդ դեպքում նրանք խորհրդարանում անելիք չունեն:
Երբ ընդդիմությունը փորձում է համատեղել այդ երկու մոտեցումները, ստացվում է այն իրավիճակը, որն այսօր ունենք: «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավորները կարծում են, որ լաչառությամբ, ագրեսիվությամբ, վիրավորանքներով կարող են գերազանցել ՔՊ-ականներին եւ անձամբ Փաշինյանին: Բայց դրա համար պետք է ընդհանրապես բարոյական «արգելակներ» չունենալ: Օրինակ, չխորշել անգամ անձնական «կոմպրոմատները» ԱԺ ամբիոնից հնչեցնելուց: Բարեբախտաբար, թե դժբախտաբար, ընդդիմադիրները դրան ընդունակ չեն:
Միակ մարդը, որը լավ կդիտվեր այդ դերում եւ կկարողանար բարոյական ու մտավոր մակարդակով «մրցել» Փաշինյանի հետ, Վարդան Ղուկասյանն է («Դոգը»): Նրանց լսարանը մոտավորապես նույնն է, երկրպագուների մշակութային եւ կրթական չափանիշները՝ նույնպես:
Ղուկասյանի հաջողությունը Երեւանի ավագանու ընտրություններում պատահական չէր:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
. Այո, ի զուր է Փաշինյանի լեզուին հետ մրցիլ փորձելը: Իր այդ լեզուին հետեւանքն ու արտադրանքն է տեղի ունեցող Հայոց Աղէտը, ինչ որ ձեւով մը կը փաստէ թէ որքան արտասովոր աստիճանի ուժ ունի, ամենազօրեղ է, իր այդ լեզուն:
. *Դոգ*ի վերջին ելոյթները, կեցուածքն ու վարքագիծը, շատ յստակօրէն ի նպաստ վարչակարգին են: Թերեւս այդ չէ իր միտումը, սակայն այդ է փաստօրէն արդիւնքը:
Իսկ եթէ այդ անձը մտնէ Հայաստան, եւ այդտեղ իր լեզուով եւ ոճով սկսի յարձակիլ վարչակարգին դէմ, արագօրէն բանտ կը հասնի:
. Ամենաառաջին օրէն սկսեալ, եւ անկէ ետք շարունակաբար, Փաշինյանի ընդդիմադիրները իրենց բոլոր քայլերը կատարեցին Սահմանադրութեան եւ Օրէնքների հիման վրայ:
Այդպէս անելով, իս սկզբանէ եւ տեւաբար, նրանք վաւերացուցին Փաշինյանի բոլոր սահմանադրական եւ օրինական խախտումները:
Պետական յեղաշրջում տեղի ունեցաւ… Սահմանադրութեան հիման վրայ: Ամենայն օրինականութեամբ:
Իսկ քանի որ մինչեւ ծայր դեռ այս անհեթեթ եւ անտանելի խաղը պիտի խաղան ընդդիմադիրները, կայ թերեւս մի ուղի, որու մասին խօսող չկայ, եթէ մտածող կայ:
Ըստ Սահմանադրության (ՀՀ Ընտրական Օրենսգիրք/Սահմանադրական Օրէնք, յօդուած 96, 2րդ պարբերութիւն), ԱԺի մէկ երրորդը, պետք է որ անպայման լինի՝ ընդդիմություն:
Եթէ այժմու ընդդիմադիր պատգամաւորները բոլոր հրաժարին – եւ նրանց տեղը մերժեն առնել իրենց տուեալ ընտրական ցանկերու վրայի յաջորդող անձերը -, ի՞նչ կը պատահի…
Օգտակար կը լինի որ Հայաստանի բանիմաց իրաւաբան մը ուսումնասիրէ այս նիւթը, եւ մեզ լուսաբանէ:
Մ. Հայդուկ Շամլեան