Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուդոլֆ Խառատյանը Փարիզի օդանավակայանում այնքան տարված է հետեւել Հայաստանում կատարվող վերջին դեպքերին, որ բաց է թողել Հայաստան իր չվերթը

Հոկտեմբեր 06,2023 12:00

Սեպտեմբերի վերջին Վաշինգտոնում տեղակայված  մուլտիմեդիա Lost Origins Productions ընկերության հիմնադիր Ջեյսոն Համչերի նախաձեռնությամբ կայացել է Ռուդոլֆ Խառատյանի գեղանկարների ԾԵՍԸ խորագրով ցուցադրություն եւ հանդիպում-զրույց պարարվեստի, արվեստի եւ էզոտերիզմի շուրջ։

Երբ անդրադառնում ենք Ռուդոլֆ Խառատյանի կերպարվեստին, արվեստասերների շրջանում հետաքրքրություն է դրսեւորվում, թե անվանի խորեոգրաֆը ստացե՞լ է պրոֆեսիոնալ կրթություն եւ ինչո՞ւ է նա ավելի հաճախ ցուցադրվում դրսում, քան Հայաստանում։ Տեղեկացնենք, որ Խառատյանը սովորել է Երեւանի գեղարվեստի դպրոցում, նկարիչ Լեւոն Վարդանյանի արվեստանոցում։ Այո, ԱՄՆ-ում Խառատյանի աշխատանքները ցուցադրվել են անհատական եւ խմբակային ձեւաչափերով, օրինակ՝ Վաշինգտոնում՝ Մերիլենդի արվեստի եւ դիզայնի քոլեջում, Roulette, Foundry, Touchstone պատկերասրահներում, Նյու Յորքում, Լաս Վեգասում, ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանությունում, Ռուսական մշակույթի կենտրոնում եւ այլն։ Արվեստագետի գործերը ցուցադրվել են նաեւ Ռուսաստանում, Հնդկաստանում, Եգիպտոսում, Իտալիայում, Մեծ Բրիտանիայում… եւ, իհարկե, նաեւ մեզ մոտ։

Մեջբերենք մուլտիմեդիա Lost Origins Productions ընկերության պաշտոնական կայքում տեղ գտած որոշ ճանաչված արվեստագետների տպավորությունները Վաշինգտոնում կայացած խորեոգրաֆ նկարչի անհատական ցուցահանդեսից։

Լուսանկարիչ Ալեքսիս Բրաուն (Բյաիբ). «Ռուդոլֆի հետ զրույցը այնքա՜ն ինտրիգային ու լուսավորող է ինձ համար։ Առանց մանրամասնելու ասեմ՝ նրա հետ զրույցն էր, որ ինձ ոգեւորեց շարունակելու ճանապարհս որպես լուսանկարիչ»։

Մշակութային ակտիվիստ Սթեյսի Մաքքենզի. «Ռուդոլֆի աշխատանքներն ինձ իսկապես ցնցեցին. գույներն ու ուժեղ գծերը… Կարող եմ ասել, որ նրա արվեստի հետեւում շատ հույզեր կան»։

Մշակութաբան Սեմ Դ՛Անկո. «Պարոն Խառատյանի աշխատանքը հզոր կերպով տանում է քեզ դեպի հայկական ակունքներ։ Դա ինձ ստիպեց ենթադրել, որ հին ժամանակներում արվեստագետները միստիկներ էին եւ պարոն Խառատյանի ԾԵՍԸ ցույց է տալիս, որ մենք ունենք նաեւ ժամանակակից միստիկներ»։

Ըստ հավաստի տեղեկության՝ Փարիզի օդանավակայանում Ռուդոլֆ Խառատյանը այնքան տարված է հետեւել Հայաստանում կատարվող վերջին դեպքերին եւ լուրերին, որ բաց է թողել Հայաստան իր չվերթը։

Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ

Լուսանկարները՝ Lost Origins Productions ընկերության պաշտոնական կայքից

«Առավոտ» օրաթերթ
05.10.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031