Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ մի քանի արծաթով վաճառեցիք հայրենիքը, նրան պատճառելով մահ, կոտորած ու անպատվություն

Հոկտեմբեր 06,2023 13:00

Արցախյան առաջին պատերազմի փառահեղ հաղթանակից ոգեւորված, Հայաստանը եւ Արցախը լրիվ հանգստացան, իրենց թվաց, թե այդ հաղթանակի արդյունքը հավերժական է եւ ընդմիշտ մնալու է այդպիսին ու այդ ուղղությամբ ոչինչ անել պետք չէ: Չգիտեմ, նման մոտեցումն անվանեմ կատարյալ հիմարությո՞ւն, թե՞ կատարյալ անգրագիտություն, սակայն այդ ժամանակ էլ ու առավել եւս այսօր, լիովին ակնհայտ է նման մոտեցման սնանկությունը, որին աշխարհն ականատես եղավ Արցախի բնակչության էթնիկ զտումից ու բռնահանումից հետո: Այդքան երկար տարիներ, փոխանակ ներդրումներ արվեին ու ավելի արդիականացվեին, ուժեղացվեին Հայաստանի ու Արցախի բանակները, էլ ավելի ամրապնդվեին մեր անվտանգության համակարգերը, ընդհակառակն, այդ ուղղություններով բացարձակ ոչինչ չարվեց, իսկ դրանց հատկացված գումարները, որոնք ահռելի թիվ էին կազմում, լրիվ լափվեց ու փաստորեն՝ ամեն ինչ մատնվեց անտերության:

Ահա եւ, նման մոտեցման արդյունքը, որը բերեց Արցախի կատարյալ հայաթափմանը եւ մարդկային մեծաթիվ զոհերի ու վիրավորների գոյացմանը: Եթե սրան էլ ավելացնենք վերջին տարիներին Հայաստանի եւ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունների ոչ կոմպետենտությունը, ապա պարզ է, որ ամեն ինչ հենց այսպես էլ պետք է լիներ: Այլ խոսքով, անսպասելի ոչինչ չկատարվեց, ամեն ինչ լիովին օրինաչափ էր: Լափամանից կերակրվողների ախորժակը գնալով մեծացավ եւ վերաճեց դավաճանությունների լուրջ շղթայի, որի շնորհիվ արդեն լիովին կազմալուծված բանակին չափազանց դժվար՝ անգամ անհնարին էր դիմակայել այդ նույն տարիներին՝ ամեն օր լրջագույն ձեւով զինվող, բանակն անընդհատ թարմացնող ու վերազինող թուրք-ադրբեջանական տանդեմին, որը ցանկացած պահի կարող էր ոչնչացնել մեր բանակ կոչվածը, որով տարիներ շարունակ հպարտանում էինք ի լուր աշխարհի, անգամ փորձելով վախ ներշնչել ԱՄՆ-ին, Չինաստանին, Ռուսաստանին, Հնդկաստանին, ՆԱՏՕ-ին, Եվրոպային …, էլ չեմ ասում Ճապոնիայի, Կորեաների, Իրանի, Իրաքի եւ նմանատիպ այլ երկրներին: Այլ խոսքով, մերոնք տարիներ շարունակ «ահ ու դողի մեջ» էին պահում համարյա ողջ աշխարհին: Երբ եկավ արդեն գործելու պահը, պարզվեց, որ այդ ամենը կատարյալ փուչիկ է եւ սկսվեց բոլոր երկրների առջեւ խոնարհանքը եւ աղաչանքը, որպեսզի նրանք փորձեն մի բան անել ու փրկել հայությանը, որպեսզի հանկարծ չջղայնանա ու «միջուկային զենքի իր ահեռելի պաշարներով» չվերացնի երկիր մոլորակը:

Փաստացի, մարդկությունը կանգնած էր վերացման վտանգի առջեւ …

Եվ այս պայմաններում, աշխարհը հանդարտության ու խաղաղության կոչ արեց աշխարհի «հեգեմոն» Հայաստանին, ասաց մի քիչ քրիստոնյա կեցվածք ընդունիր եւ թեկուզ Արցախի զոհաբերության գնով դադարեցրու կատաղությունդ ու փրկիր աշխարհը: Նրանք անգամ բարձրաձայնեցին, որ աշխարհը տեղյակ է, որ բանակի «տնտեսված» փողերով են նոր միջուկային զենք ստեղծել, դրա համար էլ մինչեւ այժմ այդքան հանգիստ էին, իսկ թուրք-ադրբեջանական տանդեմը տեղը չի բերում եւ փորձում է Արցախի ու Հայաստանի նկատմամբ չարաճճիություններ անել, իսկ իրենք իրենց թույլ չեն տալիս՝ անգամ այդ նոր «միջուկային» զենքի՝ թեկուզ փոքրիկ դոզաներ կիրառել, ուղղակի փորձում են այդ նենգ տանդեմին մի ապտակ տալ, որն ակամայից կարող է «վերացնել» աշխարհը:

Իսկ այժմ ավելի լուրջ. ինչո՞ւ եղավ այս ամենը: Եղավ, քանի որ նաեւ բանակին հատկացված ու թալանված փողերն այդ արարածներին մոռացնել տվին բոլոր սրբությունների մասին, որի հետեւանքով նրանք բռնեցին դավաճանության ու անտարբերության ճանապարհը, որպեսզի էլ ավելի հարստանան ու ազատվեն մարդուն հատուկ հոգսերից: Փողի այդչափ մոլուցքը նրանց սարքեց դավաճաններ, նրանց էլ չէր հետաքրքրում հայրենիք, նամուս, թասիբ, ազգակից, մարդ, երեխա, մահ, կոտորած հասկացությունները, նրանք տարված էին միմիայն իրենց անձնական բարօրությունն անհոգ դարձնելու համար, թքած, թե իրենց աչքի առջեւ որքան երեխաներ կզոհվեն … Դա իրենց հոգսը չէ, թե ինչ կլինի հարյուր հազարավոր իրենց հայրենակիցների հետ, նրանք նման խնդիր ընդհանրապես չունեն … Ի՞նչ Աստված, ի՞նչ հայրենիք, ի՞նչ հող, ի՞նչ կոտորած, ի՞նչ պարտություն: Այս ամենը նրանցից դուրս է, ներսում միայն փողն է:

Ի՞նչ եղեռն՝ հերթական, թե՞ արտահերթ: Նրանք ունեն լոկ իրենց արահետը, որտեղ միմիայն փող է շաղ տված, իսկ շտապում են, որպեսզի որքան հնարավոր է՝ շատ կուտակեն եւ նույն չափով հեռու լինեն այն ամենից, ինչն իրենցը չէ …

Սրիկաներ ու վիժվածքներ, ինչի՞ մի քանի արծաթով վաճառեցիք հայրենիքը, նրան պարգեւելով մահ, կոտորած ու անպատվություն:

Մոտ է հատուցման ժամը եւ դուք կվճարեք ձեր գործած մեղքերի՝ ամեն ինչի եւ բոլորի համար: Հերթը ձերն է:

Անանիա ՄԱՂԱՔՅԱՆ

Հայաստանի Ճարտարագիտական ակադեմիայի թղթակից անդամ

«Առավոտ» օրաթերթ
05.10.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031