Լրահոս
Օրվա լրահոսը

Հռոմի ստատուտի անհեթեթ ու անփառունակ ճակատագիրը. ինչու այն նենգափոխվեց ու ծառայեցվեց հակառուսական նկրտումներին. Գեւորգ Դանիելյան

Հոկտեմբեր 05,2023 22:49

Հռոմի ստատուտի վավերացման հետ կապված կան հակասական կարծիքներ ու մտահոգություններ: Ներկայացնում ենք Aravot.am-ի զրույցը ՀՀ արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանի հետ.

-Պարոն Դանիելյան, ՀՀ խորհրդարանը 60 կողմ, 22 դեմ ձայներով ընդունեց Հռոմի ստատուտը` Միջազգային քրեական դատարանի կանոնադրությունը և դատարանի իրավազորությունը հետադարձ ուժով ճանաչելու մասին նախագիծը։ Դուք ասում էիք, որ անհրաժեշտ է միանալ այդ կանոնադրությանը, ողջունում էիք դա, հիմա՞ էլ եք մնում Ձեր կարծիքին՝ հաշվի առնելով, թե ինչ հակազդեցության այն արժանացավ և խորհրդարանում հատկապես որ տեսանկյունից այն քննարկվեց:

Նորություն չէ, երբ ցանկացած լավ, անգամ կատարյալ գաղափար կարելի է այնպես նենգափոխել, նաև ընտրելով դրա իրացման ոչ ողջամիտ պահ, որ այն ընկալվի ճիշտ հակառակ տեսանկյունից։ Ի սկզբանե Հռոմի ստատուտին ևս վիճակված էր հիշյալ անհեթեթ ու անփառունակ ճակատագիրը։ Թեպետ՝ հիմնավորումներում արձանագրված էր, որ դրա վավերացումը հետապնդում է Ադրբեջանի իրավասու պաշտոնյաներին՝ մարդկության դեմ կատարված միջազգային հանցագործությունների համար քրեական պատասխանատվությունը երաշխավորելու նպատակ, սակայն դրա վավերացման բուն գործընթացը՝ ուղեկցվող քաղաքական ակցիաներով հանդերձ, անխուսափելիորեն բոլորովին այլ հարթություն տեղափոխվեց և այլ եզրահանգումների տեղիք տվեց։ Նախ, զուտ ժամանակագրական ասպեկտով այն անմիջապես հաջորդեց միջազգային դատական ատյանում ՌԴ Նախագահի նկատմամբ վարույթ հարուցելու հետ։

Կարճ ընդմիջումից հետո, անգամ չսպասելով խորհրդարանի որոշմանը, առանձին պաշտոնյաներ, այդ թվում՝ բարձր զինվորական կոչում ունեցող մի պատգամավոր դիլետանտ ու անհեթեթ հայտարարություն արեց, որ իբր Հայաստան այցելելու դեպքում, այո, իրենք Պուտինի կձերբակալեն և այլն։ Իհարկե, սա իրավական արժեք չունեցող, անպատասխանատու հայտարարություն էր, բայց քաղաքական հարթությամբ այսպիսի նկրտումները անխուսափելիորեն ընկալվում են իբրև ուղղորդված կոնկրետ ազդակներ։ Եվ պատահական չէր, որ չուշացան ռուսաստանյան պաշտոնական արձագանքները, որոնք տևական ժամանակ կամ անտեսվում էին, կամ արժանանում անլուրջ, անհամարժեք մեկնաբանությունների։ Հետո, իհարկե, մասնագետների կողմից փորձ արվեց փարատելու այդ կասկածները, բայց, կարծում եմ, և մեկնաբանություններն էին թերի, խոցելի և ժամանակն էր բաց թողնվել։

Վերջապես, լրացուցիչ պայմանագրային պարտավորություններ ստանձնելու  կարիք չկա, քանի որ ԵԱՏՄ պայմանագրային պարտավորությունները լիարժեք բավարար են։

-Դուք ասում էիք, որ այս կանոնադրությանը միանալը Թուրքիայի, Ադրբեջանի ղեկավարներին պատասխանատվության ենթարկելու համար է, մինչդեռ՝ ոչ թե Թուրքիայից, այլ Ռուսաստանից եղավ բավականին բաց ու կոշտ արձագանք, Հռոմի ստատուտը, վավերացնելը որակվեց ՌԴ ԱԳՆ-ի կողմից որպես «ոչ բարեկամական» քայլ, ՌԴ-ում ՀՀ դեսպան Վաղարշակ Հարությունյանին կանչեցին ԱԳՆ այդ թեմայով, հետո արդեն հանրային կոչեր հնչեցին: Եթե այն հակառուսական տրամադրվածություն չուներ, Պուտինին ձերբակալելու համար չէր, ինչո՞ւ այսպիսի շրջադարձ եղավ:

Նշված միջազգային պայմանագիրը վավերացնելու այս կարգի հապճեպությունը կարող է վկայել միայն մի բանի մասին, որ կար անթաքույց ձգտում՝ առավելապես միջազգային հանրության մոտ ստեղծելու հակառուսականության տպավորություն, ինչին, իրենց ոչ համարժեք պահվածքով և գուցե թույլ իրազեկվածությամբ, նպաստեցին որոշ ռուսական գործիչներ ևս։

Ինչպես արդեն նկատեցի, ՌԴ֊ի հետ մենք գտնվում ենք այնպիսի պայմանագրային տիրույթում, որ Հռոմի ստատուտի 89-րդ հոդվածի հիմքով միանշանակ բացառվում է որևէ բարձրաստիճան պաշտոնյայի ձերբակալությունը և հանձնումը։ Սակայն իմ կողմից արդեն իսկ ձեր առաջին հարցի առնչությամբ նշված գործոնները ունեցան որոշակի բացասական դերակատարում։ Չի բացառվում, որ խնդրի արհեստական սրումը շահեկան էր նաև որոշ ռուսական գործիչների համար, որոնց ուղղակի առիթ է պետք, իսկ հայկական կողմը առիթների հարցում շռայլ է, հատկապես՝ վերջին շրջանում։

Թուրքիան և Ադրբեջանը զուտ քաղաքական ասպեկտներով այս փուլում անհանգստանալու հիմքեր չունեն, բայց դա միայն այս փուլում։ Բացի դա, սա այն դեպքն է, երբ ասում են «փայտն ունի երկու ծայր», և դեռ մեծ հարց է, թե մյուս ծայրը ում բաժին կհասնի։

Մյուս կողմից, եթե հայրենի իշխանությունները, իրոք, կամք ունեն իրավական քայլեր ձեռնարկելու, ապա հենց այս օրերին առկա է առավել հրատապ անելիքների պահանջ. 100 հազարից ավել բռնագաղթվածներ են լքել իրենց հայրենի Արցախը, կրել են անասելի առողջական, նյութական և այլ բնույթի վնասներ, ինչը, ցավոք, անտեսվում է, որևէ փաստահավաք պաշտոնական աշխատանք չի տարվում, ինչն անհրաժեշտ է հետագայում միջազգային դատական ատյաններում գոնե պատճառված վնասը հատուցելու հայցեր ներկայացնելու համար, մինչդեռ՝ նույն Ադրբեջանը կեղծ հիմքերով միլիարդների հասնող հայցերով է հոխորտում, իսկ Էրդողանն էլ ավելացնում է, որ այն չմարելու դեպքում, Հայաստանը կարող է փոխհատուցել տարածքներով, սկզբի համար՝ Սյունիքով։  Այսինքն՝ միջազգային դատարան դիմելու համար, նախ, հիմքեր են ստեղծում, ոչ թե վերացական հայտարարություններ անում։

Եվ այս իներտությունը մենք դրսևորում ենք այն ամենի համատեքստում, երբ Ադրբեջանի պետական քաղաքականությամբ Հայաստանը արդեն վաղուց դիտարկվում է իբրև «Արեւմտյան Ադրբեջան» և լրջորեն ակնկալում են նախկին փախստականների «մեծ վերադարձ իրենց պատմական հայրենիք»։ Հավելեմ, որ 1989-92 թթ. ես զբաղեցրել եմ ՀՀ դատախազության ազգամիջյան հարաբերությունների բաժնի պետի պաշտոնը, և մենք պատրաստել ենք արխիվային փաստաթղթեր, այդ թվում՝ ադրբեջանցի պաշտոնյաների մասնակցությամբ, ըստ որոնց՝ Ադրբեջան տեղափոխված քաղաքացիները գրավոր հաստատել են, որ իրենց նկատմամբ որևէ բռնություն չի գործադրվել, ուղղակի իրենք անհանգստացել են, որ Սումգայիթում և Բաքվում տեղի ունեցած ջարդերը հնարավոր է համարժեք արձագանք ունենան Հայաստանում։

-Դուք ասում էիք, որ խորհրդարանը կարող է վերապահումներ մտցնել, մասնավորապես, հայտարարել, որ այն չի տարածվում Հռոմի ստատուտը չվավերացրած պետությունների վրա, սակայն դա չարվեց: Կարո՞ղ ենք ասել, որ պարզապես այս ստատուտով պատերազմ հայտարարվեց Ռուսաստանին, որի պատասխանը մենք շուտով կարող ենք տեսնել նոր մարտահրավերներով՝ գազի բարձր գնի, նոր պատժատեսակների ու սահմանափակումների տեսքով:

Բայց վերապահումների մասով նկատեմ, որ դա պետք կլինի հենց Ադրբեջանի մասով, իսկ ՌԴ֊ի մասով դա կլիներ սոսկ լրացուցիչ իրավական հիմք։ Այո, նենգափոխվել է այս միջազգային կարևոր փաստաթղթի բուն էությունը և այն ծառայեցվում է միմիայն հակառուսականության նկրտումներով։

Վերջին հաշվով, հարկ է ելակետ ընդունել, որ այս կամ այն պետության կամ պետությունների հետ փոխհարաբերության հարցերի լուծումը Սահմանադրությամբ վերապահված չէ ինչպես պետության գլխին, այնպես էլ կառավարության ղեկավարին։ Դրանք կանխորոշվում են բացառապես վավերացման ընթացակարգ անցած միջազգային պայմանագրերով, իսկ վերպետական միջազգային կազմակերպություններից դուրս գալու հարցը կարող է լուծվել միայն հանրաքվեով։ Ընդ որում, միջազգային պայմանագրերը ստորագրելուց առաջ, առնվազն անհրաժեշտ է պահպանել ներպետական ընթացակարգերը, դրանց նախագծերի առնչությամբ հարկ է ստանալ առնվազն երեք նախարարների (արտաքին գործերի, արդարադատության և ֆինանսների) եզրակացությունը, դրանց հիմքով քննարկել և ընդունել Կառավարության որոշում և այլն։

Ցավոք, այս իրավական ակնհայտ փաստարկները անուշադրության են մատնվում միջազգային կառույցների, այդ թվում՝ Ռուսաստանի իշխանության կողմից, իրենք այդպես էլ չեն «նկատում», որ որևէ պաշտոնյայի հայտարարություն կամ առանց վավերացման սոսկ ստորագրված փաստաթուղթ չունի իրավական ուժ։

Ամփոփեմ, վավերացրել ենք ՌԴ֊ի հետ որևէ աղերս չունեցող միջազգային պայմանագիր, սակայն հետևողականորեն հասել ենք նրան, որ այն ընկալվել է բացառապես հակառուսական ակցիա՝ իր բոլոր բացասական հետևանքներով հանդերձ։ Իսկ հետևանքների մասին դարձյալ նույն դեմքերը շրջանառում են «հույս ներշնչող» վերամբարձ մտքեր։

 

Զրուցեց Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031