ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «Վալդայ» ակումբի նիստին անդրադարձել է Ադրբեջանի կողմից Արցախի նախկին նախագահների և պետնախարար Ռուբեն Վարդանյանի ձերբակալությանը: Նա նախ նկատել է, որ Ռուբեն Վարդանյանը ինքն է հրաժարվել ՌԴ քաղաքացիությունից և հավելել. «Ես չգիտեմ, չեմ ուզում մանրամասնել, բայց այնպես եմ հասկանում, որ նրանց Երևանում էլ չեն ուզում տեսնել»:
Հարցին, թե արդյոք Ռուսաստանը կարող է գթասրտություն դրսևորելու կոչ անել Ադրբեջանին, Պուտինն ասել է, որ Մոսկվան միշտ է դա արել, հիմա էլ անում է: «Հեռախոսազրույց եմ ունեցել նախագահ Ալիևի հետ։ Մենք նախկինում էլ ենք խոսել այդ մասին։ Նա ինձ հավաստիացրել է՝ ինչ էլ որ լինի, նա կապահովի Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության անվտանգությունն ու իրավունքները», – ասել է Պուտինը՝ հավելելով, որ ԼՂ-ում հայեր չեն մնացել: