Ռուսաստանը վերջին 15 տարիներին առաջարկել է Հայաստանին գնալ փոխզիջման և Ադրբեջանին վերադարձնել Ղարաբաղի շուրջ 5 շրջանները: «Բայց ղարաբաղցի մեր ընկերները ասում էին. «Ոչ, սա մեզ համար որոշակի սպառնալիքներ կստեղծի»: Մենք էլ մեր հերթին նրանց ասում էինք՝ Ադրբեջանն աճում է, տնտեսությունը՝ զարգանում, նավթ ու գազ արտադրող երկիր է, 10 միլիոնից ավելի բնակչություն կա… Քանի դեռ կա նման հնարավորություն, պետք է գտնել այդ փոխզիջումը… Բայց ոչ, մեզ ասացին. «Ոչ, մենք չենք կարող սրան համաձայնել», իսկ դուք ի՞նչ եք անելու. «Մենք կկռվենք»»։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Վալդայ քննարկման ակումբի լիագումար նիստի ժամանակ:
Նրա խոսքով՝ Ռուսաստանը փորձել է օժանդակել Ղարաբաղի հարցով փոխզիջումային լուծում գտնելուն և պատրաստ է եղել ապահովել Լաչինի միջանցքի և այդ շրջանում բնակվող հայերի անվտանգությունը:
ՌԴ նախագահը նաև նշել է, որ 2020թ. ևս գործընկերներին առաջարկել է գտնել փոխզիջումային տարբերակ: «Ի դեպ, նախագահ Ալիեւը, հավանաբար, ինձանից չի նեղանա, բայց ինչ-որ պահի պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ ադրբեջանական զորքերը կանգ կառնեն։ Անկեղծ ասած, կարծում էի՝ հարցը լուծված է։ Զանգեցի Երևան և հանկարծ լսեցի. «Ոչ, թող գնան Ղարաբաղի այն հատվածից, ուր հասել են ադրբեջանական զորքերը»… Ասում եմ՝ լավ, ի՞նչ եք անելու, էլի նույն արտահայտությունը՝ «Կռվելու ենք»… ամեն ինչ ստացվեց այնպես, ինչպես ստացվեց»:
Անդրադառնալով ԵԽ ղեկավար Շառլ Միշելի հայտարարությունն այն մասին, որ Ռուսաստանը դավաճանել է Հայաստանին, Պուտինն ասել է՝ «ում կովն էլ բառաչի, քոնը լավ կանի՝ լռի»: