«Ի՞նչ պետք է զգամ։ Ասենք Դուք ի՞նչ կզգայիք, եթե Դուք մի քանի անգամ Ձեր տունը ստիպված լինեիք թողնել, գնալ ու ոչ մի բան Ձեզ հետ չվերցնել»,-Aravot.am-ի՝ ստեղծված իրավիճակի վերաբերյալ հարցերին ի պատասխան և թե ի՞նչ է զգում բռնի տեղահանված արցախցիների հետ շփվելիս, այսպես պատասխանեց արցախցի ռեփեր Վալերի (Լյոկա) Ղազարյանը։
Վալերի Ղազարյանը Նոր Մարաղայում 2020 թվականի պատերազմի հետևանքով կորցրել է իր տունը։ Նա Արցախում տուն է կորցրել արդեն երեք անգամ։ Հարցազրույցներից մեկում Վալերի Ղազարյանը պատմել էր՝ ապրել են Մարտակերտում, Ստեփանակերտում, Դրմբոնում, տարբեր տեղեր, անգամ ապրել են դպրոցի դասարանում՝ հինգ ընտանիք, որոնցից յուրաքանչյուրն ուներ երեք-չորս երեխա, և հերթով քնում էին դպրոցի աթոռներին։
Նա ընկերների օգնությամբ հիմնել էր Lyoka’s բրենդը եւ Ստեփանակերտում արտադրամաս, որը ևս կորցրել է։ Մեզ հետ զրույցում ասաց․ «Ես նաև իմ հիմնածը կորցրեցի։ Ստեփանակերտում հիմնել էի մեծ արտադրամաս։ Հիմա ուզում ենք փորձել Երևանում ստեղծել»։ Իր ֆեյսբուքյան էջում նա գրել է․ «Մենք կորցրեցինք մեր հայրենիքը՝ Արցախը: Ես կորցրեցի իմ տունը, արդեն 3-րդ անգամ, տան հետ կորցրեցի նաև արտադրամասը: Ես կորցրել եմ ամեն ինչ, 3 տուն, հայրենիք, գործ, ընկերներ, հարազատներ, բայց չեմ կորցրել հույսս, հավատս ու ապրելու ցանկությունս»։
Կարդացեք նաև
Մեր հարցին՝ որպես անհատ՝ մտածե՞լ եք այն ուղղությամբ, թե արդյոք հնարավո՞ր չէր խուսափել այն ողբերգությունից, որը տեղի ունեցավ Արցախում, Վալերի Ղազարյանն այսպես պատասխանեց․ «Այդ հարցը քաղաքական գործչին պիտի տաք։ Ես ահագին բաներից տեղյակ չեմ՝ իրենք ինչ են որոշել, ինչ է խոսվել, ես չեմ կարող այդ հարցին պատասխանել։ Ես որպես անհատ, մարդ, որն ապրում է ինչ-որ տեղ ու ինչ-որ գործով է զբաղվում և չի խառնվում նման բաներում, ես ի՞նչ իմանամ՝ հնարավո՞ր էր, թե՝ ոչ։ Ես չգիտեմ․ հարցեր եք տալիս, որոնց մասին չեմ մտածել, չեմ կարող այդ հարցերի պատասխանը տալ, քանի որ ես ահագին բաներից տեղյակ չեմ»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Լուսանկարները՝ ռեփերի ֆեյսբուքյան էջից