Լրահոս
Օրվա լրահոսը

«Կնատյաց մարդիկ ընդհանրապես իրավունք չունեն ոչ միայն խորհրդարանում գտնվել, այլև պաշտոնական դիրք զբաղեցնել». Զարուհի Հովհաննիսյանը՝ Ալեն Սիմոնյան-Աննա Մկրտչյան վեճի մասին

Հոկտեմբեր 05,2023 20:26

«Տխմարը դու ես, այ չինական… Մի հատ հանգստացիր, աղջիկ ջան։ Անդաստիարակ երևույթ ես, էլի… Պարզ է, ես իմ դիրքից ելնելով՝ չեմ կարող շատ բան պատասխանել, առավել եւս, որ այդպիսի ասացվածք կա՝ Աստված լրբից երես է թեքում»,- երեկ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն այսպես հակադարձեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանին՝ թիրախավորելով նրան՝ որպես կին:

Եթե այս միջադեպը լիներ 2018-ի հեղափոխությունից առաջ, մի շարք ՀԿ-ներ պարզապես կխարազանեին ՀՀԿ-ի պաշտոնյաներին եւ պաշտպանության տակ կառնեին կին պատգամավորին, կտարածեին հայտարարություններ, կանեին բողոքի ցույցեր:

Այսօր Aravot.am-ը «Կանանց ռեսուրսային կենտրոնի» համանախագահ, իրավապաշտպան Լարա Ահարոնյանին հարցրեց՝ դուք չե՞ք հետեւում խորհրդարանում այդ միջադեպերին՝ նա պատասխանեց. «Չէ, չեմ հետեւել ու չեմ կարող հիմա խոսել»՝ չցանկանալով շարունակել զրույցը:

Մեզ հետ զրույցում իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը պատասխանեց, որ ինքն էլ չի հետեւում խորհրդարանի աշխատանքին, բայց վաղուց է ասել իր վերաբերմունքը. «Կնատյաց մարդիկ ընդհանրապես իրավունք չունեն ոչ միայն խորհրդարանում գտնվել, ոչ միայն պաշտոնական դիրք զբաղեցնել, այլեւ իրենց ազդեցության ներքո պահել հանրային կարծիքը: Փաստացի մենք տեսնում ենք, որ շարունակվում են այդ ատելության եւ կնատյացության դրսեւորումները: Վստահ եմ, որ այլեւս խորհրդարանում չկան նույնիսկ զսպող անձինք, որոնք կփորձեն այս կամ այն կերպ հիշեցնել էթիկայի կանոնները կամ մարդու իրավունքներին վերաբերվող այն խնդիրները, որոնք ատելության խոսքի, խտրական վերաբերմունքի, կանանց նկատմամբ արժանապատվության նվաստացման արտահայտությունների միջոցով կարող են խաթարել հենց գենդերային հավասարությունը խորհրդարանում: Հետագայում երբ հարց առաջանա, թե ինչո՞ւ կանայք չեն մասնակցում քաղաքականությանը, կարելի է հանգիստ մատնանշել նաեւ այն խտրական, կնատյաց եւ անմարդկային վերաբերմունքը, որը խորհրդարանում ի հայտ է գալիս՝ որպես խոսույթ եւ որեւէ կերպ որեւէ ձեւով փորձ չի արվում այդ ամենը վերահսկել կամ այս կամ այն կերպ փորձել ազդել, ազդեցություն ունենալ այդ արատավոր պրակտիկաների շարունակականության դադարեցման ուղղությամբ: Չեմ զլանա ասել՝ թե՛ պաշտոնատար անձանց, թե՛ ԱԺ պատգամավորների վերաբերյալ գործում են հստակ կարգավորումներ, այդ թվում նաեւ էթիկայի հանձնաժողով ձեւավորելու հնարավորություն, բայց մենք տեսնում ենք, որ ո՛չ նախորդ ԱԺ-ում, ո՛չ այս ԱԺ-ում որեւէ ձեւով տեղի չի ունեցել նմանատիպ նախադեպ, որպեսզի պաշտոնյայի էթիկայի խախտմանը, հատկապես կանանց նկատմամբ խտրականության եւ ատելության խոսք տարածելուն լինի համարժեք որեւէ գործողություն, որը կսաստի կամ գոնե հետագա նմանատիպ դրսեւորումների պարագայում հնարավորություն կտա մատնանշել նախադեպը եւ ասել, որ պատժվել է»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031