Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը առանցքային էր, բայց Հայաստանն ինքը ճանաչեց այն՝ որպես Ադրբեջանի մաս: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Սոչիում ընթացող Վալդայ ամենամյա համաժողովի ժամանակ:
Ռուսաստանի նախագահը, հիշեցնելով 2022թ. աշնանը Պրահայում տեղի ունեցած հանդիպումը Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև, ընդգծել է, որ «Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած վերջին իրադարձությունները Հայաստանի կողմից այդ շրջանը Ադրբեջանի մաս ճանաչելու անխուսափելի հետևանք էին»։
«Ղարաբաղը պաշտոնապես անցավ Ադրբեջանի կազմ, այսպիսին է հայկական ժամանակակից պետության դիրքորոշումը: Իսկ մենք ինչ կարող էինք անել: Այն, ինչ տեղի ունեցավ ոչ վաղ անցյալում՝ 2-3 շաբաթ առաջ, և Լաչինի միջանցքի փակումը և այսպես շարունակ, այդ ամենն անխուսափելի էր Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի ինքնիշխանությունը ճանաչելուց հետո: Դա միայն ժամանակի հարց էր, թե երբ և ինչ միջոցներով Ադրբեջանը սահմանադրական կարգեր կհաստատեր այնտեղ՝ ադրբեջանական պետության սահմանադրության շրջանակներում»,-ասել է Պուտինը: