Հոկտեմբերի 1-ից հայկական կոնյակ արտադրող բոլոր գործարանների արտադրանքով բեռնված բեռնատարները կանգնած են Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի մաքսակետերում։ Ի՞նչ խնդիրներ կան հայկական այս ապրանքանիշի հետ կապված եւ ստեղծված իրավիճակից դուրս գալու ելք կա՞։
Շատերը համացանցում սա կապում են Հռոմի ստատուտի ընդունմանը պատասխան քայլ, սակայն Sputnik Արմենիա մուլտիմեդիոն կենտրոնում այս առիթով հրավիրված ասուլիսում ոլորտի մասնագետները վստահեցրին, որ խնդիրն առաջացել է դեռ մարտ ամսին, եւ այն Հռոմի ստատուտի հետ որեւէ առնչություն չունի։
Հայկական կոնյակ արտադրողների համակարգող Մարինա Առաքելյանը նշեց, որ իրենք արտահանման հետ կապված այսօր կանգնել են մեծ խնդիրների առջեւ։ «Դա այսօր չի սկսվել, դա սկսվել է մարտ ամսից, երբ Ռոսալկոհոլ կարգավորումը նախազգուշացրել էր, որ որակի եւ սերտիֆիկացման հետ կապված խստացումներ են լինելու։ Սակայն մենք՝ արտադրողներս, դրան լուրջ չվերաբերվեցինք՝ մտածելով, թե մի բան էր՝ ասացին ու կանցնի, կգնա։ Ավաղ, նրանք ասացին ու արեցին։ Եվ այս առումով մարտ, ապրիլ ամիսներից սկսած բազմաթիվ արտադրողներ տուժել են։ Ես չեմ կարող ասել, թե բարեխիղճ արտադրողներն էլ վնաս կրել են, թե ոչ, բայց մի բան պարզ է․ դա դիպել է բոլորին՝ անկախ արտադրանքի ծավալներից։ Եվ եթե որոշ խոշոր արտադրողներ, գուցե, կարողանան տեղերում իրենց հզորության հաշվին արտահանման որոշ ուղիներ փոխել, շատ-շատերը դա անել չեն կարող, որովհետեւ հիմնականում ու դա վերաբերում է բոլոր արտադրողներին, նրանց արտահանման 95 տոկոսը Ռուսաստան է գնում։ Ու դա նույնպես նոր բան չէ։ Հայկական կոնյակը, որը որպես հայկական ապրանքանիշ գոյություն ունի 1902 թվականից,Ռուսաստանում օգտագործում են հենց նույն 1902 թվականից»,-ասաց նա։
Տիկին Առաքելյանը նաեւ նշեց, որ այսօր որոշ արտադրանքի անորակության պատճառով տուժում են բոլոր արտադրողները։ «Ես չեմ խոսում ընդհանուր անորակության մասին։ Ստեղծված իրավիճակի պատճառներից է նաեւ ճգնաժամը, որ մեկը մյուսի հետեւից թափվում է մեր վրա։ Ռուսաստանը սկսել է գնային առումով խստորեն ճնշել արտադրողներին՝ դրանք իջեցնելով։ Գործնականում բանը հասել է այնտեղ, որ Ջերմուկն ավելի թանկ է վաճառվում, քան հայկական կոնյակը»,-ասաց նա
Կարդացեք նաև
Ստեղծված իրավիճակից, որը թե արտաքին, թե ներքին պատճառների հետեւանք է, արագ դուրս գալ, թերեւս, հնարավոր չէ, դրա համար տարիներ կպահանջվեն։ Մարինա Առաքելյանը գտնում է, որ պետությունը պետք է որոշ չափով աջակցություն ցուցաբերի վերջնական ապրանք արտադրողներին եւ արտահանողներին, մի բան, որը չի արվում։ Նա կարծում է նաեւ, որ անհրաժեշտ է համախմբվել եւ բոլոր արտադրողների անունից նամակով դիմել Ռոսալկոհոլ կարգավորողին՝ համապատասխան առաջարկներով եւ հարկ է, որ արտադրողները եւ արտահանողները միավորվեն իրենց խնդիրները բարձրացնելու եւ իրավունքները պաշտպանելու հարցում։
Հայ արտահանողների ասոցիացիայի համահիմնադիր Աննա Բեկլյարովան նշեց, որ խնդիրները եւ դրանց լուծումները խորքային են եւ գլոբալ, ուստի համակարգային լուծումներ են անհրաժեշտ։
Հնչեցված հարցերին, թե նմանատիպ խնդիրները սովորաբար ավելի հաճախ առաջանում կամ սրվում են քաղաքական վայրիվերումների ժամանակ,, Տիկին Բեկլյարովան չբացառեց այդ երեւույթը, սակայն նշեց, որ իրենք չեն կարող մեկնաբանել քաղաքական գործընթացները, սակայն միանգամայն ի վիճակի են գնահատել ռիսկերը, մի բան, որ թե արտադրողները, թե արտահանողները երբեք չեն արել։
Իսկ թե ինչու չի ստացվում համախմբվել, Աննա Բեկլյարովան բացատրեց հայկական մենթալիտետով, ինչը բնորոշ է նաեւ բիզնես աշխարհի ներկայացուցիչներին։
Բանախոսները նաեւ դժգոհություն արտահայտեցին բազմաթիվ հարցերի նկատմամբ կառավարության անտարբերությունից եւ ոչ կոմպետենտությունից, ինչը լուրջ վնասաբեր է պատճառում տնտեսությանը։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ