Լրահոս
Օրվա լրահոսը

Ըստ ՖԲ օգտատերերի՝ դասագրքում Արցախն Ադրբեջանի կազմում, հայերը՝ եկվոր են ներկայացված. ԿԳՄՍՆ-ն եւ հեղինակային խումբը պարզաբանում են

Հոկտեմբեր 05,2023 18:54

Վերջին օրերին մեծ աղմուկ են հանել «Հայոց պատմություն 7» դասագրքի մի քանի թեմաներ, ֆեյսբուքյան օգտատերերից ոմանք պնդում են, որ նոր դասագրքում առաջ է քաշվում հայերի «եկվորության տեսությունը», նաեւ վիճելի քարտեզն է բողոքի ալիք առաջացրել եւ այն, որ միտումնավորություն կա դասագրքերը ուշ տպագրելու հետ կապված:

«Հանրակրթության նոր չափորոշչի շրջանակում ստեղծված  բոլոր դասագրքերը, այդ թվում՝ 7-րդ դասարանի «Հայոց պատմություն» առարկայի նոր դասագիրքը, (Հեղինակ՝  Ս․ Հովհաննիսյան «Մասնակցային դպրոց» հրատ․, Երևան 2023 ) օգոստոսից հրապարկված է եղել էլեկտրոնային տարբերակով: Ավելին, դասագրքի հեղինակները նախաձեռնել են տարաբնույթ հանդիպումներ և քննարկումներ ուսուցիչների և հետաքրքրված խմբերի համար՝ նոր դասագիրքը ներկայացնելու և քննարկելու համար։ Այսպիսով, այն հասանելի է եղել ուսուցիչների, աշակերտների, ծնողների և լայն հասարակության համար:

Հետևաբար` մեկնաբանությունը, թե դասագրքի թղթային տպագրությունը միտումնավոր հետաձգվել է՝ դրա բովանդակությունը հանրությունից թաքցնելու նպատակով, անհեթեթ է: Ավելին, վերջին շրջանում նմանատիպ ուղղվածությամբ ապատեղեկատվության և անհեթեթ վարկածների շրջանառումը հանրակրթության նոր չափորոշչի ներդրման գործընթացի և նոր դասագրքերի վերաբերյալ հիմնավոր է դարձնում այն տպավորությունը, թե կրթական փոփոխությունների դեմ իրականացվում է նպատակաուղղված և թիրախավորված արշավ։ Հարկ ենք համարում ընդգծել, որ հանրակրթության փոփոխություններն այլընտրանք չունեն և դրանք հետևողական կերպով իրագործվելու են։ Ինչ վերաբերում է դասագրքերի տպագրությանը, ապա նախարարությունը բազմիցս պարզաբանել է, որ ժամկետները պայմանավորված են եղել իրավական և մրցութային գործընթացներով»,-Aravot.am-ին փոխանցեցին ԿԳՄՍ նախարարության հասարակայնության հետ կապերի եւ տեղեկատվության վարչությունից:

«Այսպիսով, «Հանրակրթության պետական չափորոշչի» ներդրմամբ պայմանավորված՝ հանրակրթական առարկաների նոր դասագրքերի ստեղծման նպատակով 2022 թվականի նոյեմբերի 28-ին ՀՀ ԿԳՄՍ կողմից հայտարարվել էին դրամաշնորհային մրցույթներ՝ 2-րդ, 5-րդ, 7-րդ և 10-րդ դասարանների 65 անուն դասագրքերի համար: Անհրաժեշտ է նշել, որ դասագրքաստեղծ խմբերի առաջարկությամբ մրցույթների վերջնաժամկետը մի քանի անգամ երկարաձգվել է, ինչի հետևանքով հայտերը բացվել են միայն 2023 թվականի հունիսի 1-ին: Հայտերի բացման արդյունքում պարզ է դարձել, որ մասնակիցների կողմից հայտեր ներկայացվել են 49 անուն դասագրքերի վերաբերյալ, որոնցից 2-ը՝ «Ֆրանսերեն 5» և «Ֆրանսերեն 7», հայտահրավերի պահանջները չբավարարելու պատճառով փորձաքննության չեն ներկայացվել:

Ներկայացված այն դասագրքերը, որոնք հունիս-հուլիս ամիսներին տեղի ունեցած փորձաքննությունների ժամանակ հաղթահարել են սահմանված անցողիկ շեմը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի՝ 2023 թվականի օգոստոսի 3-ի «2023-2024 ուսումնական տարում հանրակրթական ծրագրեր իրականացնող հաստատությունների 2-րդ, 5-րդ, 7-րդ դասարանների գործածության երաշխավորված դասագրքերի օգտագործման ժամկետները և ցանկը հաստատելու մասին» N 1342-Ա/2  հրամանով երաշխավորվել են գործածության:

Հաջորդաբար տեղի է ունեցել երաշխավորված դասագրքերի տպագրությունը, որը ևս իրականացվել է մրցութային կարգով: Սակայն տպագրության ընթացքում երաշխավորված դասագրքերի բովանդակությունը չէր կարող փոխվել, այն ամբողջությամբ համապատասխանել է դասագրքի էլեկտրոնային  տարբերակին: Նշենք նաև, որ 5-րդ և 7-րդ դասարանների դասագրքերի տպագրության գործընթացն իրականացնում է Դասագրքերի և տեղեկատվական հաղորդակցման տեխնոլոգիաների շրջանառու հիմնադրամը, իսկ ԿԳՄՍ նախարարության կողմից տպագրվում են միայն 2-րդ դասարանի դասագրքերը, որոնք սովորողներին տրամադրվում են անվճար»,- Aravot.am-ին գրավոր պատասխանել են ԿԳՄՍ նախարարությունից: Նաեւ հիշեցրել,  որ 7-րդ դասարանի «Հայոց պատմություն 7» դասագրքի բովանդակության վերաբերյալ պարզաբանմամբ հանդես է եկել դասագրքի հեղինակային խումբը:

Ի դեպ, ֆեյսբուքյան օգտատերերին չի բավարարել դասագրքի վերաբերյալ հեղինակային խմբի պարզաբանումը: «Այդ դասագրքում բոլոր քարտեզները պրոբլեմատիկ են։ Ուրարտուի քարտեզը Վիքիպեդիայից է վերցրած։ Մի քանի անգամ այդ քարտեզը նկարողին բացատրել եմ, որ Դիաուխին հայ-թուրքական սահմանի վրա չէր, այլ ավելի արևմուտք։ Տայքի մոտ մի քիչ հարավ արևմուտք։ Դա իմ կարծիքը չի, կարող եմ արևմտյան գիտնականների կարծիքը ցույց տալ։Եվ առհասարակ ո՞րն էր իմաստը այդքան փոքր Ուրարտուի քարտեզ դնելու: Մյուս քարտեզներն էլ լուրջ խնդիրներ ունեն»,-գրել է մի օգտատեր։

«Հայկական Նախիջեւանը, Արցախը եւ Գարդմանը, որոնք այդ ժամանակուայ Հայաստանի հայապատկան եւ հայաբնակ տարածքներ էին, այստեղ կ՚երեւան որպէս Ադրբէջան։ Հոս արդէն Արցախը ցոյց տրուած է որպէս Ադրբէջան։ Այս քարտէսը անընդունելի է»,-գրել է մեկ ուրիշը։ «Այս ձեւով բուն Մեծ Հայքը կը դառնայ Թուրքիա, եւ ոչ՝ բռնագրաւեալ Հայաստան։ Այս աճպարարութեան ետին աշակերտին մէջ Հայաստանը կը սահմանափակուի ներկայ Խորհրդային Հայաստանի տարածքով։ Այս ձեւով վերջ կը տրուի հայկական պահանջատիրութեան։ Այս միտումնաւոր պատրաստուած է սերունդներուն մէջէն վերացնելու համար Հայաստանէն բռնագրաւուած տարածքներու իրաւատիրութեան գիտակցութեան եւ զանոնք համակերպեցնելու ներկայ իրավիճակին։ Ինչ որ կը համապատասխանէ Նիկոլի ներկայ պատկերացումներին Թուրքիոյ եւ Ադրբէջանի հետ «խաղաղութեան պայմանագիր» կնքելու հայավնաս ծրագրին»,-սա էլ մեկ այլ մեկնաբանություն է։

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031