Վարչապետ Նիկոլ Փաշինյանը իսպանական Գրանադա քաղաքում մասնակցել է Եվրոպական քաղաքական համայնքի երրորդ գագաթնաժողովին:
Ավելի քան չորս տասնյակ երկրների ղեկավարներին միջոցառման վայրում դիմավորել է Իսպանիայի Թագավորության վարչապետ Պեդրո Սանչեսը, որից հետո սկսվել են գագաթնաժողովի աշխատանքները:
Վարչապետ Փաշինյանը մասնակցել է նաև «Բազմակողմանիություն, ներառյալ անվտանգային և աշխարհաքաղաքական խնդիրներ» թեմայով կլոր սեղան քննարկմանը:
Նիկոլ Փաշինյանը գագաթնաժողովի շրջանակում կարճատև զրույցներ է ունեցել մի շարք երկրների ու կառույցների ղեկավարների հետ:
Կարդացեք նաև
Մասնավորապես, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի, այդ թվում` Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի մեր հայրենակիցների նկատմամբ էթնիկ զտման քաղաքականության հետևանքով ստեղծված իրավիճակի շուրջ վարչապետը զրուցել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լայենի, Եվրոպական միության արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի, Եվրոպական խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլայի, Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի, Նորվեգիայի վարչապետ Յոնաս Գահր Ստորեի, Ֆինլանդիայի վարչապետ Պետերի Օրպոյի, Իսլանդիայի վարչապետ Կատրին Յակոբսդոտտիրի, Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդայի, Նիդերլանդների վարչապետ Մարկ Ռուտեի, Լատվիայի վարչապետ Էվիկա Սիլինայի, Խորվաթիայի վարչապետ Անդրեյ Պլենկովիչի, Մոնտենեգրոյի նախագահ Յակով Միլատովիչի, Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիի, Հյուսիսային Մակեդոնիայի վարչապետ Դիմիտար Կովաչևսկիի հետ:
ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ