Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Արցախը հանձնվեց, ի՞նչ պիտի լինի «ՀայաՔվեն». Աննա Կոստանյանը՝ նաեւ ընդդիմության անհաջողությունների մասին

Հոկտեմբեր 05,2023 18:03

 Aravot.am-ի զրուցակիցն է «ՀայաՔվե» նախաձեռնության անդամ Աննա Կոստանյանը

 -Հերթական համաժողովրդական ինքնաբուխ շարժումը մարեց` այն պահից սկսած, երբ այն իրենց ձեռքը վերցրին ընդդիմադիր գործիչները և փորձ արվեց դրան կազմակերպական ձև տալ։ Ձեր կարծիքով` ո՞րն է պատճառը, ինչո՞ւ ընդդիմությունը չի հաջողում ։

-Ինչպես միշտ՝ պատճառը ժողովրդին տրվելիք առաջարկի՝ հստակ ռազմավարության և գործողությունների պլանի բացակայությունն է։ Չես կարող շարունակ դուրս գալ հարթակ ու նույն տեքստերով, նույն դեմքերով, ովքեր ասոցացվում են մի քանի ընդդիմադիր պայքարի ձախողման հետ, շարունակել ստեղծել հերթական պայքարի իմիտացիան և ակնկալել, որ հաղթելու ես այ հենց այս անգամ, հետո հերթական պարտությունից հետո, մեղքը բարդես ժողովրդի վրա, որ չինքնակազմակերպվեց, ինքնուրույն առավոտյան փողոց չփակեց։ Մարդիկ եթե ոչ խորքային, ապա մակերեսային ձևով հստակ հասկանում են ընդդիմության կողմից առաջարկի բացակայության հանգամանքը։ Եվ այս՝ հերթական ինքնաբուխ հավաքի, որը հսկայական պոտենցիալ ուներ դառնալու համաժողովրդական, ազգային մեծ շարժում, ձախողման առանցքային պատճառը հենց այն առաջարկի բացակայությունն էր, որն այդպես էլ չհնչեց հարթակից։

-Հարթակում կանգնած ուժերին, նրանց ներկայացուցիչներին մեղադրում են ՌԴ ի գործակալ լինելու մեջ։ Որոշ ելույթներ, համենայնդեպս, տարակուսանք առաջացնող են։

-Անկեղծորեն պիտի ասել, որ քաղաքականության մեջ այս կամ այն երկրի կամ աշխարհաքաղաքական բևեռի կողմնակալության մեջ մեղադրվելու հավանականությունն այնքան բարձր է, որ գրեթե անհնար է քաղաքական հաշվարկներում բացառել այդպիսի սցենարները։ Հետևաբար, եթե կա նման տարակուսանք, որ կարող են քեզ մեղադրել այս կամ այն երկրի գործակալ լինելու մեջ, ապա պարզապես պետք է զերծ մնալ քաղաքական պատասխանատվության բեռի տակ մտնելուց։ Եթե անկեղծ ես մղումներումդ, իսկ քաղաքական օրակարգդ կառուցված է ազգայինի շուրջ, ապա նման պարզմիտ քարոզչությունը երբեք չի կարող վախեցնել, առավել ևս՝ զերծ պահել կատեգորիկ քայլերի գնալուց։ Ադեկվատ ու ոչ մի աշխարհաքաղաքական բևեռի օրակարգ չսպասարկող ուժերն անկաշկանդ են ամենաբաց ու ամենատարբեր հարթակներից խոսել աշխարհի բոլոր մեծ տերությունների հետ համագործակցելու պատրաստակամության մասին, որտեղ քո սեփական՝ ազգային շահն առաջին պլանում կլինի, իսկ դու ունակ՝ այն առաջ տանելու։

-Ընդդիմությունն իր անհաջողություններով մեծացնում է հանրության շրջանում հիասթափությունը և գուցե անուղակի, բայց նպաստում է իշխանության դիրքերի ամրացմանը։ Ստացվում է տպավորություն, որ իշխանությունն ու ընդդիմությունը համատեղ են գործում և համատեղ տանուլ են տալիս պետությունն ու պետականությունը, մարդկային կյանքեր, ուստի հավասար պատասխանատու են։ Ինչպես Ալեն Սիմոնյանն էր ասում` բոլորս ենք մեղավոր։ Այդպե՞ս է։

-Իրականում, այս ու նմանօրինակ նարատիվները հյուսվում և թելադրվում են մեկ կենտրոնից, որը մեկ նպատակ ունի՝ սեփական ուսերից աստիճանաբար գցել պետության քանդման ու Արցախի հանձնման մեղավորությունն ու պատասխանատվությունը։ Այսօրվա ընդդիմադիր դաշտն իսկապես պառակտված ու քայքայված է, առաջին հերթին հենց իրենց՝ ընդդիմադիր դաշտի ամենատարբեր գործիչների պատճառով՝ սկսած տիտղոսային ընդդիմության երկու-երեք թևերի գլխին կանգնած «հրահանգիչներից», մինչև նրանց «կամքը» կատարողներ։ Բայց դա չի նշանակում, որ արտախորհրդարանական ընդդիմությունը պետք է օգնի իշխանությանն ու «ազգակործան պատուհասի» ջրաղացին ջուր լցնի՝ նույն նարատիվը դաշտում տարածելով։ Շատ ակնհայտ է, որ տիտղոսային ընդդիմությունը ձախողել է, և դրա մասին պիտի ազնվություն և համարձակություն ունենա ժողովրդին ասելու, նաև պայմանական «հարթակները» զիջելու ազգային օրակարգ ունեցող և առաջարկներ տվող հանրային, քաղաքական գործիչներին։ Եվ եթե այսքանից հետո ընդդիմությունը շարունակի նախանձախնդիր լինել, սեփական ամբիցիաներն առաջ տանել կամ որ ավելի վատ է՝ խանգարել վերջիններիս փորձերին՝ իրական կոնսոլիդացիա ստեղծելու ազգային օրակարգերի շուրջ, ապա ստիպված անհրաժեշտություն է առաջանալու պայքարել արդեն երկու ֆրոնտով՝ իշխանության և ձախողված ընդդիմության դեմ։

-Արցախը հանձնվեց. ի՞նչ պիտի լինի «ՀայաՔվեն»։ Սոցցանցերում մարդիկ «ՀայաՔվեի» պատռած հավաստագրերի նկարներ էին հրապարակում։

-Հետևելով սոցցանցերում տեղ գտած այդ անիմաստ ֆլեշմոբին՝ պիտի ասեմ, որ «ՀայաՔվե»-ի դեմ նման արշավ սկսելը ևս ընկալվում է, որպես մեկ կենտրոնից ուղղորդված քայլ։ Հիմա ավելի, քան երբևէ «ՀայաՔվե»-ն ակտուալ ու կարևոր առաքելություն ունի։ Հայաստանի հանրապետության գործող ղեկավարությունը շարունակում է ենթարկվել թուրք-ադրբեջանական տանդեմի ճնշումներին, և արտաքին ու ներքին սպառնալիքներին դիմակայելու փոխարեն ձգտում է օր առաջ հանձնվել և ընդունել Հայաստանի նոր կապիտուլյացիան։ «ՀայաՔվե»-ն վճռական է սահմանադրական այս ճանապարհով մինչև վերջ պայքարել ու կանխել Հայաստանի վերջնական կապիտուլյացիան։ Հետևաբար` որևէ պարագայում ժամանակավրեպ կամ ուշացած չի կարելի համարվել Արցախի ազատության և Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտման համար պայքարը և չի կարելի հրաժարվել ազգային այս անժամկետ նպատակներից, որոնք ամրագրված են Հայաստանի հանրապետության սահմանադրաիրավական հիմքերում։

Զրույցը՝ Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031