Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ռոբերտ Ղուկասյան․ «Մոտ ապագայում բռնի տեղահանված յուրաքանչյուր ընտանիքի համար պետք է համայնքներում տուն գտնենք՝ միջնաժամկետ բնակության համար»

Հոկտեմբեր 05,2023 17:51

Այս պահին Լեռնային Ղարաբաղից բռնի նոր տեղահանվածներ չկան։ Այս մասին քիչ առաջ կառավարության հումանիտար կենտրոնում ասաց վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։ Վերջին տվյալներով՝ ԼՂ-ից ՀՀ է տեղափոխվել 100, 632 բռնի տեղահանված։

Բռնի տեղահանված անչափահասների շրջանում 21 հազարից ավելին դպրոցահասակ են, նրանցից 6592-ն, ինչպես ասաց Բաղդասարյանն, արդեն հաճախում են տարբեր դպրոցներ։

Երեւանի դպրոցներում այս պահին կրթությունը շարունակում է 2201 արցախցի աշակերտ, Սյունիքում՝ 237, Վայոց ձորում՝ 117, Գեղարքունիքում՝ 303, Արարատում՝ 1112, Կոտայքում՝ 1118, Արագածոտնում՝ 329, Արմավիրում՝ 516, Շիրակում՝ 237, Լոռիում՝ 352, Տավուշում՝ 170։

Բաղդասարյանը հիշեցրեց, որ բռնի տեղահանված արցախցի մանկավարժներն ունեն հնարավորություն Հայաստանի դպրոցներում առանց մրցույթի ընդունվել աշխատանքի՝ ըստ ԿԳՄՍ նախարարության ներկայացրած թափուր աշխատեղերի ցանկի՝ թե որ մարզում կամ դպրոցում որ մասնագետի կարիքը կա։

Բաղդասարյանը նաեւ տեղեկացրեց, որ այս պահին ՀՀ-ում ավագ բուժաշխատողի 273 թափուր աշխատատեղ կա, կրտսեր բուժաշխատողի՝ 59 թափուր տեղ։

Այս պահին Սյունիքի մարզում գտնվում են 5257 բռնի տեղահանված արցախցիներ։ Այս մասին հումանիտար կենտրոնից հայտնեց Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը։ Նրա ներկայացմամբ՝ Սյունիքում հաստատված բռնի տեղահանված մեր հայրենակիցներից 4000-ը գտնվում են ոչ հյուրանոցային եւ հյուրատնային պայմաններում, նրանք հիմնականում վարձակալության տրված բնակարաններում կամ գյուղական բնակավայրերում սեփական տներում են։

Այս պահին 4100 մարդու համար սննդի եւ հիգիենայի պարագաների առաջնային փաթեթներ են տրամադրվել, մյուս կարիքներն էլ գույքագրվում են։

«Շատ կարեւոր է, որ մենք կարողանանք բոլոր ընտանիքների համար ստեղծել պայմաններ, որպեսզի կարողանան ոչ հյուրանոցային պայմաններում լինել, որովհետեւ հյուրանոցներում երկար չեն կարող մնալ։ Համայնքների ղեկավարների հետ քննարկել ենք, շատ մոտ ապագայում պետք է յուրաքանչյուր ընտանիքի համար գտնվի տարածք, տուն, որտեղ կարող են միջնաժամկետ բնակություն հաստատել»,-ասաց մարզպետը։

Ղուկասյանն անդրադառնալով կազմակերպչական աշխատանքներին՝ ասաց․ «Միայն այն, որ 25 հազարանոց Գորիս քաղաքը կարողացել է մեկ շաբաթվա ընթացքում 70 հազար մարդ դիմավորել եւ ճանապարհել, դա խոսում է բարձր կազմակերպվածության մասին։ Ամենակարեւորը կամավորների աշխատանք է, ուսանողներ, երեխաներ, երիտասարդներ, որոնք օրերով չեն քնել, ամեն ինչ արել են։ ԱԻՆ-ը ճանապարհներին 5000-ից ավելի մարդու է օգնել։ Սա մեծ ցուցանիշ է»։

 Մանրամասն ՝ տեսանյութում

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031