«Ես հասկանում եմ, որ աշխարհաքաղաքական առումով շատ բարդ իրավիճակում ենք, բայց ես քաղաքական գործիչ չեմ, հետեւաբար միշտ փորձում եմ հոգեւոր առումով գնահատական տալ այն ամենին, ինչ մեզ հետ է կատարվում: Մենք ապրում ենք մի շրջան, որի մասին գրված է Աստվածաշնչում։ Եվ ինչքան անտեսենք այդ գրվածը, այդքան սխալների ու խնդիրների առաջ կկանգնենք»,-«Հայելի» ակումբում ասաց երգչուհի, ՀՀ վաստակավոր արտիստ Աննա Մայիլյանը:
Նրա խոսքով. «Այսօր արժի, որ ազգովի կարդանք Աստվածաշունչ, ինչքան էլ դա բարդ լինի: Պետք է կառչենք մեր եկեղեցուց, մեր ավանդույթներից: Կան հոգեւոր որոշակի շերտեր, որոնք իսկապես ազդում են մեր կյանքի, գործունեության, մեր կողմից խնդիրներ վերացնելու եւ ստեղծելու առումով: Ես կարծում եմ, որ այսօր մեր եկեղեցին պետք է շատ մեծ դեր կատարի ինչ-որ բաներ փոխելու համար, ուրիշ ճանապարհ չկա… Ամեն ինչ կախված է մեր ժողովրդի ապաշխարությունից, դա պետք է լինի ազգովի, եւ անպայման կարգ պիտի կատարվի մեր ժողովրդի վրա»:
Երգչուհին համոզված է, որ մեր երկրում նեգատիվի կուտակումը բերելու է շատ վատ հանգրվանի, հատկապես որ ժողովուրդն էլ պառակտված է. «Ժողովրդին գցում են ռուսամետության, արեւմտամետության, չկողմնորոշվածների ջրերը: Մենք այսօր պետք է ունենանք մեկ ուղղություն, դա պետք է լինի հայ ազգային գաղափարախոսությունը, սխալ է կանչել՝ բոլորդ եկեք այս միտինգին, եկեք այն միտինգին, չնայած հիմա նման բան չկա, անհասկանալի կերպով ամեն բան դադարեցվել է: Պետք է ունենանք հայկական հավաքական գաղափարախոսության շուրջ հավաք, չպետք է հնչեն ինչ-որ մետ-ության մասին կոչեր: Մինչեւ ժողովրդի համախմբում չլինի, ոչինչ չի փոխվելու»:
Աննա Մայիլյանն ընդգծեց. «Պետք է բոլոր կուսակցությունները, շարժումներն ուժ գտնեն իրենց մեջ, նախաձեռնող լինեն, հայկական գաղափարախոսության շուրջ կարողանան հավաքվել»:
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ