Լրահոս
Օրվա լրահոսը

Լարիսա Ալավերդյան. «Արցախցիները բռնի տեղահանվել են մեր պատճառով, որովհետեւ չկարողացանք սանձել այս իշխանություններին»

Հոկտեմբեր 05,2023 16:47

ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը «Հայելի» ակումբում հիշեցրեց Սումգայիթի եւ Բաքվի հայերի բռնի տեղահանման ժամանակ ադրբեջանցիների սպառնալիքները: «Նրանք հաթաթա էին տալիս, թե ուր էլ գնաք, միեւնույն է, ձեր հետեւից գալու ենք: Արցախցիները չգնահատված կամային որակներից հետո այսօր ընկել են բավականին ծանր վիճակի մեջ, որովհետեւ պետք է տեղավորվեն: Հայաստանում, որքան հասկացել եմ, անցած տարի կառուցվել են բնակարաններ 300 հազար մարդ տեղավորելու համար ու, կառավարությունը չի գտնում մոտավորապես 20 հազար ընտանիքի ապահովելու հնարավորություն: Արցախցիները բռնի տեղահանվել են մեր պատճառով, որովհետեւ չկարողացանք սանձել այս իշխանություններին, որոնց ծրագրի առաջին մասը Արցախը մաս-մաս կամ ամբողջությամբ բռնակցելն էր Ադրբեջանին, երկրորդ մասը՝ Հայաստանը դարձնել Ադրբեջանի կցորդը, որն իր հերթին Թուրքիայի կցորդն է: Բայց հիմա ուզում եմ խոսել մեկ այլ կարեւոր բանի մասին:

Այսօր Հայաստանի եւ ցեղասպան Ադրբեջանի միջեւ տեղի են ունենում բանակցություններ, այսպես կոչված, անկլավների մասին: Պարզ եւ ուղիղ եմ ասում. անկլավները ականներ են, որոնք Ադրբեջանն ու Թուրքիան ուզում են տեղադրել Հայաստանում՝ Հայաստանը պայթեցնելու նպատակով»,-ասաց տիկին Ալավերդյանը:

Նրա խոսքով Հայաստանի այսօրվա իշխանությունը պաշտպանում է Սովետական Ադրբեջանի սահմանները, երբ այսօրվա Ադրբեջանը ինքն է հրաժարվել Սովետական Ադրբեջանի ամեն ինչից, այդ թվում՝ սահմաններից եւ օրենքներից: Իսկ ահա պատասխանատու անձը, որի անունը տիկին Լարիսան այլեւս չի ցանկանում հնչեցնել, սովետական սահմանները պաշտպանում է՝ մտնելով հանցավոր համաձայնության մեջ այսօր Եվրոպայի լծակներն իր ձեռքը վերցրած հարուստների ակումբի կադրերի՝ Միշելի, Բորելի եւ Ուրսուլայի հետ:

«Հիմա Ադրբեջանը պահանջում է, որ այդ անկլավները տրվեն իրեն: Իսկ հենց այս իշխանությունը տվեց, 30 տարվա ընթացքում բազմացած 150 հազար եւ ավելի ադրբեջանցիներ կգան Հայաստան իրենց անվտանգությունն ապահովող հատուկ ուժային կառույցների, հատուկ դիտորդների, հատուկ այլ բաների հետ: Սա, կրկնում եմ, Հայաստանի համար ներսից ականներ են: Հիմա դիմում եմ մեզ դիտողներին եւ լսողներին. թուրքի համար տարբերության չկա՝ Արցախի՞ հայ ես, Հայաստանի՞ հայ ես, Կոնդի՞, թե՞ Կալիֆորնիայի: Ցեղասպանությունը վերաբերվում է ցանկացած հայի եւ դրա նպատակներից է՝ քայքայել մարդու ինքնությունը իր ազգային պատկանելիության համար»,-ասաց Լարիսա Ալավերդյանը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031