Լրահոս
Օրվա լրահոսը

Լեռնային Ղարաբաղ․ Եվրախորհրդարանի պատգամավորները կոչ են անում պատժամիջոցներ սահմանել և վերանայել հարաբերությունները Բաքվի հետ

Հոկտեմբեր 05,2023 15:53

Դատապարտելով Լեռնային Ղարաբաղի բռնազավթումը Ադրբեջանի կողմից՝ Եվրախորհրդարանի պատգամավորները պահանջում են պատժամիջոցներ սահմանել պատասխանատուների դեմ, իսկ Եվրամիությանը կոչ են անում վերանայել հարաբերությունները Բաքվի հետ։

Համապատասխան բանաձևն ընդունվել է հոկտեմբերի 5-ին, բանաձևին կողմ է քվեարկել 491, դեմ՝9, ձեռնպահ՝ 37 պատգամավոր։ Ընդունված բանաձեւը խստորեն դատապարտում է Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի հայերի դեմ նախապես ծրագրված և չարդարացված ռազմական հարձակումը, որն իրենից ներկայացնում է միջազգային և մարդու իրավունքների կոպիտ խախտում։

Եվրախորհրդարանականները նաև ընդգծում են, որ Լեռնային Ղարաբաղում ստեղծված ներկայիս իրավիճակը հավասարազոր է էթնիկ զտումների և խստորեն դատապարտում են Լեռնային Ղարաբաղի հայ բնակիչների նկատմամբ ադրբեջանական զորքերի կողմից իրականացված սպառնալիքներն ու բռնությունը:

Նրանք նաև կոչ են անում ԵՄ-ին և անդամ երկրներին անհապաղ ցուցաբերել անհրաժեշտ օգնություն Հայաստանին՝ ստեղծված հումանիտար ճգնաժամին լուծում տալու համար, որն առաջացել է Լեռնային Ղարաբաղից փախստականների հոսքից հետո։

Եվրախորհրդարանի պատգամավորները կոչ են անում թիրախային պատժամիջոցներ սահմանել Բաքվի այն պաշտոնյաների դեմ, որոնք պատասխանատու են Լեռնային Ղարաբաղում հրադադարի բազմաթիվ խախտումների և մարդու իրավունքների ոտնահարման համար, ինչպես նաեւ հետաքննել ադրբեջանական ուժերի կողմից իրագործված հնարավոր ռազմական հանցագործությունները։

Եվրախորհրդարանականները, դատապարտելով Ադրբեջանի նախագահի և այլ պաշտոնյաների կողմից Հայաստանի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը սպառնացող հայտարարությունները, զգուշացնում են Բաքվին զերծ մնալ հնարավոր արկածախնդրությունից, իսկ Թուրքիային կոչ են անում զսպել դաշնակցին։

Բանաձևը Եվրամիությանը կոչ է անում վերանայել հարաբերությունները Բաքվի հետ՝ հաշվի առնելով վերջին զարգացումները, ինչպես նաև Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակը։ Պատգամավորները կոչ են անում ԵՄ-ին դադարեցնել Բաքվի հետ նոր գործընկերության վերաբերյալ ցանկացած բանակցություն, և եթե իրավիճակը չբարելավվի, մտածել Ադրբեջանի հետ ԵՄ մուտքի արտոնագրերի դյուրացման համաձայնագրի կիրառման կասեցման մասին:

Խորհրդարանը նաև կոչ է անում ԵՄ-ին նվազեցնել կախվածությունը ադրբեջանական գազի ներկրումից և Հայաստանի դեմ ռազմական ագրեսիայի կամ հիբրիդային հարձակումների դեպքում՝ ամբողջությամբ դադարեցնել ԵՄ-ից ադրբեջանական նավթի և գազի ներմուծումը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031