«Արցախի ղեկավարությունն ուներ այլ անուն, երբ ստորագրվեց Լեռնային Ղարաբաղի պետական մարմինների լուծարվելու մասին հրամանագիրը։ Դուք գիտեք՝ ով է ստորագրել, ինչո՞ւ եք ասում Նիկոլ Փաշինյանն է․․․»,-այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն՝ արձագանքելով լրագրողների հարցերին, թե արդյոք մեղքի բաժին, պատասխանատվություն չունի՞ Արցախի կորստի համար։
Դիտարկմանը, թե բռնի տեղահանվածներին ՀՀ-ն տեղավորում է քաղաքապետարանների շենքերում, մանկապարտեզներում, անմարդկային պայմաններ են, Քերոբյանը պատասխանեց․ «Մենք մասնակցել ենք Կոռնիձորում ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին առաջին սնունդով ապահովելու գործին, 3-4 օրում 75 հազար սննդի փաթեթ է բաժանվել։ Առաջին հնարավորությամբ մարդիկ տեղավորվել են տարբեր տեղերում, որոշ մարդիկ՝ հյուրանոցներում, այդ թվում՝ բարձրակարգ, որոշ տեղերում հնարավորությունների սահմանափակ լինելու պատճառով տեղավորվել են դպրոցներում եւ այլ տեղերում»։
Քերոբյանն ասաց, որ կառավարությունը յուրաքանչյուր բռնի տեղահանվածների վեց ամսով ամսական 50 հազար դրամ աջակցություն է տրամադրելու՝ բնակարանային խնդիրները հոգալու համար․ «Այսօր մոտ 50 հազար դատարկ բնակարան եւ տուն կա, որտեղ կարող են տեղակայվել»։
Լրագրողի հարցին՝ այդ հիսուն հազար դրամով ինչպե՞ս բնակարան վարձակալեն, այդ գնով բնակարան չկա, նախարարը հստակեցրեց՝ ընտանիքի յուրաքանչյուր անդամին 50 հազարական դրամ է նախատեսվում․ «Մեկ շնչին է 50 հազար դրամ։ Իմ ընկերը 8 հոգանոց ընտանիքով Փարաքարում վարձել է 200 հազար դրամով սեփական տուն»։
Կարդացեք նաև
Նելլի ԲԱԲԱՅԱՆ