Լրահոս
Օրվա լրահոսը

Դիրքը չի ունեցել նշանաբառ. արդյունքում՝ 19-ամյա զինծառայողը դիրքի ավագին թշնամու հետ է շփոթել ու սպանել

Հոկտեմբեր 05,2023 15:28

2022 թվականի սեպտեմբերի 30-ին համածառայակցին թշնամու հետ շփոթելու արդյունքում նրա ուղղությամբ կրակահերթ արձակելու ու սպանելու դեպքով նախաքննությունն արդեն ավարտվել է, գործն ուղարկվել է դատարան: Գործով մեղադրյալի պաշտպան Գեւորգ Մխիթարյանից տեղեկացանք, որ դեռեւս դատական նիստի օրը հայտնի չէ: Գործով մեղադրյալը ազատության մեջ է, ավարտել է պարտադիր ժամկետային ծառայությունը:

Հիշեցնենք, որ դեպքը տեղի է ունեցել Գեղարքունիքի մարզի զորամասերից մեկում՝ առաջնագծում: Համածառայակցի ուղղությամբ կրակոցներ արձակած ու անզգուշությամբ նրան մահ պատճառած զինծառայողը Արմավիրի մարզից էր, 19-ամյա զինծառայող, իսկ մահացածը դիրքի ավագն էր, կրկին 19 տարեկան:

Գեւորգ Մխիթարյան

Փաստաբանն ասաց, որ դեպքից հետո նշանակվել էր դատահոգեբանական փորձաքննություն, ինչի արդյունքներով հաստատվել էր, որ իր պաշտպանյալը գտնվել է հոգեհուզական անկայուն վիճակում. «Նաեւ հանգամանքներն են, ըստ էության, նպաստել, որ վստահորդիս հոգեհուզական վիճակն այդպես լարվի. թշնամու պարբերական հարձակումներ, մի քանի օր առաջ տեղի ունեցած մարտական գործողություններ, հենց այդ դիրքի ուղղությամբ դիվերսիոն հարձակումներ: Այդ ամենը նպաստել է, որ մարդը ընկնի հոգեհուզական վիճակի մեջ, որ տվյալ հատվածում հնարավոր է հակառակորդի զինվոր լինի, որը կարող է իրենց վնաս տալ: Հենց դա պարզելու համար են իրենք դուրս եկել խրամատում շրջայց կատարելու, պատահական դուրս չեն եկել խրամատում ման գալու: Ու այդտեղ էլ դիրքի ավագը (սպանվածը) խախտում ունի, որովհետեւ նման շարժ նկատելու դեպքում, պետք է իր վերադասին զեկուցեր, համապատասխան հրահանգ ստանար, նոր զինվորներին ուղղորդեր՝ եկեք խրամատում շրջենք»:

Փաստաբանի խոսքով, խախտում է դրվել նաեւ իր պաշտպանյալի վրա. «Իմ պաշտպանյալի վրա, որպես կանոնի խախտում, միայն նշանաբառ չօգտագործելու մասով է դրված: Ըստ կանոնագրքի՝ նման իրավիճակներում պետք է տվյալ դիրքի ծառայակիցը նշանաբառ գոռա, որ պատասխանն էլ ստանա, բայց եթե դիրքը նշանաբառ չի ունեցել, հետեւաբար, մարդն ի՞նչ գոռա: Ինչպես կարող են ասել խախտում ես թույլ տվել, եթե ինքը չգիտեր՝ ինչ նշանաբառ կար: Նշանաբառի վերաբերյալ այդ թերթիկը ստորագրվել է դեպքից հետո, ոչ թե առաջ, որ մարդն իմանար՝ նշանաբառը որն է: Պարզից էլ պարզ է, որ հրամանատարական կազմն այդ թերությունն իր վրայից չեզոքացնելու նպատակով դեպքից հետո է բերել այդ փաստաթուղթը ստորագրել տվել մարտական հերթապահության անձնակազմին, իրենք էլ դողդողացող ձեռքերով, իրենց համար անսովոր վիճակում ստորագրել են: Փորձագետը նման եզրակացություն է տվել, որ նման իրավիճակ է եղել բոլոր ստորագրողների մոտ» :

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031