ԵՄ արտաքին հարաբերությունների և քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը ափսոսանք է հայտնել, որ Ադրբեջանը և Թուրքիան որոշել են բաց թողնել Եվրոպական քաղաքական խորհրդի երրորդ գագաթնաժողովը, որն անցկացվում է Իսպանիայի Գրանադա քաղաքում։ Ինչպես հաղորդում է «Ալ-Ջազիրա»-ն, այս մասին Բորելը հայտարարել է լրագրողների հետ զրույցում։
«Ամոթ է, որ Ադրբեջանը այստեղ չէ, ամոթ է, որ Թուրքիան՝ Ադրբեջանին աջակցող հիմնական երկիրը, նույնպես այստեղ չէ։ Հետևաբար, մենք այստեղ չենք կարողանա խոսել այնպիսի լուրջ բանի մասին, ինչպիսին այն փաստն է, որ ավելի քան 100,000 մարդ հարկադրված լքել է իր տունը և փախել ռազմական ուժի գործողությունից»,- ասել է Բորելը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրաժարվել է Գրանադայում Եվրոպական քաղաքական խորհրդի գագաթնաժողովի շրջանակներում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ բանակցություններից։
Բորելը միևնույն ժամանակ Բրյուսելում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև նոր հանդիպումներ կազմակերպելու հույս է հայտնել։
Կարդացեք նաև
«Հուսով եմ, որ Բրյուսելում հնարավոր կլինի հանդիպումներ կազմակերպել Հայաստանի և Ադրբեջանի միջև, ինչն անհրաժեշտ է, որպեսզի հակամարտությունը չընդլայնվի։ Բացի այդ, անհրաժեշտ է հասնել քաղաքական կայունացման Հայաստանում»,- ասել է Բորելը։