Լրահոս
Օրվա լրահոսը

Իշխանությունը զավթելու փորձի գործով ներգրավված մի անձի Բազեյանը հեռացրել էր օգոստոսին իր կազմակերպությունից

Հոկտեմբեր 05,2023 14:09

Երկու ամսով կալանավորված ԵԿՄ նախկին փոխնախագահ Ալբերտ Բազեյանի պաշտպանական կողմը բողոքարկել է կալանքի միջնորդությունը:

Հիշեցնենք, որ ԱԱԾ-ն ավելի վաղ հայտնել էր, որ սեպտեմբերի 23-ին Բազեյանը և «Խաչակիրներ» ռազմահայրենասիրական կազմակերպության ևս 7 անդամ ձերբակալվել են իշխանությունը զավթելու փորձի գործով:

Գեորգի Մելիքյան

Aravot.am-ը Բազեյանի պաշտպան Գեորգի Մելիքյանից հետաքրքրվեց՝ քրեական վարույթի շրջանակում կա՞ն կոնկրետ անձինք, որոնք ցուցմունք են տվել Բազեյանի դեմ: Ի պատասխան՝ փաստաբանն ասաց. «Ապացույցներ կան, որոնք կեղծվել են պարոն Բազեյանի մասով: Կեղծ ապացույցների հիման վրա են փորձում մեղադրանքը հիմնավորել: Ընդ որում՝ փաստացի տեսագրությամբ ամրագրված ցուցմունքներից չբխող համառոտագրված կեղծ ցուցմունքների հիման վրա է պարոն Բազեյանի մեղադրանքը կառուցված: Այդ ապացույցների մեջ մի ցուցմունք է, այդ ցուցմունքի տեսագրության ու համառոտագրության մեջ առկա են էական տարբերություններ: Էական տարբերությունների մեջ է, որ փորձում են պարոն Բազեյանին ինչ-որ կերպ առնչություն տան, հանգամանքները կեղծված են: Ցուցմունք տված անձը պատմում է, որ լսել է, որ պարոն Բազեյանը կապ ունի, որ լսել է: Այսինքն՝ ամբողջ մեղադրանքը այդ լսելու վրա է, ինքը ոչ տեսել է, ոչ խոսել է, այդ լսելու մասն էլ, երբ քննիչը համառոտագրել է, փաստացի կեղծել է: Տեսագրության մեջ չարտասանված, չարտահայտված ձեւակերպումներով էլ դատարանը կալանքի միջնորդությունը բավարարելուց փորձեց փաստել հիմնավոր կասկածի առկայությունը»:

Փաստաբանից նաեւ հետաքրքրվեցինք՝ ինչ է Ալբերտ Բազեյանը հայտնել ԱԱԾ-ի կողմից հայտնաբերված ու առգրավված զենք-զինամթերքի, ռացիաների եւ այլ իրերի մասին: «Ինքը դրանց հետ ընդհանրապես որեւէ առնչություն չունի, որեւէ ապացույցի նշույլ նույնիսկ չկա, որ ինքը դրանց հետ առհասարակ կապ ունի, նույնիսկ այդ անձանց հետ, բացառությամբ մեկի, ում ինքը օգոստոսին իր կազմակերպությունից հանել է: Վերջինս այդ խմբի անդամ է եղել, փորձում են իրար հետ կապելով դարձնել, որ Բազեյանն էլ կապ ունի նրանց պլանավորած գործողությունների կամ արարքների հետ»,- ասաց փաստաբանը:

Մեր հարցին՝ ում մասին է խոսքը, փաստաբանը պատասխանեց՝ տվյալներ չի կարող հրապարակել:

Փաստաբանը նաեւ չասաց, թե կոնկրետ ովքեր են կալանավորված խմբի մյուս անդամները, ասաց՝ նախաքննական գաղտնիք է: Պարոն Մելիքյանի խոսքով, այս փուլում միջնորդել են որոշակի քննչական գործողություններ՝ առերեսումներ, երբ դրանք տեղի ունենան, իրենք ավելի անկաշկանդ կմանրամասնեն ՝ ինչը ոնց է եղել:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031